«Արմմոնո»-ում բեմ բարձրացավ Պուշկինի փրկության գաղափարը

Մշակութային

Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկինի անունը դրոշմված է մեր գիտակցության մեջ, իսկ նրա ստեղծագործությունները՝ պարտադիր ընթերցանություն գրեթե բոլորի համար։ Պիտունինին՝ Սանկտ Պետերբուրգից, դեռ փոքր տարիքից նյարդայնացնում էր այդ «սրբազան երկյուղը», մինչեւ որ ընկերուհու՝ Լերայի հետ սկսեցին վիճել մի հետաքրքիր տեսության շուրջ․ արդյո՞ք հնարավոր էր, որ Պուշկինը փրկվեր անխուսափելի մահից, եւ եթե այո՝ ինչպե՞ս։ Որտե՞ղից սկսվեց ողբերգական իրադարձությունների այն շղթան, որը կործանեց դարաշրջանի աստղին։ Տարիներ անց Պիտունինը որոշում է քայլ առ քայլ վերակազմել Պուշկինի եւ Դանթեսի մենամարտի օրը, ինչը նրան բերում է անսպասելի եզրահանգման։

Այս մասին է Միխայիլ Հեյֆեցի «Փրկել կամմերյունկեր Պուշկինին» ներկայացումը, որը հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում։ Նովոսիբիրսկյան այս ներկայացումը բեմադրել է Պոլինա Գնեզդովան, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս դերասան ԱԼԵՔՍԵՅ ԼՈԲԱՆՈՎԸ, որի հետ բացառիկ զրույց է ունեցել «Իրավունքը»։

«ԱՍԵՍ ՄԻՍՏԻԿՈՐԵՆ ՀԱՄԸՆԿԱՎ՝  ՄԿՐՏՉՅԱՆԻ ՁԱՅՆԸ «ԲԵՐԵՑ» ՄԵԶ ՀԱՅԱՍՏԱՆ»

Հանդիսատեսի մոտ մնացել են շատ վառ տպավորություններ։ Ինչպիսի՞ն են Ձեր զգացողությունները ներկայացման երեւանյան ցուցադրումից հետո։ Ինչպե՞ս ձեւավորվեց կապը հայ հանդիսատեսի հետ։

— Կապն, անկասկած, հիանալի ձեւավորվեց։ Ճիշտն ասած, անհանգստանում էի, որ ռուսախոս հանդիսատեսը քիչ կլինի, եւ որոշ բաներ կարող են չընկալվել։ Բայց պարզվեց՝ բոլորը հասկանում են։ Բացարձակապես բոլորը։ Դա զարմանալի եւ շատ հաճելի էր։ Նույնիսկ արձագանքներ կային այն տեղերում, որտեղ Ռուսաստանում սովորաբար հանդիսատեսը չի արձագանքում։ Ամենավառ պահերից մեկը՝ երբ հնչեց Ֆրունզիկ Մկրտչյանի ձայնը։ Իհարկե, նրան սիրում են ամենուր, բայց որ արձագանքը լինի այդքան ակնթարթային՝ ծիծաղ, ճանաչում, դա շատ ուժեղ էր։ Առավել եւս, որ խոսքը «Միմինո» ֆիլմի մասին է։ Դա ինձ շատ ուրախացրեց։

Իմպրովիզացիա՞ էր Ձեր կողմից:

— Ոչ, դա ներկայացման մաս է։ Բայց այդ պահին ամեն ինչ այնպես համընկավ, ասես միստիկորեն։ Մենք այս ներկայացումը խաղում ենք արդեն երեք տարի, եւ հանկարծ հենց Մկրտչյանի ձայնը «բերում» է մեզ Հայաստան՝ դեռ ավելին՝ փաստորեն նրա հայրենիք։ Դա զարմանալի է։ Իրական ճակատագրի զգացում։

Այսինքն՝ առաջին իսկ րոպեներից զգացի՞ք, որ Ձեզ ընդունում է հայ հանդիսատեսը։

— Այո, անմիջապես։ Հասկացա, որ հանդիսատեսը ներգրավված է, որ ընկալվում է ե՛ւ հումորը, ե՛ւ պատմությունը, ե՛ւ զգացմունքները։

«ՍԱԴԻՍՏ ՉԵՄ, ԲԱՅՑ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՄԱՔՐՈՒՄ»

Կպատմե՞ք, թե ինչպես է ծնվել այս ներկայացումը։

— Շատ ճակատագրական կերպով։ Մի շրջան ունեի՝ երկու տարի, երբ ընդհանրապես չէի խաղում թատրոնում։ Աշխատում էի որպես տաքսիստ Նովոսիբիրսկում եւ, անկեղծ ասած, չէի պատրաստվում վերադառնալ մասնագիտությանս։ Հետո ինձ հրավիրեցին մի մասնավոր նախագծի, երկար ժամանակ հրաժարվում էի, բայց վերջում համաձայնեցի։ Այդ ներկայացմանը եկավ երիտասարդ ռեժիսոր Պոլինա Գնեզդիլովան։ Նա ինձ տեսավ, ուրախացավ, որ վերադարձել եմ, եւ առաջարկեց միասին աշխատել։

Պարզվեց, որ այն պիեսը, որը նա առաջարկում էր, ինձ էլ վաղուց հարազատ էր՝ ես նույնպես ցանկանում էի աշխատել դրա վրա։ Այդպես համընկան ճաշակները, եւ մենք սկսեցինք ներկայացումը ստեղծել։ Սկզբում դա անկախ աշխատանք էր, հետո, երբ վերադարձա «Կարմիր ջահ» թատրոն, այն տեղափոխեցինք փոքր բեմ։ Եվ ահա արդեն մի քանի տարի այն այնտեղ է ապրում։ Ընդ որում՝ ամբողջ ներկայացումը «սաղմնավորվել» է հենց թատրոնի փորձասրահում։ Կարելի է ասել՝ այն տուն վերադարձավ ինձ հետ միասին։

Ինչքա՞ն հաճախ եք այն խաղում։

— Մոտավորապես ամիսը մեկ-երկու անգամ։

Ի՞նչ արձագանք եք ցանկանում ստանալ հանդիսատեսից։

— Ծիծաղ եւ արցունքներ։ Սա ամենակարեւորն է։ Բառացիորեն երեկ մի հանդիսատեսուհի ասաց, որ ներկայացումից հետո տուն գնալիս ամբողջ ճանապարհին լացել է։ Ես, իհարկե, սադիստ չեմ (ժպտում է, - հեղինակ), բայց ուրախ եմ, որ արցունքների միջոցով տեղի է ունենում մաքրում։ Ծիծաղն ու արցունքներն այն են՝ հանուն որի, իմ կարծիքով, գոյություն ունի թատրոնը։

Ներկայացմանը նույնիսկ երեխաներ են գալիս։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

— Երեւանում մի դեպք եղավ. հանդիսատեսուհին իր թոռանն էր բերել, եւ նա ներկայացման ընթացքում նույնիսկ սկսեց պարել։ Եվ զարմանալի է՝ դա ինձ ընդհանրապես չէր շեղում։ Ավելին՝ գուցե նույնիսկ օգնում էր իր անկեղծ արձագանքով։ Թեպետ Նովոսիբիրսկում եղել է նաեւ հակառակ փորձ, երբ երեխան խանգարում էր։ Այստեղ՝ ոչ։ Սա նույնպես, երեւի, մթնոլորտի հարց է։

«ԴՈՒ ՊԵՏՔ Է ԼԻՈՎԻՆ ՄԵՐԿ ԼԻՆԵՍ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՌԱՋ՝ ՔՈ ԱՄԲՈՂՋ ՆԵՐԱՇԽԱՐՀՈՎ»

Որքանով տեղյակ ենք, Դուք արդեն մի քանի մոնոներկայացումներ ունեք…

— Այո, հիմա երեքն են։ Առաջինը՝ Լեոնիդ Ֆիլատովի ստեղծագործության հիման վրա՝ «Ֆեդոտ-աղեղնաձիգի մասին» ներկայացումն է։ Վերջերս տեղի ունեցավ «Իմ սիրելի ծաղրածուն» ներկայացման պրեմիերան՝ Վասիլի Լիվանովի վիպակի հիման վրա։ Կատակով ասում եմ՝ մնացել է եւս մի քանիսն անել, եւ կարելի է մեկնել աշխարհի շուրջ հավերժական հյուրախաղերի։

Ի՞նչ է Ձեզ համար մոնոներկայացումը՝ որպես դերասան։

— Դա խոստովանություն է։ Իրական, ամբողջական՝ առանց զարդարանքի։ Դու պետք է լիովին մերկ լինես հանդիսատեսի առաջ՝ քո ամբողջ ներաշխարհով: Ոմանք դա կոչում են մենամարտ հանդիսատեսի հետ։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Ինչո՞ւ պատերազմել։ Հանդիսատեսին պետք է տալ, ոչ թե պայքարել նրա հետ։

Ինչպիսի՞ն է այսօրվա հանդիսատեսը։ Ի՞նչ է նա ուզում։

— Նա ուզում է տեսնել իրեն։ Ցանկացած ժամանակի մեջ։ Եթե հանդիսատեսը ճանաչում է իրեն հերոսի մեջ՝ առաջանում է այն նույն «վոլտային աղեղը» բեմի եւ դահլիճի միջեւ։ Օրինակ, Եվգենի Գրիշկովեցն ունի իր ամբողջովին յուրահատուկ համակարգը։ Նրան չի կարելի կրկնօրինակել։ Նա աշխատում է ճանաչման միջոցով՝ անձնական փորձը դարձնելով ընդհանուր։

Համաձա՞յն եք, որ մոնոներկայացումը երազանքի դերը խաղալու միջոց է։

— Ոչ այնքան։ Ես երազում էի խաղալ Զիլովին՝ եւ դա իրականացավ։ Բայց պարզվեց, որ ինքնին երազանքն ավելի լավ էր, քան դրա իրականացումը։ Ես չկարողացա այնպես կատարել, ինչպես ուզում էի։ Իսկ իմ մոնոներկայացումները ծնվել են ոչ թե «ուզում եմ խաղալ» մտքից, այլ ինչ-որ կերպ ինքնին։ Միայն ժամանակ անց հասկացա, որ հենց դա է այն, ինչի մասին երազում էի։ Երբեմն երազանքները վտանգավոր են։ Հասնում ես դրանց եւ հասկանում, որ սպասումն ավելի ուժեղ էր, քան արդյունքը։

«ՍԿԶԲՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԴՈՒ ԴԵՐԱՍԱՆ ԵՍ, ԵԹԵ ՄՏԱԾՈՒՄ ԵՍ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ՝ ՎԵ՛ՐՋ»

Ալեքսեյ, դասավանդո՞ւմ եք։

— Փորձել եմ։ Բայց հասկացա, որ մանկավարժությունն առանձին մասնագիտություն է։ Եթե անել, ապա 200 տոկոսով։ Իսկ դերասանական գործունեության հետ լիարժեք համատեղել ինձ մոտ չստացվեց։

Ի՞նչի վրա եք աշխատում հիմա։

— Պլանավորվում է «Վարպետը եւ Մարգարիտան» բեմադրությունը։ Պետք է խաղամ Կորովեւին։ Դեռ փորձերը չեն սկսվել, բայց, ինչպես միշտ, այս նյութի շուրջ կան սնահավատություններ։ Ես դրան հանգիստ եմ վերաբերվում։

Իսկ կինո՞։

— Փորձ ունեմ։ Օրինակ՝ «Սուվորովեց 1944» ֆիլմը, որը նկարահանել է իմ եղբայրը՝ Դենիս Կազանցեւը։ Բայց թատրոնն ինձ ավելի մոտ է։ Կինոյում ինձ մոտ մնում է դերի թերի մշակված լինելու զգացում։

Ի՞նչ կցանկանայիք մաղթել երիտասարդ դերասաններին։

— Ճանապարհի սկզբում՝ լիակատար ալտրուիզմ։ Բացարձակ։ Մինչեւ աղքատություն։ Եթե մտածում ես փողի մասին՝ վե՛րջ, կարելի է խաչ քաշել։ Սկզբում պետք է ապացուցել, որ դու դերասան ես։ Աշխատել, սովորել, քրտնաջան աշխատել։ Իսկ հետո ամեն ինչ կգա։ Ինչպես ասում էր Ալեքսանդր Զբրուեւը՝ առաջ դերասանները պատրաստ էին նույնիսկ իրենք վճարել, որպեսզի նկարահանվեն։ Իսկ հիմա առաջին հարցը սա է՝ «քանի՞ս եմ ստանալու»։ Ահա տարբերությունը։

Եվ վերջին հարցըի՞նչ եք Ձեզ հետ տանում Երեւանից։

— Ջերմություն։ Իրական մարդկային ջերմություն։ Մարդկանց վերաբերմունքը միմյանց եւ մեր նկատմամբ։ Դա շատ խոր մի բան է, գրեթե հոգեւոր։ Ինձ հետ տանում եմ հրաշքի զգացում։ Եվ մեծ երախտագիտություն, որ այստեղ եմ եղել։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում