Երբեք կրծքերն այսքան քաղաքականացված չեն եղել. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ իր առաջնորդած նախընտրական ցուցակի անդամների հետ օրերս կանգնել է Սեւան-Դիլիջան թունելի մոտ եւ հանդիսավոր տոնով հայտարարել, թե այն շահագործման է հանձնվել 2004 թվականին՝ առանց պետական պարտքը մեկ դրամով ավելացնելու։ Ակնարկը պարզ է՝ իբրեւ իր իշխանության տարիներին երկիրը թունելներ էր կառուցում, մեգանախագծեր իրականացնում, զարգանում էր։ Բայց, ինչպես ասում են, «սատանան մանրուքների մեջ է»։ Հիշեցնենք, որ այս թունելի շինարարությունը սկսվել է ոչ թե Քոչարյանի օրոք, այլ դեռ Խորհրդային տարիներին՝ 1970 թվականին: Իսկ 1992 թվականին դադարեցվել է՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Այնուհետեւ վերսկսվել է շինարարությունը Հայաստանի ազգային հերոս Քրք Քրքորյանի հիմնած «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ այդ նպատակով հատկացվել է 6,7 միլիոն դոլար: Այսինքն՝ 2000-ականներին կատարված աշխատանքները, որքան էլ կարեւոր լինեն, ավելի շատ ավարտական շտրիխների էին նման՝ ներսի ասֆալտապատում, հարդարում, տեխնիկական գործարկում, բայց դա էլ արվել է Քրքորյանի շնորհիվ: Մինչդեռ նախընտրական շրջանում թունելի գոյության համար գովերգում են ոչ թե Սովետն ու Քրքորյանին, այլ` Քոչարյան Ռոբերտին:
Իսկ այն, ինչ ասել է ՔՊ-ական պատգամավոր ԱՐՈՒՍՅԱԿ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԸ, շարունակում է ոչ միայն զարմացնել, այլեւ` զայրացնել: «Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից՝ չի կարող այնպես լինել, որ մարդը կատարի քրեական օրենսգրքով արգելված արարք եւ, հղում անելով իր կրծքերին, ասի՝ ինձ չպետք է ձերբակալեն», - այս մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավորը՝ անդրադառնալով կրծքով կերակրող մորը բերման ենթարկելու փաստին։ Ըստ Ջուլհակյանի. «Երբեք կրծքերը եւ նրանց կիրառելիությունը կոնկրետ իրավիճակներում չեն կարող ինդուլիգենցիա լինել»: Անդրադառնալով այս խայտառակ խոսույթին՝ Անուշ Պողոսյանը գրում է. «Երբ արժանապատվությունը փոխարինվում է ցածր մակարդակի խոսույթով, դա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ արժեքների բացակայություն։ Կինը կնոջ նկատմամբ նման վերաբերմունք դրսեւորելով՝ ոչ թե ուժեղ է թվում, այլ պարզապես ցույց է տալիս իր սահմանները… Մի ժամանակ հայ կնոջը պաշտում էին։ Հիմա՝ թիրախավորում են։ Մի ժամանակ մայր լինելը սրբություն էր։ Հիմա՝ նույնիսկ կերակրող մայրն է դարձել հարձակման օբյեկտ։ Սա պարզապես անտակտ պահվածք չէ։ Սա արժեքների համակարգի փլուզում է։ Ի դեպ, այս կինը երեխաներ չունի, ուստի՝ եկեք մաղթենք, որ ինքն էլ մայրական բերկրանք ապրի, այլ ոչ թե «կրծքերը զբաղված լինեն»:
Մեզ չի դադարեցնում զարմացնել Եվրոպան, որն ուղիղ միջամտում է այլ երկրի ներքին գործերին, բայց հայտարարում է, թե իբրեւ հենց ինքն է առաջամարտիկն այլ երկրների կողմից ուրիշ երկրների ներքին գործերին միջամտելու դեմ պայքարի հարցում: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան ՎԱՍԻԼԻՍ ՄԱՐԱԳՈՍԸ՝ ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Թերեզա Վորլովայի հետ, ապրիլի 20-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Դեսպան Մարագոսը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքից, ինչպես նաեւ ԿԸՀ-ի եւ ՄԱԶԾ-ի համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքից: Սա նույնն է, որ ֆինանսավորես մի միջոցառում, նախօրոք գնաս եւ թամադայի հետ պայմանավորվես՝ ով քանի երգ է երգելու, ում կենանցն են խմելու, ինչ խաղեր են խաղելու ու ինչ պարեր են պարելու: Դե, իհարկե, կարեւորը՝ պարացանկում ռուսական «կալինկա» չլինի:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

