«Փաստ». Եվրոպայի համար այլևս գաղտնիք չէ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի աղետալի անկումը
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Ճիշտ է՝ ԵՄ-ն հետևողականորեն ձգտում է հասնել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանը, այդուամենայնիվ, կան մի շարք կարևոր խնդիրներ, որոնք պարզապես անտեսել հնարավոր չէ: Եվրոպական երկրների ղեկավարների, ինչպես նաև եվրոպացի այլ քաղաքական գործիչների համար այլևս գաղտնիք չէ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի աղետալի անկումը։ Ըստ այդմ, Փաշինյանին աջակցելու հարցը լուրջ քննարկումների տեղիք է տալիս։
Վերջապես՝ Արևմուտքը չի կարող անընդհատ աչք փակել Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների վրա, այդ թվում՝ իրավապահ համակարգի՝ որպես քաղաքական գործիք կիրառելու, քաղաքական ձերբակալությունների ու կալանավորումների վրա: Ի դեպ, այստեղ անկարևոր չէ նշել, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին նամակն ու հայտարարությունները լայն արձագանք գտան միջազգային հանրության շրջանում ու ևս մեկ անգամ սևեռեցին ուշադրությունը երկրում տիրող իրավական կամայականությունների վրա։
Նույնիսկ արևմտյան քաղաքական գործիչներն են նկատում, որ ԵՄ-ի ճնշումները Հայաստանի վրա՝ փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, կարող է աղետալի լինել մեր երկրի տնտեսության համար: Մասնավորաբար, գերմանացի փորձագետ, Բունդեսթագի պատգամավոր, դոկտոր Ռայներ Ռոտֆուսը նախազգուշացնում է. «Այս բեմադրությունը փորձ է՝ ստիպելու Հայաստանին հարել ԵՄ աշխարհաքաղաքական կուրսին։ Նա, ով ուժի ցուցադրություն է իրականացնում ճակատագրական ընտրություններից առաջ, զբաղված է միջամտությամբ, այլ ոչ թե գործընկերությամբ»,- նշում է Ռոտֆուսը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

