Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին
ՏեսանյութերԱպրիլի 20-ին կայացավ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության 28-րդ համագումարը, որի ժամանակ որոշվեց, որ ՍԻՄ-ը մասնակցելու է ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին: Ըստ կարգի` հաստատվեց կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների առաջին երեք տասնյակը:
ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանդես եկավ ծավալուն ելույթով՝ անդրադառնալով թե՛ կուսակցության մասնակցության դժվարին որոշմանը, թե՛ նախընտրական ծրագրային դրույթներին:
— 37 տարվա ընթացքում ՍԻՄ կուսակցությունը վեց անգամ եղել է Ազգային ժողովում: Վեց գումարման Ազգային ժողովում ներկայացրել է հարյուրավոր օրենքների, հայտարարությունների նախագծեր, մասնակցել է մի շարք կարեւորագույն որոշումների ընդունմանը։ Սակայն մեզ համար ամենամեծ նվաճումը եւ հպարտությունն այն է, որ մեր կուսակցությունը ՀՀ Անկախության հռչակագրի համահեղինակ է: Ավելին՝ հեղինակ է մասնավորապես՝ Արցախի վերամիավորման եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող կետերի, որոնք մտել են Անկախության հռչակագրի մեջ եւ այսօր Ադրբեջանի համար հանդիսանում են սարսափելի վտանգավոր, Թուրքիայի համար` ահռելի վտանգավոր կետեր։ Մեր կուսակցությունը, որպես այդ կետերի հեղինակ, ծանր քննարկումների արդյունքում դեռեւս այն ժամանակ ՀՀ Գերագույն խորհրդում կարողացավ անցկացնել Անկախության հռչակագիրը։ Այդ իսկ պատճառով մեզ համար այսօր շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք մեր կուսակցությունով պաշտպանել Անկախության հռչակագիրը, եւ մեր նախընտրական կոչն է՝ մենք կողմ ենք ՀՀ Անկախության հռչակագրին եւ դեմ ենք, ոչ ենք ասում տարբեր տեսակի ռեւիզիոնիստներին եւ նրանց, ովքեր խաթարում են Հայաստանի անկախության սյուները, այսինքն` ներկայիս իշխանությանը։
«ԿՈՂՄ ԵՆՔ ԱՐՑԱԽԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ, ՈՉ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ ՈՒ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻՆ»
Հայկ Բաբուխանյանն իր ելույթում հատուկ անդրադարձ կատարեց Արցախի հարցին, ինչի վերաբերյալ ընտրություններին մասնակցող շատ քաղաքական ուժեր լռում են:
— Մեր կուսակցությունը կանգնած է Արցախյան շարժման ակունքներում։ Մենք ստեղծվել ենք 1989 թվականի ապրիլի 4-ին: ՍԻՄ կուսակցությունը հիմնադրվել է Արցախյան շարժման վերելքի ալիքի վրա։ Այդ օրվանից սկսած մինչեւ այսօր մեր կուսակցությունը կանգնած է Արցախի եւ արցախցիների` որպես Հայաստանի անբաժան մասի իրավունքների պաշտպանության դիրքերում։ Մենք հանդիսանում ենք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Արցախի եւ Հայաստանի ԽՍՀ-ի վերամիավորման որոշման հեղինակը, եւ այդ որոշումը թույլ տվեց միավորել Արցախը, դարձնել այն Հայաստանի անբաժանելի մաս։ Սակայն, այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը փոխեց մարտավարությունը, անցավ, այսպես ասած, անկախ Արցախի գաղափարներին, թեեւ որոշումը մնաց ուժի մեջ եւ այսօր էլ ուժի մեջ է: Տեր-Պետրոսյանի կառավարությունն Արցախը անկախացրեց Հայաստանից, մինչդեռ Արցախն արդեն Հայաստանի մաս էր, եւ այդ վտանագավոր գաղափարախոսությունը մտցրեց մեր ժողովրդի գլուխները, թե իբր՝ Արցախը պետք է լինի անկախ: Իսկ ինչո՞ւ չպետք է այդ դեպքում լիներ անկախ Լոռին, Սյունիքը, Շիրակը եւ այլն։
Այդ տարանջատումն էր, որ բերեց այսօրվա ցավագին հետեւանքներին, բայց մեր կուսակցությունը միշտ պնդել է` Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, այն կարողացել է ամրագրել Անկախության հռչակագրում, իսկ Անկախության հռչակագիրը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության անբաժանելի ու անքակտելի մաս, հետեւապես այսօրվա ՀՀ օրենսդրությամբ Արցախը հանդիսանում է Հայաստանի մաս: Եվ երբ այս ապօրինի եւ հանցավոր իշխանությունները գնացին պարզապես դավաճանության ու Պրահայում Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի միության եւ այլ արեւմտյան ուժերի ճնշման ներքո, ի հեճուկս Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ հռչակեցին Արցախն իբրեւ Ադրբեջանի կազմում, կատարեցին պետական դավաճանություն: Սա պետական հանցագործություն էր, որով խախտեցին ՀՀ Սահմանադրությունը։
Մենք այն կուսակցությունն ենք, որ ասում ենք` մենք կողմ ենք Արցախի իրավունքների վերականգնմանը. ո՛չ դավաճաններին ու դասալիքներին։ Արցախի վերաբերյալ մեր կուսակցությունն ունի շատ հստակ հրապարակված, օրերս մամուլում վերահրապարակված ծրագիր։ Ասեմ, որ այսօրվա հիմնական քաղաքական դերակատարներից ոչ ոք չի նշում` ինչպիսի՞ ծրագիր ունի Արցախի վերաբերյալ։ Մենք նշում ենք հետեւյալը՝ պահանջում ենք Արցախի բնակիչների վերադարձ Արցախ, Արցախին քաղաքական անվտանգության տրամադրում, քաղաքական ինքնուրույնության, սուբյեկտայնության տրամադրում եւ վերականգնում։ Մենք կողմ ենք, որպեսզի Ռուսաստանի խաղաղապահ զորքերը վերադառնան Արցախ, բայց դրա համար պետք է Հայաստանի իշխանությունը հայտարարի՝ համաձայն չէ, որ Արցախն Ադրբեջանի մաս է, եւ վերջապես մենք կողմ ենք, որ ճշգրտորեն կատարվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության կետերը: Մենք դրանով կվերականգնենք Արցախի քաղաքական սուբյեկտայնությունը, որովհետեւ այն միակ փաստաթուղթն է վերջին շրջանի, որտեղ Արցախի Հանրապետությունը նշված է՝ որպես քաղաքական ինքնուրույն սուբյեկտ։
«ԴԵՄ ԵՆՔ ԹՈՒՐՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ԱՅՍՕՐ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
Հաջորդ կարեւորագույն հարցը, ըստ ՍԻՄ կուսակցության նախագահի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, որը նույնպես Անկախության հռչակագրի պահանջներից մեկն է։
— Մենք կողմ ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրա համար փոխհատուցման գործընթացին։ Այո՛, ոչ միայն ճանաչում, այլ նաեւ փոխհատուցում, եւ մենք դեմ ենք թուրքի գործակալներին, ովքեր այսօր ներթափանցել են իշխանության մեջ: Մենք դեմ ենք, որպեսզի մեր պատմական կատաստրոֆան այսօր հանվի վաճառքի` Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար։
Մենք կողմ ենք Հայ առաքելական եկեղեցու հատուկ դերին։ Մենք պաշտպանում ենք Հայ առաքելական եկեղեցուն։ Մենք գտնում ենք, որ այն ինչ-֊որ իշխանությանը գալուց անմիջապես հետո Նիկոլը սկսեց թույլ տալ Հայ առաքելական եկեղեցու դեմ նույնպես ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտում է: Եկեղեցին տարանջատված է պետությունից, եւ երբ Նիկոլը եւ իր ոհմակն իրենց նախընտրական ծրագրում պաշտոնական ձեւով գրում են, որ նրանք պարզապես պատրաստվում են ոչնչացնել Հայ առաքելական եկեղեցու ամբողջ ինստիտուտը, հարձակվել կաթողիկոսական ինստիտուտի վրա, փոխել կաթողիկոսին, ինչ-որ նորարարություններ անել, սա ՀՀ սահմանադրական կետի կոպտագույն խախտում է: Մենք, իհարկե, սա թույլ չենք տա։ Ավելին, ես կոչ եմ անում իրավաբաններին հավաքվել եկեղեցու շուրջ եւ դատի տալ Նիկոլին, որովհետեւ այդպիսի կետ են նրանք մտցրել իրենց նախընտրական ծրագրում։ Նաեւ կոչ եմ անում եւ պահանջում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից չգրանցել այդ կուսակցության նախընտրական ցուցակը, որովհետեւ այն արդեն իսկ ապօրինի է, պարունակում է Սահմանդրության 2-րդ կետի խախտում, որը վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու հատուկ դերին ու նշանակությանը հայ հասարակության զարգացման մեջ։ Սահմանդրությունը նշում է, թե ինչքան կարեւոր է մեր Եկեղեցին մեր ինքնության պահպանման համար, եւ, փաստորեն, այդ կետը նույնպես դարձել է նիկոլականների ոտնձգության օբյեկտ։ Մենք պաշտպանելու ենք Առաքելական եկեղեցին, պաշտպանելու ենք եկեղեցու իրավունքները, պաշտպանելու ենք այն կետերը Սահմանադրության, որտեղ ֆիքսված է եկեղեցու դերը եւ նշանակությունը, ինքնուրույն աշխատելու իրավունքը։ Մենք ասում ենք նաեւ՝ ո՛չ աղանդավորականներին եւ նրանց, ովքեր փորձում են տարանջատում մտցնել հայ հասարակության հոգեւոր կյանքում։
Հայկ Բաբուխանյանն ընդգծեց, որ ՍԻՄ կուսակցությունը միշտ հանդես է եկել հայ ավանդական ընտանիքի եւ արժեհամակարգի օգտին, եւ այն եղել է 37 տարիների ընթացքում կուսակցության պաշտպանության կարեւորագույն սյուն:
— Բազմաթիվ սորոսականներ, ԼԳԲՏ-ականներ, այլ գրանտակերներ փորձում էին հարձակում գործել մեր ավանդական կերպարի, ավանդական ընտանիքի, ավանդական կենցաղի, կացութաձեւի վրա, եւ մենք միշտ ենք կռիվ տվել, դատերի ենք մտել, ցույցերի ենք մասնակցել, հանդես ենք եկել մեծ հոդվածներով, ստացել ենք հարվածներ անգամ ԵԽԽՎ-ից։ Եթե հիշում եք, կոնկրետ իմ անձի դեմ ընդունվել էր նույնիսկ բանաձեւ, թե «ինչքան վատն եմ» ես, որ պաշտպանում եմ հայ ավանդական համակարգը, արժեքահամակարգը։ «Իրավունքի» դեմ տասնյակներով դատեր էին սկսվել թերթի լուսահոգի խմբագիր Հովհաննես Գալանջյանի դեմ։ Ամեն օր 5-6 դատ էր ընթանում, իսկ մենք պաշտպանում էինք մեր իրավունքը՝ որպես ազգ ապրելու այնպես, ինչպես համարում ենք ճիշտ եւ ոչ թե այնպես, ինչպես մեզ թելադրում են դրսում։ Բայց եկան ուժեր, եկան ոչ թե մեր ժողովրդի ուզելով, այլ կազմակերպեցին հեղաշրջում, եւ այսօր նրանք թելադրում են մեզ հակառակը:
Մենք կողմ ենք քաղաքացիական իրավունքներին, որոնք ֆիքսված են մեր Սահմանադրության մեջ։ Բայց կողմ լինելով` ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն ե՛ւ աշխատանքի, ե՛ւ բուժօգնության, ե՛ւ արդար դատավարության, ե՛ւ ուսում ստանալու, բոլոր այն մարդու իրավունքների ցանկին, որը նշված է Սահմանդրությամբ։ Մենք դեմ ենք այն բռնապետությանը, որ այսօր պարզապես ծաղկում է։ ՀՀ բանտերում են գտնվում քաղաքական գործիչներ, եկեղեցական գործիչներ, լրագրողներ, ակտիվիստներ, եւ այս մթնոլորտը կոչվում է իբրեւ ազատ ընտրություններ։
«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՄԵՆԱՍԵՐՏ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ»
Հայկ Բաբուխանյանը հիշեցրեց, որ ՍԻՄ կուսակցություն մշտապես ասել է, որ մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ ամենասերտ դաշնակիցները։ Սա է ՍԻՄ-ի մշտապես հրապարակված եւ հայտարարված արտաքին քաղաքական վեկտորը:
— Ոմանք մեզ ասում էին՝ ռուսամետներ, բայց ես ասացի, որ մենք Հայաստանի անկախության եւ ինքնության կիզակետում գտնվող կուսակցություն ենք։ Մեր արտաքին քաղաքականությունն, այո՛, ուղղված է դեպի Ռուսաստան։ Ինչու, որովհետեւ Ռուսաստանը վերջին 200 տարվա ընթացքում ոչ միայն փրկեց հայ ժողովուրդին վերջնական կործանումից, այլեւ թույլ տվեց, որ մենք ձեւավորենք նախ ինքնուրույն քաղաքական միավորներ, հետո ինքնուրույն պետություն եւ այսօր անկախ պետություն ունենք՝ շնորհիվ Ռուսաստանի հետ մեր համագործակցության։ Այն սխալները, որոնք թույլ է տվել Հայաստանը թե՛ Առաջին հանրապետության ժամանակ, թե՛ այս վերջին 8 տարիների ընթացքում, իհարկե, բերել են Ռուսաստանի կողմից մեր հանդեպ որոշակի անվստահության։ Այդ անվստահությունը մեր կուսակցությունը՝ մասնակցելով ընտրությունների, իսկ եթե ժողովուրդը մեզ նաեւ վստահի հաղթելով այդ ընտրություններում, պետք է հանենք դուրս եւ վերականգնենք ու էլ ավելի զարգացնենք հայ-ռուսական հարաբերությունները։ Մենք պետք է ձեւավորենք Ռուսաստանի հետ նոր միություն, եւ մեր կարգախոսն է` Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ` հանուն նոր Միության։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

