Առանց ԴՕԿ կուսակցության որդեգրած բանաձևի՝ հնարավոր չէ մաքրել ավգյան ախոռները. Հայտնի իրավապաշտպանը նախընտրական ռեպրեսիաների մասին
Վերջին շրջանում մի շարք իրավապաշտպաններ, քաղաքական-հասարակական գործիչներ ահազանգում են, որ պայմանավորված է նախընտրական ճնշումներով ու ռեպրեսիաներով, որոնք իշխանությունը փորձում է բանեցնել քաղաքական ընդդիմության նկատմամբ, ռեպրեսիաների անախադեպ ալիք է բարձրացել վերջին օրերին մասնավորապես։ Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցել է հանրապետությունում թոփ աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան, այժմ ԴՕԿ կուսակցության շտաբի պետ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.
- Վերջին շրջանում, հանրությանը հայտնի պատճառներով ինքս որոշակիորեն պասիվացրել եմ իրավապաշտպան գործունեությունս։ Այդ հանգամանքը, բնականաբար, սահմանափակում է ինձ՝ այս փուլում, որպես պրակտիկ իրավապաշտպանի, տալու ամբողջական և վերջնական գնահատականներ։
Այդուհանդերձ, չեմ կարող չարձանագրել հետևյալը․ Անկախ քաղաքական կոնյուկտուրայից, անկախ իշխանությունից կամ ընդդիմությունից, արդարադատությունը չի կարող և չպետք է դառնա քաղաքական գործիք։ Երբ իրավապահ և դատական համակարգերի գործողությունների նկատմամբ ձևավորվում է հանրային անվստահություն՝ դա արդեն ինքնին լուրջ վտանգ է պետության հիմքերի համար։
Այս օրերին հնչող ահազանգերը՝ կապված «նախընտրական ռեպրեսիաների» հետ, առնվազն պահանջում են խիստ իրավական գնահատում, փաստերի մանրակրկիտ ստուգում և լիարժեք թափանցիկություն։ Որևէ անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում պետք է լինի բացառապես օրենքով հիմնավորված, ապացույցներով ամրապնդված և զերծ՝ քաղաքական նպատակահարմարությունից։
Հակառակ դեպքում, մենք գործ կունենանք ոչ թե արդարադատության, այլ դրա իմիտացիայի հետ, ինչը երկարաժամկետ առումով քայքայում է պետական այդ կարևոր ինստիտուտը։
Ես այս փուլում զերծ կմնամ վերջնական եզրակացություններից, սակայն մեկ բան արձանագրում եմ հստակ՝
Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայությունը չի կարող լինել ընտրովի։ Անթույլատրելի է, ինչպես փողոցի, այնպես էլ' ընտրովի արդարադատությունը։
Ժամանակը, փաստերը և իրավական գործընթացների զարգացումը կտան իրենց վերջնական գնահատականը։
Ամփոփելով հեղինակավոր խոսքը հայտնի իրավապաշտպանը ընդգծում է.
- Ավելացնեմ նաև, որ ԴՕԿ Կուսակցությունն ի դեմս նրա պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի,որդեգրել է Օրենքի Դիկտատուրա, իրավունքի գերակայությամբ, անխըտիր, առանց բացառությամբ, որի ուժով էլ և դատական և գործադիր և օրենսդիր, ինչպես և քաղ. հասարակությունն իրենց տեղում կլինեն։ Դժվա՞ր է, այ՝ո, բայց առանց այս մեր կողմից որդեգրած բանաձևի՝ հնարավոր չէ մաքրել ավգյան ախոռները, ապրել կարևոր իրավանորմով ,որ Մարդը բարձրագույն արժեք է , որ մարդու արժանապատվությունը բնական իրավունքի նորմ է։

