Ալիեվի երազանքներից է, որ Նիկոլը վատթարացնում է Մոսկվայի հետ հարաբերությունները
ՎերլուծությունՓաշինյանի վերջին մոսկովյան այցը ի ցույց դրեց այն խորը անջրպետը, որն առաջացել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում: Այսինքն այն, որ առաջիկա ընտրություններից հետո, եթե նիկոլական համակարգը վերարտադրվի, դա տանելու է հարաբերությունների վերջնական խզման, էս գլխից կարելի է ենթադրել:
ԿՕԳՆԻ՞ ԵՎՐՈՊԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Այդ հեռանկարները, իհարկե, նաեւ սպասվող ընտրությունների հետ կապված են դարձել լուրջ ազդակ: Նաեւ այն հարցում, թե այդ երկընտրանքի առաջ ինչ ընտրություն կկատարեն հայաստանյան ընտրողները, ավելի կոնկրետ` հայաստանյան հանրության բոլոր շերտերը: Այսինքն, այն հատվածը, որը կենսականորեն կապված է Ռուսաստանի հետ, հակադիր հատվածը, որը բիզնես կամ այլ շահեր է տեսնում, կապեր ունի արեւմտյան ուղղության հետ, վերջապես` շարքային ընտրողը, որի վրա էլ ջարդվելու է այդ ողջ կուժն ու կուլան, ասենք գազի գների, միրգ–բանջարեղեն աճեցնել, Ռուսաստան արտահանելու տեսքով եւ այդպես շարունակ:
Այս ֆոնին ասել, որ Ռուսաստանի գործողությունները չեն ազդելու հայաստանյան ընտրությունների վրա, իհարկե, միամտություն կլիներ. միայն այն, որ ռուսական կողմը բարձր մակարդակով նկարագրում է հնարավոր հեռանկարները, որոնք բխում են նիկոլյան համակարգի ներկայիս դիրքորոշումից, գործողություններից, արդեն իսկ ազդում են կամ կարող են ազդել լայն շերտերի վրա: Սկսած այն գործարար շրջանակներից, որոնց բիզնեսը սերտորեն կապված է ռուսական ուղղության հետ եւ որը հայաստանյան ընդհանուր տնտեսության կառուցվածքում լուրջ ծավալ ունի, վերջացրած այն շարքային ընտրողներով, որոնք ապրում են Ռուսաստանի միջոցով` «խոպանչիներ», այնտեղից տրանսֆերներ ստացողներ, կամ ասենք` վաղը գազի գինն ինչքան կլինի հարցով մտահոգվողներ եւ այդպես շարունակ:
Ընդ որում, այս ֆոնին Հայաստանի վիճակը բարդանում է նաեւ այն անորոշություններով, որոնք բխում են գլոբալ իրողություններից: Ո՞րն է երախշիքը, որ իրանական պատերազմի, սրվող ԱՄՆ–ԵՄ կամ` Իսրայել–Թուրքիա հարաբերությունների վերջնարդյունքում Հայաստանը եւ ընդհանրական իմաստով` կովկասյան տիրույթը կմնա Արեւմուտքի հետաքրքրությունների գոտում, կամ եթե անգամ ասենք ԵՄ–ի հետաքրքրությունները մնան, աշխարհաքաղաքական հնարավորությունները թույլ կտան դրանք իրականություն դարձնել: Հարցականներն այստեղ շատ են, եւ այդ հետաքրքրությունների բացակայության պարագայում ո՞րն է լինելու Հայաստանի ճակատագիրը: Ու մյուս կողմից էլ, երբ Նիկոլը մայիսի 4-5-ին մի ամբողջ եվրոպական շոու է կազմակերպում, դա էլ իր հերթին սրելով այս բոլոր միտումները, այնուամենայնիվ, նախընտրական իմաստով կարող է «արջի ծառայություն» դառնալ հայաստանյան գործող իշխանական համակարգի համար: Թեկուզեւ հաշվի առնելով, որ անգամ Եվրոպան արդեն չի կարող հաշվի չնստել ինչպես Նիկոլի չափազանց ցածր վարկանիշի հետ, այնպես էլ նրա բոլոր ապօրինությունների, եկեղեցու դեմ հալածանքների, ինչը հայաստանյան հասարակության մոտ արդեն իսկ սկսել է աճող ատելություն ձեւավորել նույն Նիկոլի քարոզած «եվրոպական ուղղության» հանդեպ:
ԱԼԻԵՎԸ ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է
Թե ինչու է Նիկոլը մնում այս ակնհայտորեն կործանարար կուրսի մեջ, կարելի է տարբեր բացատրություններ գտնել: Սակայն այս պահին էականը դա չէ, այլ բուն փաստը` Հայաստանում կա Նիկոլը, եւ երկիրը գնում է հենց այդ վատթարագույն ուղղությամբ:
Ընդ որում, ի տարբերություն Ալիեւի, ով ներկա խառը իրավիճակում որոշել է առանձնապես աչքի չընկնել: Ու դա կարելի է հասկանալ. մի կողմից, Իրանի շուրջ իրավիճակն է ծայրահեղ զգուշավորություն պարտադրում: Այսպես ոչ թե ընդամենը ԱՄՆ (Իսրայել) – Իրան բախումն է, այլ նաեւ ներգրավված է Չինաստանը, Ռուսաստանը եւ այլն: Ավելորդ քայլը, անկախ նրանից, թե որ ուղղությամբ, կարող է ճակատագրական լինել: Առավել եւս, որ մյուս կողմից էլ սուր իրավիճակ է նաեւ Ալիեւի երկու մերձավոր դաշնակիցների` Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ: Վերջապես երրորդ սերտ դաշնակիցը` Պակիստանը, իր հերթին է տարօրինակ խաղերի մեջ, ու ամեն բան մնում է անորոշությունների դաշտում. դժվար է ասել, թե վաղը ով կմնա թամբի վրա:
Չնայած այս անորոշություններին` Ալիեւը, այնուամենայնիվ, փորձում է մեղմել այն թշնամանքի հասած մթնոլորտը, որը կար Իրանի եւ Ռուսաստանի ուղղությամբ, թերեւս ելնելով պատերազմի ընթացքի ընդհանուր տրամաբանությունից: Այդ թվում, օրերս Իրան վերադարձրեց իր դիվանագիտական ներկայացուցիչներին: Նախօրեին էլ հայտարարություն եղավ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծել եւ վերջնական պայմանավորվածությունների են եկել ՌԴ–ում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հայտնի պատմության հետ կապված, որն էլ Մոսկվա–Բաքու հարաբերություններն էլ հասցրել էին թշնամանքի մակարդակի:
Այս ամենը, թերեւս, հուշում է, որ Հեյդարովիչը, որքան էլ հավատարիմ էր պանթյուրքիստական ծրագրերի ուղղությամբ, իսկ Իսրայելի հետ «եղբայրությունից» հույսեր ուներ Իրանի հաշվին համեղ պատառ ստանալ, ներկա իրավիճակում մի շարք էական դետալներ աչքաթող չի անում: Նախ, Իրանն ապացուցեց, որ «չսպանված արջ» է, որի «մորթին բաժանելը» կարող է նաեւ մահացու դառնալ: Առավել եւս, որ Իսրայելը, այսպես ասենք, գոնե այս պահին չի արդարացնում իր հետ կապված հույսերը: Ու այսքանից զատ, եթե հանկարծ իր երկու մերձավորները` Թուրքիան եւ Իսրայելը, գնան բախման, ապա դա կարող է դառնալ մուրճի եւ զնդանի արանքում մնալու պես մի բան: Հաշվի առնելով նաեւ, որ այդ բախման ժամանակ Իսրայելի թիկունքը լինելու է ԱՄՆ–ն, իսկ Թուրքիան կարող է իր բոլոր հաշվարկները կապել ռուս–չինական տանդեմի հետ: Ու նման իրավիճակում իսրայելամետ խաղերը կարող են ծանր հետեւանքներ ունենալ ոչ իսրայելամետ երկրների շրջապատման մեջ մնացող Ադրբեջանի համար:
Նման իրավիճակում, իհարկե, Հեյդարովիչի համար չափազանց ցանկալի են այն խաղերը, որի շրջանակներում Նիկոլը շարունակում է վատթարացնել Մոսկվայի հետ հարաբերությունները. որքան Նիկոլը Մոսկվայի աչքից ընկնի, այդքան ինքը` Ալիեւը, կարող է բարձրանալ` որպես հարավկովկասյան այլընտրանք:
ՄՈՍԿՎԱՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻՆ
Վերջապես, Բաքուն պետք է նաեւ այս ամբողջական համայնապատկերում հաշվի առնի այն կոշտացումները, որոնք նկատվում են Մոսկվայի կողմից, եւ որոնք վերաբերում են ոչ միայն Նիկոլին, այլ ողջ հետխորհրդային տիրույթին, այդ թվում` Ուկրաինային եւ ՆԱՏՕ–ի եւ ԵՄ–ի կազմում գտնվող բալթյան տարածաշրջանին:
Ուկրաինական ուղղությամբ, թերեւս, Թրամփի նախաձեռնած բանակցային գործընթացը մտել է արգելակման փուլ, եւ թե դա որքան կտեւի եւ հետո կվերականգնվի՞, մեծ հարցականներ կան: Եվ սրան զուգահեռ, թեեւ առանձին եվրոպական երկրներ փորձում են ակտիվանալ ՌԴ–ի հետ գոնե էներգակիրների հետ կապված հարաբերությունները քիչ թե շատ տրամաբանական մակարդակի հասցնելու ուղղությամբ, սակայն կա նաեւ հակառակ գործընթացը: Այդ թվում, Եվրոպայում շարունակվում է Ուկրաինայի համար զենք–զինամթերքի արտադրությունը, որտեղ շատ մեծ ծավալների են հասել ներկա պատերազմում առանցքային տեղ զբաղեցնող անօդաչուները եւ հեռահար հրթիռները: ԵՄ–ի եւ ՆԱՏՕ–ի անդամ բալթյան երկրների տարածքով ուկրաինական անօդաչուներն անարգել թռնում են` հարվածելով Ռուսաստանին եւ այլն: Այս իմաստով, հայտարարությունը, որը նախօրեին հնչեցրեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, կարել ի է անգամ աննախադեպ համարել: «Եվրոպացի առաջնորդների գործողությունները այս երկրներին ավելի ու ավելի են ներքաշում Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Եվրոպական հանրությունը պետք է ոչ միայն հստակ հասկանա իրենց անվտանգությանը սպառնացող սպառնալիքների իրական պատճառները, այլեւ իմանա իր տարածքում Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր եւ բաղադրիչներ արտադրող «ուկրաինական» եւ «համատեղ» ձեռնարկությունների հասցեներն ու գտնվելու վայրերը»,– մասնավորապես ընդգծում է ՌԴ ՊՆ–ն:
Իսկ ավելի վաղ ռուսական կողմը պաշտոնապես մեղադրել էր նաեւ բալթյան երկրներին, այն է` նորից Եվրոպային, որոնք թույլ են տալիս իր տարածքով իրականացնել ուկրաինական անօդաչուների թռիչքներ` Ռուսաստանին հարվածելու համար:
Այս երկու դետալը մեկ բան է նշանակում` Մոսկվան Եվրոպային փաստացի մեղադրում է «Ռուսաստանի հետ պատերազմում» ներգրավվածության մեջ: Ի՞նչ կարող է հետեւել. ռուսական փորձագիտական աղբյուրը գրում է. «Սա իսկապես հիանալի լուր է. կարելի է միայն հույս ունենալ, որ դրան կհաջորդեն իրական գործողություններ՝ եվրոպական արտադրական ներուժը վերացնելու համար։ Ավելին, միասնական Արեւմուտքի բաժանումը Միացյալ Նահանգների եւ Եվրոպական դաշինքի, որն ինքնին միասնական չէ, լայն հնարավորություններ է բացում նման գործողությունների համար»,- գրում է փորձագիտական աղբյուրը:
Կգնա՞ Մոսկվան այնպիսի արմատական քայլերի, ինչպիսիք են Եվրոպայում գտնվող ինչ–որ «ուկրաինական» արտադրական օբյեկտների խոցումը: Եթե նման բան լինի, թերեւս Թրամփը մի բան էլ շնորհակալություն կհայտնի Պուտինին: Ամեն դեպքում, ահազանգը, որը հնչեցրեց The Times-ը, թե` Ռուսաստանը պլանավորում է միջուկային մարտագլխիկ տեղակայել «տիեզերական Պերլ Հարբորի» ուղեծրում, իր հերթին է շատ լուրջ: Խոսքն այն մասին է, որ նման միջուկային պայթյունի դեպքում ՌԴ-ն կարող է անջատել մինչեւ 10 000 արբանյակ: Այսինքն՝ տիեզերքում առկա բոլոր արբանյակների շուրջ 80%-ը, ինչն ամբողջ աշխարհում կհանգեցնի ռազմական հետախուզության, կապի, ինտերնետի եւ GPS նավիգացիոն համակարգի անվերականգնելի խափանումների:
Ահա այս ֆոնին սպասվում է, որ մայիսի վերջերին Պեկին կմեկնի Վլադիմիր Պուտինը: Ենթադրվում է, որ դրանից մի քանի օր առաջ վերջապես կկայանա Թրամփի այցը Չինաստան: Այսինքն, բանակցային դաշտը դեռ աշխատում է: Չնայած, շատ բան մնում է կախված այն իրավիճակից, որը ձեւավորվում է Իրանի շուրջ:

