«Ժողովուրդ». Փոսերի տակ մնացած վարկանիշ. Ավինյանը սեփական ձախողման համար մեղավորներ է փնտրում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքային իշխանության ներսում նյարդային մթնոլորտ է։ ՔՊ-ում հարցումներով փորձում են հասկանալ, թե ինչպես անել, որ մայրաքաղաքում իշխանության ձայները ավելանան։
Սակայն իշխանության ներսում հենց այստեղ էլ սկսվում է լուրջ հակասությունը։ Քաղաքապետարանը ճնշում է թաղապետերին, իսկ թաղապետերը հերթով արդարանում են՝ ասելով, թե այդ վարչական շրջաններում ընտրողի դժգոհության գլխավոր պատճառը ոչ թե իրենց աշխատանքն է, այլ քաղաքի վիճակը։ Նրանց հիմնական փաստարկը պարզ է՝ փողոցների փոսերը, ասֆալտի խայտառակ որակը, կիսատ ու անորակ աշխատանքները դարձել են թիրախավորման առիթ, և այդ ամենի քաղաքական գինը հիմա փորձում են վճարել վարչական շրջանների ղեկավարների հաշվին։
Սակայն թաղապետերն էլ իրենց հերթին հասկացնում են, որ փոսի, ասֆալտի, ճանապարհաշինական խայտառակ վիճակի հետ անմիջական կապ չունեն։ Այսինքն՝ ստացվում է փակ շղթա․ քաղաքապետարանը ձայն է պահանջում, թաղապետերը հակադարձում են, որ քաղաքացին ամեն օր տեսնում է փոս ու փչացած ասֆալտ։
Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ ՔՊ-ն փորձում է փրկել Երևանում իր դիրքերը ոչ թե կառավարման արդյունքներով, այլ վարչական ճնշմամբ։
Կարճ ասած՝ այսօր Տիգրան Ավինյանը ոչ թե լուծում է տալիս խնդրին, այլ սեփական ձախողման համար մեղավորներ է փնտրում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

