Մարդ, ով պիտի հեզության ու բարության օրինակ լիներ, ձեռք է բարձրացնում խոնարհ հոգևոր աստիճան ունեցող սարկավագի վրա. Հայր Հովհաննես
ՀանդիպումՆիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կարգալույծ Արման Սարոյանը նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ։
Մայր Աթոռի դեմ ուղղված հերթական անօրեն քայլի, Վեհափառ Հայրապետի դեմ այլեւս անուղղակի արշավի, Սարոյանի նշանակման եւ Անուշավան Սրբազանի մասնակցությամբ ծեծի խայտառակ փաստերի մասին «Իրավունք» զրուցել է «Իզմիրլյան» ԲԿ-ում հոգևոր տեսուչ Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանի հետ.
- Վերջին շրջանում հասարակության մոտ կարծիք է ձևավորվել, թե իշխող վարչակարգը դադարեցնել է հալածանքն ու ոտնձգությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ։ Բայց այս թվացյալ դադարը շատ խաբուսիկ ու վտանգավոր է։ Իշխանությունը բացահայտ ցույց տվեց,որ երբեք էլ չի հրաժարվել իր եկեղեցահալած քաղաքականությունից ընդգրկելով եկեղեցու դեմ արշավի քայլերը իր նախընտրական ծրագրի մեջ։
Ինչ վերաբերում է նախկին եպիսկոպոս Արման Սարոյանին համաներման հանձնաժողովի մեջ ընդգրկելուն, պետք է փաստել,որ այս քայլը ցույց է տալիս, թե իրենց համար Հայ Եկեղեցու կանոններն ու եկեղեցական բարձրագույն իշխանության որոշումներն առ ոչինչ են։ Սա ցայտուն ապացույցն է Եկեղեցու դեմ հալածանքի ու ճնշման։ Կարգալույծ հոգևորականը այլևս դուրս է եկեղեցու ծիրից, շնորհազուրկ է և իրավունք չունի հանդես գալու Քրիստոսի Սուրբ Եկեղեցու անունից։ Նման քայլը ոտնահարում է մեր Եկեղեցու բազմադարյա ավանդույթը, կանոններն ու ձևավորած բարոյական դրույթները։ Իշխանությունն այս քայլով փաստում է,որ բարոյականությունը, քրիստոնեական ուղղափառ հավատը, մարդկային արժեքներն այլևս տեղ չունեն իրենց կյանքում և գործելակերպի մեջ։
Եպիսկոպոսությունը մեր եկեղեցու բարձրագույն նվիրապետական աստիճանն է։ Եպիսկոպոսը պետք է բարոյական բարձր նկարագիր ունենա, խոնարհության օրինակ լինի և առաջնորդի իրեն վստահված ժողովրդին։ Այնինչ վերջերս ականատես ենք լինում այլ ընթացքի։ Մարդ,ով պիտի ինքը հեզության ու բարության օրինակ լիներ, սիրո քարոզիչ հանդիսանար, ձեռք է բարձրացնում խոնարհ հոգևոր աստիճան ունեցող սպասավորի սարկավագի վրա։ Ով իր կոչմանը հավատարիմ չի դավաճանում է հոգևոր սկզբունքներին։ Ամբարտավանությունն ու լկտիությունը սքողել են տվյալ բարձրաստիճան հոգևորականի և մարմնական և հոգևոր տեսողությունը։ Ժողովրդից պահանջում են հարգել իրենց, սակայն գործերով ատելություն, անօրինություն ու դաժանություն են քարոզում։ Մեր Տերն ասում է.«Վայ ձեզ կեղծավորներ »: Կեղծավորների վարձն անջատումն ու հեռացումն է կյանքի աղբյուրից, որ սնուցվում է Սուրբ Հոգուց, այսինքն Քրիստոսի եկեղեցուց։

