Շիլաջյանը՝ «Ռուսական ֆիլհարմոնիայի» ստեղծման, ՌԴ նախագահից ստացած մեդալի եւ հանդիսատեսի հանդեպ սիրո մասին

Մշակութային

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն ԳԱՅԱՆԵ ՇԻԼԱՋՅԱՆԸ պարգեւատրվել է «Մշակույթի եւ արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար» մեդալով։

Գայանե Շիլաջյանը ՌԴ վաստակավոր մշակույթի գործիչ է, Մոսկվայի կառավարության մրցանակի դափնեկիր, ինչպես նաեւ Մոսկվայի պատվավոր արվեստի գործիչ։ «Իրավունք»-ը բացառիկ զրույց ունեցավ նրա հետ` իր կյանքի, աշխատանքի եւ ստեղծագործական ուղու մասին։

«ԾՆՈՂՆԵՐՍ ԻՆՁ ԶՐԿԵՑԻՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ, ԲԱՅՑ ՈՐՈՇԵՑԻՆ ԻՄ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»

Շնորհավորում ենք Ձեզ՝ պարգեւատրվելու կապակցությամբ: Ի՞նչ հույզեր ապրեցիք, երբ իմացաք այդ մասին:

Ինձ համար սա, անկասկած, շատ նշանակալի իրադարձություն է կյանքում։ Հաճելի է, որ իմ գործունեությունը Ռուսաստանի հսկայական մշակութային աշխարհում արժանացավ ամենաբարձր մակարդակի գնահատականին՝ մեր նախագահի կողմից։ Սա, իհարկե, ոգեշնչում է եւ ուժ է տալիս՝ մեր ունկնդրի եւ հանդիսատեսի համար նոր նախագծեր ստեղծելու։ Չեմ թաքցնի, շատ հաճելի է։

Ո՞ր տարիքում առաջին անգամ զգացիք ձգողականություն դեպի երաժշտությունը:

Երաժշտության հետ իմ ծանոթությունը, կարելի է ասել, հարկադրական էր։ Չէի ասի, որ ես ինչ-որ սեփական ձգողականություն ունեի դեպի երաժշտությունը։ Ո՞ր նորմալ երեխան է մանկության տարիներին ունենում սովորելու գիտակցված ցանկություն։ «Մայակի» ազդանշանները մաքուր ինտոնացիայով սկսեցի երգել մեկ տարեկանում։ Երեք տարեկանում հաղթեցի մանկապատանեկան երգի ինչ-որ մրցույթ. հիշում եմ՝ միկրոֆոնին չէի հասնում, ինձ աթոռակի վրա էին կանգնեցնում։ Եվ երբ լրացավ իմ հինգ տարին, իմ մանկությունը վերջացավ. մայրս տարավ ինձ երաժշտական դպրոց։ Այդ պահից, ինչ-որ առումով, ծնողներս ինձ զրկեցին մանկությունից, բայց որոշեցին իմ ճակատագիրը: Իհարկե, հոգուս մեջ լուռ բողոք կար, որովհետեւ, մինչ բոլոր երեխաները զբոսնում էին, խաղում, զվարճանում, ես պետք է գամմաներ նվագեի եւ զբաղվեի օրական 5-6 ժամ՝ առանց հանգստյան օրերի։ Բայց մենք դաստիարակվել էինք խստությամբ, եւ ես անընդհատ լսում էի «Առանց աշխատանքի լճից ձուկ էլ չես հանի» արտահայտությունը։ Մանկուց այսպիսի կոփվածություն ունեմ՝ հույսդ միայն քո վրա դիր։

Պատմեք Ձեր ծնողների մասին. ովքե՞ր էին նրանք, ինչո՞վ էին զբաղվում:

Մասնագիտորեն իմ ծնողները երաժշտության հետ կապված չէին, նրանք երաժշտասերներ էին, բայց շատ էին ուզում, որ ես դառնամ պրոֆեսիոնալ երաժիշտ։ Մայրս բժիշկ է, իսկ հայրս՝ երկաթուղային, մենք ունենք երկաթուղայինների ամբողջ դինաստիա, հայրս նաեւ առաջին կոմունիստներից էր երկաթուղում։ Այո, դա մորս երազանքն էր. աղջիկը լինի երաժիշտ։

Նրանք ինչպե՞ս արձագանքեցին, երբ որոշեցիք զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ:

Իսկ ես ընտրություն չունեի... Իրականում ես շատ օժտված եւ երաժշտական երեխա էի, լավ տեխնիկայով, գերազանց լսողությամբ եւ ֆոտոգրաֆիկ հիշողությամբ։ Պարզապես չէի սիրում նստել դաշնամուրի մոտ եւ պարապել, ինձ մոտ ամեն ինչ բավական արագ էր ստացվում, եւ ես չէի հասկանում, թե ինչու պիտի կրկնեի նորից ու նորից։ Օրինակ՝ Լիստի, Ռախմանինովի, Սկրյաբինի բավական բարդ ստեղծագործությունները, որոնք քչերն են վաղ տարիքում իմաստալից կատարում, ինձ մոտ տրվում էին բավական հեշտ, գիտակցաբար եւ վիրտուոզ։ Երբեք չեմ հավատա, եթե մեկը հակառակն ասի, թե մանկուց սիրել է երաժշտությամբ եւ սոլֆեջիոյով զբաղվել։ Իրապես, գիտակցաբար երաժշտությունը քո կյանք է մտնում 25 տարեկանից հետո, բայց դա սպորտի նման է. պետք է զբաղվել մանկուց, ամեն օր եւ առանց արձակուրդների։ Հակառակ դեպքում, կկորցնես ոսկե ժամանակը։ Երբ ես ստացա երաժշտական դիպլոմը, տարա մորս մոտ, ընդմիշտ փակեցի դաշնամուրի կափարիչը, իսկ հետո գնացի երկրորդ բարձրագույն կրթություն ստանալու։

«2000 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԵՆՔ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲՆ ԵՆՔ»

Լուսանկարում՝ Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախումբը

Ի՞նչը խթան հանդիսացավ 1998 թվականին Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախումբը ստեղծելու գաղափարի համար

– 1998 թվականի մայիսին ես «Գելիկոն-օպերա» թատրոնից տեղափոխվեցի ТВ -6 Մոսկվա հեռուստաալիք՝ որպես «Ռուսական Ֆիլհարմոնիա ТВ -6 Մոսկվա» նվագախմբի տնօրեն։ Երեք ամիս անց՝ 1998 թվականի օգոստոսին, տեղի ունեցավ դեֆոլտ, նվագախմբի ֆինանսավորումը ալիքի կողմից դադարեցվեց, իսկ շուտով անհետացավ նաեւ հենց ТВ-6 ալիքը։ Դա ինձ ստիպեց մտածել, թե ինչ անել կոլեկտիվի հետ հետագայում՝ արձակե՞լ, թե՞ ելք փնտրել իրավիճակից։ 1998 թվականի սեպտեմբերին ես առաջին նամակն ուղարկեցի Մոսկվայի քաղաքապետին, որն այդ ժամանակ Յուրի Միխայլովիչ Լուժկովն էր, առաջարկելով ստեղծել Մոսկվա քաղաքի պաշտոնական նվագախումբ «Ռուսական Ֆիլհարմոնիա ТВ -6 Մոսկվա» նվագախմբի հիմքի վրա։ Իմ գաղափարին աջակցեցին, եւ 2000 թվականից մենք Մոսկվա քաղաքի պաշտոնական նվագախումբն ենք։

Պատմեք նվագախմբի առաջին համերգի մասին. ինչպե՞ս անցավ այն, ի՞նչ հույզեր ապրեցիք:

Երբ 2000 թվականի ապրիլին դուրս եկավ Մոսկվա քաղաքի «Ռուսական Ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման մասին պաշտոնական որոշումը, այդ ժամանակ էլ ապրեցի իմ ամենագլխավոր հույզերը։ Հեկեկում էի։ Նվագախմբից առաջ ես ավելի քան 10 տարի աշխատել եմ Մոսկվայի օպերային թատրոններում՝ «Նովայա Օպերա», «Գելիկոն-օպերա», եւ նվագախմբի ստեղծումն ինձ համար նոր բան էր։ Աշխատանքի նոր սպեցիֆիկա, երգացանկ, բազմաթիվ նրբերանգներ օպերային թատրոնի եւ սիմֆոնիկ նվագախմբի միջեւ, բայց այդ ամենը երաժշտություն է։ Մինչեւ ամեն ինչ հասկանաս ու իմանաս, տարիներ են անցնում։

Իսկ երբ 2001 թվականի մարտի 19-ին կայացավ մեր նվագախմբի պրեմիերա-ներկայացումը, ես նույնիսկ չհասկացա, որ մեր առաջին համերգը կայացավ՝ Մոսկվա քաղաքի նվագախմբի համերգը Կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Ինձ թվում է, ես նույնիսկ այդ պահին չգիտակցեցի, որ սա պատմական իրադարձություն է՝ Ռուսաստանի մայրաքաղաքի նվագախմբի ծնունդը։ Այնքան աշխատանք, ուժ եւ նյարդեր էին ներդրվել հենց նվագախմբի ստեղծման եւ հիմնադրման գործում, այնքան ստորջրյա խութեր պետք է հաղթահարեի… Եվ հետո շատերը հայտնվեցին, ովքեր ցանկանում էին իրենց ձեռքը վերցնել արդեն պատրաստի նվագախումբը, ստիպված եղա շատ դժվարություններ հաղթահարել, շատ դիրիժորների հետ բաժանվել, բայց գլխավորն այն է, որ մենք վերջերս նշեցինք մեր 25-ամյակը, եւ ես կարծում եմ՝ անձամբ իմ վաստակն է, որ «Ռուսական Ֆիլհարմոնիա» նվագախմբի բրենդը լավ հայտնի է ոչ միայն Մոսկվայում, Ռուսաստանում, մենք լավ հայտնի ենք մեծ երաժշտական աշխարհում։ Ահա սա եմ համարում իմ գլխավոր նվաճումը… որդուցս հետո։

Ձեր գլխավոր դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն իտալացի է, ով վաղուց աշխատում է Ռուսաստանում։ Ինչպե՞ս է կառուցվում փոխգործակցությունը օտարազգի երաժիշտների եւ դիրիժորների հետ:

Ֆաբիո Մաստրանջելոն արդեն շատ վաղուց Ռուսաստանի քաղաքացի է, նա ընտանիք ունի Սանկտ Պետերբուրգում, երեխաներ։ Իսկ մեր արտասահմանյան արտիստները, ովքեր, չնայած աշխարհում ստեղծված ծանր իրավիճակին, շարունակում են պարբերաբար գալ մեզ մոտ եւ ելույթ ունենալ «Ռուսական Ֆիլհարմոնիա» նվագախմբի հետ, նրանք առանձնահատուկ հարգանք են ներշնչում, այդպես են վարվում իսկական ընկերները։ Ընդ որում, սրանք ամենաբարձր մակարդակի արտիստներ են, ովքեր հայտնի են աշխարհում, վարում են ակտիվ համերգային գործունեություն. Բելինդա Դեւիդս, Դոմենիկ Ուորեն, Դանտանիո՝ Հարավային Աֆրիկայից, Ռոբերտո Մոլինելլի, Սիմոնե Ռոմանատո, Ֆաբիո Կուրտո եւ Կլարիսսա Վիկի՝ Իտալիայից։

«ՈՐԴԻՍ ՍԻՐԱՀԱՐՎԵՑ ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ»

Ո՞վ է Ձեր սիրելի հայ երաժիշտը:

Սիրելի եւ մեծ երաժիշտներ Արամ Իլյիչ Խաչատրյանը, Առնո Հարությունի Բաբաջանյանը։ Այդպես ստացվեց, որ իմ հորեղբայրը՝ կոմպոզիտոր Անդրեյ Բաբաեւը, ապրում էր նրանց հետ Կոմպոզիտորների նույն տանը, ավելին՝ նույն մուտքում։ Նրանք ոչ միայն հարեւաններ էին, այլեւ` լավ ընկերներ։ Այն ժամանակ ընդունված էր միմյանց տուն գնալ, եւ երբ ես փոքրիկ աղջիկ էի, մենք ծնողներիս հետ հաճախ էինք գնում հորեղբորս տուն, իսկ այնտեղ հավաքվում էր մոսկովյան երաժշտական կյանքի ամբողջ վերնախավը։ Հաճախ էին գալիս Առնո Հարությունովիչը իր որդի Արայիկի հետ, Արամ Իլյիչը, Վիշնեւսկայան Ռոստրոպովիչի եւ դուստրերի հետ։ Այսպիսով, ինձ բախտ վիճակվեց անձամբ ծանոթ լինել այս մեծագույն երաժիշտների հետ, թեեւ անգիտակից տարիքում, որոնք միշտ ինձ խնդրում էին իրենց համար ինչ-որ բան նվագել դաշնամուրով, իսկ ես ահավոր չէի սիրում դա անել, բայց նստում էի ու նվագում, հիշում եմ…

Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում:

Մոտ երկու տարի առաջ ես եկա իմ որդու հետ՝ ցույց տալու նրան Հայաստանը եւ հարազատների գերեզմանները։ Անմոռանալի ուղեւորություն էր, որդիս սիրահարվեց իր պատմական հայրենիքին, հրաշալի Երեւանին, Գյումրիին, Դիլիջանին, եւ գլխավորը՝ որդիս ստացավ այնքան ջերմություն մարդկանցից եւ հենց Հայաստանի մթնոլորտից։ Ցավոք, այդ ժամանակ Սուրբ Էջմիածինը դեռ փակ էր, բայց մենք անպայման էլի շատ անգամ կգանք։ Հայաստանը մեզ համար ուժի վայր է։ Ես անմիջապես հիշեցի մանկությունից հայերեն բառեր։ Մենք ընդամենը 3 օր էինք, բայց հասցրինք շատ բան տեսնել եւ նույնիսկ գնալ Լենինական (Գյումրի)՝ մեր հարազատների գերեզմանին։ Հիմա սպասում ենք, երբ որդուս աղջիկը մեծանա, անպայման կգանք։

Լուսանկարում՝ Գայանե Շիլաջյանը՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց Թեմի Առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:

Հայկական ո՞ր տոներն եք առանձնահատուկ գնահատում եւ ինչպե՞ս եք դրանք նշում:

Իհարկե, դա տոն չէ, բայց սա մեր գլխավոր հիշատակի օրն է՝ Հայոց ցեղասպանության օրը։ 2025 թվականին՝ Հայոց ցեղասպանության 110-ամյակի առթիվ, ես համերգ կազմակերպեցի Մոսկվայի Հայոց թանգարան «Տապան»-ում՝ Սպենդիարյանի օպերային թատրոնի երաժիշտների եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ միասին։

Հայկական Զատիկն է ինձ շատ դուր գալիս եւ նաեւ ամառային Վարդավառ տոնը, հատկապես, թե ինչպես են այն նշում Մոսկվայի հայերը։ Օրինակ, Հայկական եկեղեցու մոտ ջրցան մեքենայից ջուր են լցնում անցնող մեքենաների վրա։ Զվարճալի տոն է։

Կպատմե՞ք Հայաստան կատարած Ձեր վերջին այցելությունից ստացած տպավորությունների մասին:

Հիմա սկսեմ գիտակցաբար խոստովանել իմ սերն ու հարգանքը հայ ազգի հանդեպ։ Ես կարծում եմ, որ հայերը ամենահանճարեղ մարդիկ են բոլոր ազգությունների մեջ։ Աներեւակայելի աշխատասեր, շատ շնորհալի, խելացի եւ մեգատաղանդավոր բոլոր բնագավառներում՝ բժիշկներ, գիտնականներ, կոմպոզիտորներ, երաժիշտներ, նկարիչներ, վոկալիստներ։ Օրինակ՝ «Ձայնը» շոուն, ո՞վ է այնտեղ ամենաձայնեղը։ Մերաբովան, Պոզոյանը, Խաչարյանը՝ մեր հայերը։ Այդպես շարունակե՛ք։ Հիանում եմ եւ սիրում եմ։

Ի՞նչն է Ձեզ ամենից շատ ուրախացնում եւ ի՞նչն է անհանգստացնում:

Ամբողջ աշխարհը մտել է պատերազմի փուլ, ամենուր հրդեհ է, սա ամենասարսափելին է։ Հիշում եմ, թե ինչպես մայրիկն ու հայրիկը, ովքեր վերապրել էին Երկրորդ համաշխարհային պատերազմը, միշտ ասում էին. «Գլխավորը, որ պատերազմ չլինի»։ Երբ տեսնում ես ավերված տներ, երբ տեսնում ես դժբախտ երեխաների, ովքեր կորցրել են ծնողներին եւ կորցրել են ամեն ինչ, սրանից սարսափելի բան չկա։ Ավելի սարսափելի բան չկա, քան կորցնել մտերիմ մարդկանց եւ կորցնել քո տունը։ Ահա սա է ամենասարսափելին։

Իմ համոզմունքն է, որ երեխաները չպետք է լաց լինեն ցավից ու սարսափից, ցրտից ու սովից։ Երեխաները պետք է ծիծաղեն եւ ապրեն խաղաղ աշխարհում։ Իսկ իմ ամենամեծ ուրախությունը իմ սպասված թոռնուհին է եւ նրա ծնողները։ Նրանք իմ գլխավոր խթանն են երկար ապրելու։ Եվ, իհարկե, մեր «Ռուսական Ֆիլհարմոնիայի» հանդիսատեսը, նրանք, ովքեր գալիս են մեր համերգներին՝ դրական հույզերի եւ երաժշտության տոնի համար։ Սա մեզ համար գլխավոր խթանն է բարեխղճորեն աշխատելու։

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ արտիստներին, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը բեմում:

Օ՜, սա դժվար է։ Ամենակարեւորը՝ ցանկացած ստեղծագործողի համար գտնելն է ինքն իրեն։ Մի՛ սիրիր ինքդ քեզ արվեստում։ Գտիր այն, ինչով կարող ես հետաքրքիր լինել հանդիսատեսին։ Մի՛ ստեղծիր քո արվեստը բացառապես բեմում գտնվելով, այլ նստիր եւ դիտիր քո արարչագործության ձայնագրությունը որպես հանդիսատես, անկողմնակալ հանդիսատես՝ սառը գլխով եւ մշակութային աֆիշայում հսկայական քանակությամբ այլ մրցակիցներով։ Ինչո՞վ ես հետաքրքիր լինելու հանդիսատեսին, որպեսզի հանդիսատեսը քվեարկի քո օգտին եւ ծախսի իր ժամանակն ու գումարը հենց քո վրա եւ մնա գոհ, որպեսզի գա նորից ու նորից։

Արտիստի համար անհրաժեշտ է պահանջկոտ լինել իր նկատմամբ, թույլ չտալ շուկայականություն, ընդունել ինքդ քո սխալները։ Հիշե՛ք՝ հանդիսատեսը ամեն ինչ նկատում է, ամեն ինչ, նույնիսկ գուլպաների գույնը կամ երաժիշտների միջեւ զրույցը՝ բեմի խորքում համերգի ժամանակ։ Ամեն ինչ։ Դահլիճում ինձնից վատ հանդիսատես չկա, սա պրոֆեսիոնալ դեֆորմացիա է, ես հաճախ վերանայում եմ, վերալսում մեր բոլոր համերգները եւ հասնում եմ նրան, որ «Ռուսական Ֆիլհարմոնիա» նվագախմբի յուրաքանչյուր ելույթ լինի բացարձակապես իդեալական ամեն ինչում. հենց համերգի ծրագիրը, ով, ինչպես եւ ինչ է կատարում, կոստյումները, լույսը, ձայնը, աֆիշաները, հայտարարությունները, գովազդը՝ ամեն ինչ։ Ուզում ես, որ լավ լինի, արա ինքդ կամ անընդհատ վերահսկիր։ Բոլոր երիտասարդ արտիստներին մաղթում եմ պերֆեկցիոնիստ լինել իրենց եւ իրենց արվեստի նկատմամբ։ Բոլորին խաղաղություն, սեր, վաստակած ծափահարություններ, խլացուցիչ անշլագներ եւ երջանիկ տարիների շատություն բեմի վրա։

Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք այս տարի:

2025-2026 սեզոնը մեզ համար հոբելյանական է, շատ պրեմիերաներ են լինելու, որոնցից են «Երազանքն իրականանում է» նախագիծը՝ ռուս հայտնի կոմպոզիտորների սիրված եւ հանրահայտ մեգահիթերը՝ Յուրի Անտոնովի, Իգոր Կրուտոյի, Իգոր Նիկոլաեւի, Լեոնիդ Ագուտինի. «Օրգան-Գալա Ave Maria» համերգը, որն ինքնին խոսուն է։ Շատ ակտիվ հունիս է սպասվում,. պատրաստվում ենք առաջնախաղի: Առաջին անգամ Մոսկվա է գալիս ավստրալիացի երաժիշտ, երգիչ եւ դաշնակահար Սի Ջեյ Մարվինը «Elton show»-ով, իհարկե, «Ռուսական Ֆիլհարմոնիա» նվագախմբի հետ։ Հոյակապ է լինելու:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում