Իրատեսակա՞ն է իսրայել–թուրքիա պատերազմը
ՎերլուծությունԻ դեպ, այս օրերին մեր տարածաշրջանում, բացի Իրան–ԱՄՆ հակամարտությունից, եւս մեկ թեմա է զարգանում, որը եւս կարող է ուղղակիորեն ազդել Հայաստանի, ասենք նաեւ Նիկոլի քաղաքական ճակատագրի վրա:
Բայց նախ տեսնենք, թե ինչ վիճակ է Իրանում: Այստեղ ամեն բան զարգանում է սպասելի հունով: Թրամփը հայտարարեց իր խոստացած բլոկադան: Դա ոչ միայն ծաղրի եւ քննադատության նոր ալիք առաջ բերեց, այլ նաեւ ԱՄՆ նախագահի համար հերթական ցուգցվանգը: Այն է` Չինաստանը ռազմական գերատեսչության մակարդակով պարզապես հայտարարեց, թե իրեն չի հետաքրքրում ԱՄՆ–ի բլոկադան, ինքն իրավունք ունի Իրանից նավթ գնել, եւ չինական տանկերները կմտնեն իրանական նավահանգիստներ: Ու հիմա Թրամփն է որոշելու` պե՞տք է հարձակվի չինական նավերի վրա` նոր պատերազմ սկսելով: Թե՞ չտեսնելու է տալու, որը նրան էլ ավելի ծիծաղելի վիճակում կդնի: Ելքը կարծես թե գտան. ակնարկներ հնչեցին ԱՄՆ–Իրան նոր բանակցային ռաունդի մասին: Եվ այս դեպքում ամերիկյան կողմը, որը փաստացի դեռ չգործարկած, կորցրեց նաեւ բլոկադայի խաղաթուղթը, պետք է որ ավելի զիջող լինի:
Մյուս կողմից, Մոսկվայից Իսրայելին ուղղված միանգամայն կոշտ հայտարարություն հնչեց` կապված Բուշերի ատոմակայանին հնարավոր հարվածի հետ: Նման հարվածը կարող էր Իսրայելի համար վերջին միջոց դառնալ` ԱՄՆ–ին իրանական ուղղության մեջ պահելու համար: Բայց ռուսական այդ նախազգուշացումը հուշում է` ավելորդ տեղը բախտը չփորձել:
Ըստ այդմ, սկսում է աճել այն բանի հավանականությունը, որ Իրանն ու ԱՄՆ–ն կկարողանան լեզու գտնել: Եվ այն, որ Արաղչու հետ խոսելով, Լավրովը երկօրյա այցով մեկնեց Պեկին, գալիս է հուշելու, որ իրականում կուլուարներում ավելի խորքային սցենարներ են եփվում: Միայն թե այստեղ կա մեկ նյուանս եւս. Թրամփը, անկախ դրա պատճառներից, չի կարող մենակ թողնել Նեթանյահուին: Այսինքն, հասունանում է այն «Բ» պլանը, որի մասին խոսվում էր մինչ իրանական պատերազմ եւ համարվում էր դրա այլընտրանքային տարբերակ:
Այսպես, հատկապես վերջին օրերին, երբ սկսեց աճել Իրան–ԱՄՆ լեզու գտնելու հավանականությունը, զուգահեռաբար աչքի առաջ սկսեցին վատթարանալ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները: Կողմերը սկսել են մինչեւ իսկ հրապարակային դաշտում ի ցույց դնել փոխադարձ թշնամությունն ու անգամ չբացառել պատերազմը: Արդեն ընդհուպ արտգործնախարարների մակարդակով: Իրանից հետո Իսրայելը կարող է Թուրքիային թշնամի հայտարարել, ասում է Ֆիդանը. «Իսրայելը չի կարող ապրել առանց թշնամու։ Մենք տեսնում ենք, որ նրանք փորձում են նոր հռետորաբանություն մշակել եւ Թուրքիային նոր թշնամի հայտարարել»:
Ընդ որում, այս ֆոնին չմոռանանք նաեւ արեւմտյան լրատվական դաշտի կանխատեսումներն այն մասին, որ ՆԱՏՕ–ից հետ քաշվելու Թրամփի քայլերի պատճառներից թվում է, որ Իսրայել–Թուրքիա պատերազմի դեպքում ունենա ձեռքերի ազատություն` ՆԱՏՕ–ական Թուրքիային թողնելով, Իսրայելին պաշտպանելու համար:
Արդյունքում, ստանում ենք նման մի պատկեր. եթե «Իսրայելը չի կարող ապրել առանց թշնամու», եւ Իրանին հաղթելը հնարավոր չէ, ուրեմն այդ թշնամին, ինչպես ենթադրում է Ֆիդանը, պետք է դառնա Թուրքիան: Այն, ի դեպ, շատ ավելի հարմար թիրախ է, քան Իրանը. չունի իրանական հրթիռային, անօդաչուների, ներքին համախմբվածության, տնտեսական կայունության պոտենցիալը: Ամենակարեւորը, թիկունքին չունի այնպիսի աջակիցներ, ինչպիսիք են Չինաստանն ու Ռուսաստանը:
Մյուս կողմից, երբ Իսրայելի համար, ինչպես հիմա շատ են խոսում Թել Ավիվում, «կենսական տարածքի» ապահովման համար միակ տարբերակ է դառնում Սիրիայի հաշվին ընդլայնվելը, ապա դա կտրուկ մեծացնում է թուրք–իսրայելյան պատերազմի հավանականությունը: Իսկ այն, որ ԱՄՆ–ն շարունակում է մեծ քանակությամբ զենք–զինամթերք տեղափոխել տարածաշրջան, արդեն մեծ հարց է` Իրանի՞, թե` Թուրքիայի ուղղությամբ օգտագործելու համար է:
Այս իրավիճակում, թերեւս, Թուրքիայի համար միակ տարբերակ կարող է դառնալ Պեկինի եւ Մոսկվայի աջակցությունը փնտրելը: Որքանո՞վ կհաջողվի, դեռ կտեսնենք: Բայց այդ փորձերը լինելու են, եւ, առհասարակ, Մերձավոր Արեւելքի եւ ՆԱՏՕ–ի շուրջ ձեւավորվող այս ամբողջական ֆոնը պարտադրում է Անկարային մտածել սեփական անվտանգության համակարգի խորքային տրանսֆորմացիայի մասին: Ի վերջո, ՆԱՏՕ–ն այլեւս հաստատուն հովանոց չէ, Բրիտանիան, որպես երկարաժամկետ հատվածում «թիկունք», այլեւս չունի այն պոտենցիալը, որը պահպանում էր մինչեւ անցած դարի 90–ականները: Իսկ ահա Իսրայելի` «Իսրայելը չի կարող ապրել առանց թշնամու», որը դառնում է Թուրքիան, եթե Իրանի դեմ ոչինչ անել չի կարողանում: Այս պատկերը հուշում է, որ Թուրքիային պետք է երկարաժամկետ կտրվածքով հարաբերությունների բարելավում Մոսկվա–Պեկին առանցքի ուղղությամբ: Եվ որ դա կազդի նաեւ Անկարայի կովկասյան քաղաքականության վրա, դա եւս սպասելի է: Ընդ որում, անկախ այն բանից, որ Հայաստանում Թուրքիայի բարեկամներ խաղացողների պակաս չկա:

