Պարոնյանի անվան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում
ՄշակութայինԼեփ-լեցուն դահլիճում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում՝ ներկայացնելով «Վերջին կանգառ» ներկայացումը։
Ապրիլի 12-ին «Երկաթուղայինների» մշակույթի պալատում կայացած բեմադրությունը համախմբեց շուրջ 800 հայ հանդիսատեսի՝ դառնալով մշակութային նշանակալի իրադարձություն։ Ներկայացումը պատմում է ԱՄՆ-ում բնակվող հայկական ընտանիքի մասին, որը կանգնած է հայրենիք վերադառնալու կարեւոր որոշման առջեւ։ Սյուժեի ընթացքում բացահայտվում են մարդկային հարաբերությունների բարդություններն ու կյանքի բեկումնային պահերը։
Բեմադրության հեղինակն ու բեմադրիչը Թամար Հովհաննիսյանն է։ Դերերում հանդես եկան Արթուր Կարապետյանը, Ռուզան Գասպարյանը, Ռոբերտ Ղամբարյանը, Անի Քոչարյանը, Արեւ Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը, Արմեն Կարապետյանը եւ Լաուրա Բաբայանը։ Ներկայացումը ջերմ ընդունելության արժանացավ։ Դահլիճում տիրում էր հուզիչ մթնոլորտ, իսկ հանդիսատեսը մեծ ուշադրությամբ եւ ներգրավվածությամբ հետեւում էր յուրաքանչյուր դրվագի՝ կարոտով ունկնդրելով հայերեն խոսքը։ Երեկոն վերածվեց մշակութային վերամիավորման խորհրդանշական պահի։
Սիրված ներկայացումն առաջիկայում դիտելու հնարավորություն կունենա նաեւ ապրիլի 22-ին՝ Էջմիածին քաղաքի հանդիսատեսը, Կոմիտասի անվան մշակույթի պալատում: Իսկ Երեւանում՝ մայիսի 10-ին:

