Թրամփի համար ցուգցվանգային վիճակը միայն խորանում է
ՎերլուծությունԻրան–ԱՄՆ հրադադարի ժամկետը գրեթե ավարտվում է: Սակայն այդպես էլ չկա որեւէ հստակեցում` ի՞նչ է լինելու (https://iravunk.com/?p=338702&l=am):
ԱՄՆ–ն դիմել է հրադադարի ռեժիմը եւս երկու շաբաթով երկարացնելու համար: «Իրանը մերժել է առաջարկը»,– երեկ հաղորդեց Tasnim-ը: Ավելին, այդ կապակցությամբ Մուհսեն Ռեզային` Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականը, հայտարարեց. «Իմ անձնական կարծիքն է, ես կտրականապես չեմ աջակցում հրադադարի շարունակմանը»։ Ավելին, ըստ Ռեզայիի, դա նաեւ գերագույն առաջնորդ Մուջթաբա Խամենեիի մոտեցումն է:
Այսքանից զատ, Իսլամաբադի բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Մոհամմադ Ղալիբաֆն էլ իր հերթին հայտարարեց, որ Իրանը այլեւս բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ Պակիստանում: Ընդ որում, միանգամայն սկանդալային պնդումների հիմա վրա: Այդ թվում, որ Պակիստանի բանակցություններն Իրանի բանակցային պատվիրակության ֆիզիկական ոչնչացման նպատակով դավադրության մաս էին կազմում, ինչը, սակայն, ձախողվել է։ Նույն բանն է պնդում նաեւ Իրանի մեկ այլ ներկայացուցիչ` Ալ Մայադին. «Պակիստանում բանակցությունների ժամանակ իրանական պատվիրակության դեմ մահափորձ է կատարվել»։ Ընդ որում, իրանական փորձագիտական որոշ աղբյուրներ դրանում մեղադրում են նաեւ ինչպես Պակիստանին, այնպես էլ իրանական որոշ շրջանակների` կարծելով, որ այս պատմությունը դեռ ավարտված չէ: «Իմ կարծիքով, այս բանակցությունների բոլոր մասնակիցները կդառնան հաջորդ անակնկալ հարձակման թիրախ։ Նրանց ԴՆԹ տվյալներն արդեն ստացվել են, եւ Պակիստանը դրանք փոխանցել է ԱՄՆ-ին: Սատանայի սեղանի շուրջ նստելու համար գին կվճարվի։ Զարիֆն ու Ռոհանին աննկատ «մաքրում» են իրականացնում երկրի ներսում՝ Հասան Ռոհանիին գերագույն առաջնորդ նշանակելու նպատակով... Նրանք պատրաստում են մի խաղ, որը կարող է վերջնական հարված լինել Իրանի համար: Չարժե գնալ այս բանակցություններին. դավաճան բարեփոխիչները լուրջ դավաճանության փուլում են»,– պնդում է հայտնի փորձագետ Հայալ Մուազզինը:
Կարճ ասած, Իրանը թեեւ բանակցություններից դեռ վերջնականապես չի հրաժարվել, բայց պայմանով`դրանք պետք է տեղի ունենան Ռուսաստանում կամ Չինաստանում: Որքանո՞վ ընդունելի կլինի այդ տարբերակը ամերիկացիների համար, դեռ կտեսնենք: Սակայն այս պահին Թրամփի համար ընտրության տարբերակներն այնքան էլ շատ չեն, ավելի ճիշտ` գրեթե չկան: Թեեւ դեռ փորձում է շարունակել բլոկադա կոչվածը, բայց դա բացահայտ ձախողման մեջ է: Չինական մի շարք նավեր կարողացան անցնել, ու այդպես էլ պարզ չէ, թե դրա դեմ ինչ կարող է անել Թրամփը: Առավել եւս, որ ոչ հեռվում կան նաեւ չինական ռազմանավեր, այսինքն, չինական դրոշի տակ գտնվող նավերի վրա ճնշումները կարող են վատ հետեւանքների տանել:
Բացի այդ, եթե սպառվի հրադադարի ռեժիմը, եւ նոր պայմանավորվածություն չլինի, բլոկադայի հետ կապված վիճակը կարող է շատ ավելի վատթարանալ: Իրանը հնարավորություն կստանա հարվածել բլոկադայի ենթարկող ամերիկյան նավատորմի նավերին, որոնք հիմա միանգամայն հարմար դիրքերում են եւ առանձնապես մանեւրելու տարբերակներ չունեն: Իսկ այդ դեպքում, եթե ստիպված լինեն հետ քաշվել, ապա բլոկադայից իրականում բան չի մնա:
Նման իրավիճակում Թրամփին կմնա երկու տարբերակ. առանց որեւէ պայմանավորվածության պարզապես զորքերը հեռացնել Իրանից: Կա՛մ ընդհակառակը, անցնել իր համար ամենաանցանկալի սխեմային` ցամաքային պատերազմին: Ամեն դեպքում, ինչպես նաւե ՌԴ Անվտանգության խորհուրդը նախօրեին փաստեց, այդ նպատակով Պենտագոնը շարունակում է ուժերի կենտրոնացումը, եւ հրադադարի ռեժիմը հենց այդ նպատակի համար է ծառայեցվում: Թեեւ մյուս կողմից էլ, դեռ տեսանելի չէ ամերիկյան այն քանակի ցամաքային ուժերի առկայությունը, որը կարող է ցամաքում Իրանի դեմ բախման պարագայում հաջողության ռեալ շանսեր ունենալ:
Ու վիճակը ծանրացնում է այն, որ ԱՄՆ–ում եւս չեն դադարում Թրամփին ուղղված ճնշումները: Հերթական դրվագը Թրամփի պատերազմի նախարարի դեմ ուղղված իմպիչմենտն է, որի հիմքում Կոնգրեսում դրել են մի շարք ծանրագույն մեղադրանքներ: Ու բոլորն են հասկանում, որ իրականում այդ բոլոր մեղադրանքների հասցեատերը Թրամփն է:
Այսպիսով, կկարողանա՞ ԱՄՆ նախագահը շատ արագ, մինչեւ մոտավորապես այս շաբաթվա վերջը լեզու գտնել Իրանի հետ վերջնական խաղաղության կամ գոնե հրադադարի երկարացման հարցով: Հնարավորություններ դեռ կան, հաշվի առնելով նաեւ, որ այս ընթացքում Իրանին պարտադրելու Թրամփի հաղթաթղթերից մեկը եւս` բլոկադան չաշխատեց:
Այլընտրանքը կլինի պատերազմի վերսկսումը, որին Իրանը ցույց է տալիս, որ լիովին պատրաստ է: Թրամփն էլ, թեեւ դեռ փորձում է մարտական տեսքը պահպանել, բայց ակնհայտորեն նրա համար ցուգցվանգային վիճակը միայն խորանում է:

