«ՍԱ ԻՄ ՆՈՐԱՄՈՒՏՆ ԷՐ, ՈՒ ԳՈՀ ԵՄ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻՑ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵԱ֊Ի ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է վերջերս Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը արծաթե մեդալ նվաճած, երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- Հանդես եկա 77 կգ քաշային կարգում։ Մեկնարկում 1։1 հաշվով հաղթեցի հունգարացի մրցակցիս, հետո 9։3 հաշվով ուկրաինացի ըմբիշին, ով Աշխարհի գործող չեմպիոնն էր։ Նրա հետ գոտեմարտում պարտվում էի, սակայն վերջին 1 րոպեում պարտերից գլորում կատարեցի և 8 միավոր վաստակեցի։ Կիսաեզրափակչում 1։1 հաշվով հաղթեցի Մոլդովայի ներկայացուցչին Ալեքսանդր Սոլովեյին, նա Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է, մեծահասակների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։ Եզրափակչում, ափսոս զիջեցի ռուս մրցակցիս 1։1 հաշվով։ Ճիշտն ասած, չեմ կարող առանձնացնել, քանի որ բոլորի հետ էլ հավասար գոտեմարտեր եմ անցկացրել։ Սա իմ նորամուտն էր այս տարիքային խմբում, ու արծաթե մեդալ նվաճեցի, գոհ եմ արդյունքից, շատ մոտ էի ոսկե մեդալին։ Կաշխատեմ հաջորդ անգամ ոսկե մեդալով վերադառնալ հայրենիք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

