Ընդդիմադիր դաշտում տեսնում ենք խայտառակ անբարո վիճակ. Նաիրա Զոհրաբյան
ՆերքաղաքականՆախընտրական քարոզարշավը դեռեւս պաշտոնապես մեկնարկված չէ, սակայն, ինչպես տեսնում ենք, այն արդեն անցկացնում են թե՛ ընդդիմադիրները եւ թե՛ իշխանականները: Թե որ ընդդիմադիր ուժերը կհաղթահարեն նախընտրական շեմը եւ արդյոք հնարավոր կլինի հաղթել գործող իշխանությանը, «Իրավունք»-ին իր տեսակետն է ասել «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
«ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՎԵԼ ԵՄ` 10 ՏՈԿՈՍԻ ՉԱՓ ՁԱՅՆ ՓՈՇԻԱՆԱԼՈՒ Է»
— Նախընտրական այս շրջանում արդեն իսկ ուրվագծվում է հիմնական մրցակիցներն ու ընդհանրապես ովքեր են մասնակցելու ընտրություններին: Ինչպե՞ս կգնահատեք չմիավորված ընդդիմության շանսերը:
— Այո, արդեն իսկ պարզ է եւ վերջնական ձեւավորվում է առաջիկա ընտրությունների հիմնական մասնակիցների ցանկը: Հասկանալի է արդեն, որ հիմնական մրցակցությունը լինելու է Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի ձեւավորած ուժերի միջեւ, եթե Նիկոլ Փաշինյանը վերջին պահին չիրականացնի մոլդովական սցենար, եւ անգամ գրանցելուց հետո, ընտրական ցուցակներից չհանի Սամվել Կարապետյանի միավորումը:
Իհարկե, դա կլինի աղմուկ, նույնիսկ եվրոպական կառույցների համար: Բայց նրանք անգամ գնացին օրենսգիրք փոխելու ճանապարհով, որ Կարապետյան անունը չլինի ընտրական ցուցակներում, քանի որ դաշինքի անունը որոշված էր «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ», սակայն իմանալով Նիկոլի կյանքի ձգտումը՝ ցանկացած գնով վերարտադրվելու, ես չեմ բացառում, որ նման սցենար եւս կլինի:
— Սոցհարցումները ցույց են տալիս, որ որեւէ քաղաքական ուժ 50+1 տոկոս չի կարող հավաքել: Հիմնական մրցակիցները գոնե մինչեւ այս պահը հերքում են, որ խորհրդարանում պատրաստ են միավորվել մյուսի վարչապետի թեկնածուի շուրջ: Այս իրավիճակում հույս կա՞ Նիկոլ Փաշինյանից ազատվելու:
— Այո, ակնհայտ է, որ որեւէ քաղաքական ուժ ձայն չի հավաքում, մեծամասնությւն չի վերցնում ու տեսնում ենք խայտառակ անբարո վիճակ ընդդիմադիր դաշտում, երբ այս ռեժիմի դեմ պայքարելու փոխարեն, կարծես, իրենք միմիանց դեմ են պայքարում: Երբ ընտրություններին հայտ ներկայացրած ինչ-որ ընդդիմադիր ուժ իր շարքերում, ովքեր ցուցակում հետին տեղում է, ասում է՝ հանգիստ եղեք, մեր հույսը այն է, որ Կարապետյանին չգրանցեն, այդ դեպքում բոլորդ կանցնեք, այստեղ արդեն, ցավոք, ցանկացած խոսակցություն ավարտված է: Կարող էր աշխատել այն տարբերակը, երբ ընդդիմադիր ուժերը միավորվեին գոնե 2-3 բլոկների մեջ: Այն քաղաքական ուժերը, ովքեր ակնհայտ է, որ չեն էլ մոտենալու ընտրական շեմին, ստանալու են 1,1 ու կես տոկոսներ, դրանով ուղղակիորեն փոշիցնելու են ընտրական ձայները: Մեր օրենսդրությունը այնպիսի է, որ նման իրավիճակում շահելու է Նիկոլը: Այս պահի դրությամբ հաշվել եմ, 10 տոկոսի չափ ձայն փոշիանալու է: Որեւէ ուժի անուն չեմ ցանկանում տալ, որպեսզի հակաքարոզչություն չընկալվի, սակայն նրանք չեն անցնելու եւ այս պահի դրությամբ այդ փոշիացած ձայների առնվազն 4 տոկոսը գնալու է ՔՊ-ին: Այսպիսի ընդդիմոթյան պայմաններում, ցավոք, ես լավատեսության որեւէ հիմք չեմ տեսնում:
— Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանն իր սրտիկներով եւ խաղաղության թեզերով կարողանալո՞ւ է ընտրազանգվածին համոզել այս անգամ էլ իրեն ընտրել, երբ նախընտրական ծրագրում ներառել է Կաթողիկոսին գահընկեց անելու գործընթաց:
— Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը տարբեր «գնթունիկներ» մտած, պեռաշկի ուտելով, իր կրծած քարտեզը ժողովրդին բաժանելով, իր քարոզարշավն է անում՝ հսկայական քարոզչությություն ներկայացնելով ընդդիմությանը: Այո, նա խաղում է մեծ խաղաքարտերով, որտեղ նախընտրական ծրագրում ուղղակի հակասահմանադրական դրույք կա՝ Կաթողիկոսին հանգստի կոչելու եւ տեղապահ նշանակելու: Սա հստակ հայտ է, որ հենց վերընտրվեցի, 2-3 օր հետո՝ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը չի լինելու:
Գիտեք, ես շատ եմ լինում հանրապետության տարբեր բնակավայրերոմ եւ պետք է ասեմ, որ երկու եզրույթ Նիկոլը կարողացել է աշխատացնել՝ ես խաղաղություն եմ, մյուսները՝ պատերազմ, եւ այս առողջապահական ապահովագրությունը, որն, ի դեպ, պարզ չէ, թե այդ գումարները իրենք որտեղից են վերցրել, քանի որ պետբյուջեյով նման գումարներ նախատեսված չի եղել 2026 թվականի համար, ու հասկանալի է, որ ընտրական փուլից հետո, այս համակարգը պարզապես չի գործելու կամ տրաքելու է: Սակայն, ում հետ խոսում ես, ասում են՝ ես 4 միլիոն դրամի վիրահատություն արեցի, մյուսը 2 միլիոնի եւ այսպես շարունակ: Եկեք չմեղադրենք մեր ժողովրդին: Տարիներով իր ստենդավորմանը սպասողն այսօր իր այդ խնդիրը լուծել է: Եվ ինչ է սա, եթե ոչ օրինականացված ընտրակաշառք; Սակայն, այս ամենին կարելի էր հակազդել եւ ժողովրդին բացատրել, որ եթե քեզ ստենդավորել են, դա պատճառ չի գնալ ընտրել մեկին, ով ասում է, որ 300 հազար ադրբեջանցի գան այստեղ՝ «օկ է», դեռ մենք տարածքներ եւ բնակավայրեր ունենք տալու Ադրբեջանին եւ այլն: Սակայն քանի որ մեր ընդդիմությունը իսկանդերն առած մեկը մյուսի տակ է փորում, ժողովրդի հետ անկեղծ խոսացող, ավաղ, չկա:
«ՆԻԿՈԼԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՅԱԼ ԳՈՐԾԻՔՆ Է»
— Մայիսի 1-4-ը Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում։ Ինչպե՞ս պետք է հայ հանրությունն ընդունի նրանց եւ ի՞նչ մեսիջ է պետք հաղորդել եվրոպացիներին ընտրություններին ընդառաջ։
— Այո, մայիսին շատ լուրջ սամմիթ է նախատեսված Հայատանում: Այս սամմիթի միակ նպատակը նախընտրական շրջանում Նիկոլին աջակցություն հայտնելն է: Ես նույնիսկ չեմ զարմանա, որ ինչ-որ մի շրջանում կստորագրվի վիզաների ազատականացման որեւէ օրենք եւ մեր շատ «սիրելի» Բաբկեն Թունյանի «պողոսներին» խաբեն ասեն, որ դու հեսա դառնում ես Եվրոպական միության անդամ, եւ սա աշխատելու է:
Անիմաստ է եվրոպական կառույցներին եւ եվրոպական լիդերներին ինչ-որ բան ասելն ու ապացուցելն՝ այն պարզ պատճառով, որ իրենք ամեն ինչ լավ գիտեն: Գիտեն, որ Հայաստանը վաղուց հեռու է ժողովրդավարությունից, Հայաստանում ուղղակիորեն աֆտորիտար ռեժիմ է հաստատված, բայց այդ ամենն իրենց հարմար է, քանի որ Նիկոլն այն կատարյալ գործիքն է, որով Արեւմուտքը, Եվրպան լուծում է իր խնդիրները մեր տարածաշրջանում Ռուսաստանի հետ: Ուստի, ոչինչ ասել պետք չէ: Վստահ եմ, որ ինչ-որ պիկետներ կլինեն եւ այլն, բայց դա կրկին բան չի փոխելու:
— Տիկին Զոհրաբյան, իսկ այս գագաթնաժողովն ինչքանո՞վ կնպաստի ՔՊ-ի վերարտադրմանը:
— Ոչ միայն կնպաստի, այլ մեծապես օժանդակելու է Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը, որովհետեւ մենք այստեղ տեսնելու ենք Մակրոնին, Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Եվրոպական միության մյուս լիդերներին, ովքեր, բնականաբար, Փաշինյանին սարքելու են Չերչիլին հավասար պետական քաղաքական գործիչ, իսկ մեր հասարակությունը շատ զգայուն է այդպիսի բաների հանդեպ: Այնպես որ, այս այցը հսկայական քարոզչական էֆեկտ է ունենալու, որը ավելացնելու է ռեժիմի վերընտրվելու շանսը:
— Դուք այս ընտրություններում ունե՞ք հրապարակային որոշում, թե ում եք սատարելու:
— Դեռ որոշում չունեմ, քանի որ հետեւում եմ ընդդիմադիր ուժերին: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ անիմաստ թիթեռ նկարելուց բացի՝ ինչ ռեալ այլընտրանք առաջարկելո՞ւ են: Բնականաբար, ոչ Նիկոլին, մնացածը կտեսնենք:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

