Ընդդիմության ներքին հակասությունները հաղթահարել չի ստացվում. Մելիք-Շահնազարյան
ՆերքաղաքականՆախընտրական անցուդարձի, ընդդիմության չմիավորվելու եւ դրա հետեւանքների մասին «Իրավունք»-ը զրուցել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս կգնահատեք նախընտրական այս շրջանը եւ չմիավորված ընդդիմության շանսերը:
— Նախ ասեմ, որ իրավիճակը բավականին լարված է, եւ կա գիտակցությունն այն բանի, որ հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եթե վերարտադրվի, ապա Հայաստանը լուրջ մարտահրավերների եւ սպառնալիքների առջեւ է կանգնելու: Սա լրացուցիչ լարվածություն է բերում քաղաքական մրցակցության մեջ: Ընդ որում` լարվածություն երկու կողմից: Այսինքն, փաշինյանական կողմն էլ հասկանում է, որ ընտրություններում պարտվելու դեպքում, կորցնելու է ամեն բան եւ կանգնելու է արդարադատության առջեւ: Դրա համար, այսպես պատկերավոր ասած՝ կյանքի եւ մահվան կռիվ են տալիս, թե՛ իշխանությունը՝ սեփական ազդեցությունը պահպանելու եւ նաեւ իրավական պատասխանատվությունից խուսափելու համար, եւ թե՛ ընդդիմադիր դաշտը, որը հասկանում է, որ Հայաստանը նույնպես մարտահրավերների առջեւ է կանգնած եւ այս ընտրություններում պարտությունը կարող է շատ թանկ նստել մեր երկրի վրա: Բայց կհաջողվի արդյոք ընդդիմությանը հաղթել, թե՝ ոչ, կդժվարանամ ասել:
Ես գիտեմ, որ պոտենցյալը կա, որովհետեւ ժողովուրդը մերժում է Փաշինյանի իշխանությանը: Սակայն տեսնում եմ, որ այդ պոնտենցյալի իրացման ուղղությամբ աշխատանքները, մեղմ ասած, այդքան էլ արդյունավետ չեն: Այսինքն, կա խնդիր, որ աշխատանքի բաշխում լինի, ընդդիմությունը չփորձի ձայներ գողանալ միմիանցից, այլ աշխատի, այսպես ասած, տանը մնացող զանգվածի վրա՝ փորձելով մարդկանց բերել ընտրատեղամասեր: Այսինքն, նման աշխատանքներ պետք է տարվեն, բայց տեսնում ենք, որ ներքին հակասությունները հաղթահարել չի ստացվում եւ, ըստ էության, դա ինձ լարում է, քանի որ մտածում եմ, որ ընդդիմության չանցնելու ռիսկերը մեծ են: Չնայած, որ պոտենցյալը նույնպես մեծ է, որ կհաղթեն:
«ՊԵՏՔ Է ՄԵԾ ՊԱՅՔԱՐԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՁԵՎԱՎՈՐԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՂԹԱՆԱԿ ԼԻՆԻ»
— Ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք, մինչ այս պահը չկա միավորում, ավելին՝ կան կասկածներ, թե ԱԺ մտնելուց հետո արդյոք պատրաստ են միավորվել ընդդիմադիրները մեկը մյուսի վարչապետի թեկնածուի շուրջ:
— Ես կարծում եմ, որ խորհրդարան անցնելուց եւ մեծամասնություն ստանալուց հետո, այդ հարցն ավելի հեշտ կլինի լուծել: Խոսքս վարչապետի թեկնածուի շուրջ համաձայնության գալու մասին է: Բայց լիարժեք վստահություն այդ հարցում չունեմ, քանի որ, ինչպես տեսնում եմ, ընդդիմության մեջ տարաձայնություններն իրականում շատ-շատ են, իսկ գիտակցությունը, թե ինչ լուրջ վտանգի առջեւ է կանգնած մեր երկիրը, այդքան էլ դրան համարժեք չէ: Այսինքն՝ տարաձայնությունները հաճախ գերնշանակություն են ունենում, քան այդ գիտակցությունը, ինչը շատ ցավալի եւ անընդունելի է ինձ համար: Բայց մտածում եմ, որ ամեն դեպքում, խորհրդարան անցնելուց հետո, գոնե թե նաեւ հանրային ճնշման միջոցով, ինչպես դա օրինակ եղավ Գյումրիում, կարելի կլինի հասնել նրան, որպեսզի ընդդիմության մեջ ավելի շատ ձայն հավաքած ուժը վարչապետի թեկնածու առաջարկի եւ մնացած ուժերը միանան: Իսկ եթե չմիանան, ինչպես ասում են` պատմությունն ու ժողովուրդն իրենց դատավոր:
— Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանը կարողանալո՞ւ է հաղթահարել անցողիկ շեմն այն ամենից հետո ինչ արեց Եկեղեցու հանդեպ եւ մի հատ էլ իր նախընտրական ծրագրում ներառել է Կաթողիկոսին գահընկեց անելու գործընթաց:
— Դե գիտեք, մերժումը կա, այսինքն՝ նրան չեն ընդունում եւ մերժում են: Բայց կոնկրետ գործողությունների եւ վճռականության պակաս կա: Մարդը հայրենիք է հանձնել, Արցախ է հանձնել, այդքան զոհերի պատճառ է դարձել, Հայաստանի տարածքներից է զիջումներ արել: Հիմա արդեն, ըստ էության, Սյունիքում Ադրբեջանին միջանցք է տրամադրում՝ չվերահսկվող միջանցք եւ այլն: Բոլոր այս պատճառները` առանձին-առանձին վերցրած, իհարկե, նաեւ եկեղեցու դեմ նրա արշավը, պետք է արդեն նրան վճռական քայլերով հեռացնեին: Բայց այդ բոլոր թվարկածս դեպքերում չի ցուցաբերվել վճռականություն, հիմա դժվար է ասել, որ կաթողիկոսի համար կցուցադրվի: Ամեն դեպքում, մինչ այս պահը, որ տեսնում եմ, թե ինչ քարոզարշավի մեջ է մեր ընդդիմությունը, տպավորությունն այնպիսին է, որ նրանք ամեն ինչ շատ հանգիստ են ընկալում, եւ այսպես սովորական քարոզարշավ են անում: Փողոց դեռ չեմ տեսնում: Լավ է, որ «Ուժեղ Հայաստան»-ը ցույց արեց ու ներկայացրեց, որ կան աջակիցների մեծ բանակ, բայց այդ բանակը պետք է հանել փողոց եւ ընդհանուր մեծ պայքարի մթնոլորտ ձեւավորել, որպեսզի հաղթանակ լինի: Հակառակ պարագայում չի լինելու այդ հաղթանակը:
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԵՍԱՆՏԸ ԼԾՎԵԼՈՒ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԳՈՐԾԻՆ»
— Մայիսի 1-4-ը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում։ Ի՞նչ սպասենք այդ գագաթնաժողովից, արդյոք այն կապ ունի ընտրությունների հետ:
— Միանշանակ կապ ունի: Եվրոպացիները շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում մինչ ընտրություններ այդ գագաթնաժողովն անելը: Փաշինյանի մոտ հենց այդ իմաաստով է միտք հղացել, որ ստանա միջազգային աջակցություն, իսկ եվրոպացիները դեմ չեն աջակցություն ցուցաբերելու, որպեսզի ՔՊ-ն վերընտրվի: Հակառակ պարագայում, նաեւ դիմումներ են եղել քաղաքական դաշտից, որ եկեք ձեր գագաթնաժողովը կազմակերպեք ընտրություններից հետո, որպեսզի դա չունենա ազդեցություն, սակայն այդ առաջարկը նույնիսկ չի էլ դիտարկվել եվրոպացիների կողմից:
Բացի այդ, նրանք բացահայտ հայտարարում են այն մասին, որ աջակցում են Փաշինյանին: Կարծում եմ, որ մայիսի սկզբին այդ եվրոպական դեսանտը լծվելու է Փաշինյանի քարոզարշավի գործին ու դա արդեն Փաշինյանի հիմնական խաղաքարտերից մեկն է, որ նրանք պատրաստվում են օգտագործել իրենց քարոզարշավի ընթացքում: Դրա համար ես դա ավելի շատ դիտարկում եմ զուտ որպես աջակցություն Փաշինյանին, իսկ թե ինչ դա կտա Հայաստանին՝ ոչինչ: Այս պարագայում Արեւմտյան հանրությունը եւ հատկապես Եվրոպան, Հայաստանը դիտարկում են որպես սպառման ռեսուրս՝ Հայաստանի հաշվին թուրքերի հետ հարաբերություններ կառուցեն եւ այլն:
— Պարոն Մելիք-Շահնազարյան, Դուք այս ընտրություններում ո՞ւմ եք սատարելու:
— Վերջնական որոշում դեռեւս չունեմ, բայց վստահ եմ, որ դա լինելու է իրական ընդդիմադիր ուժ: Այսինքն, որ ուժի գործողության մեջ ամենաշատ վճռականություն տեսնեմ, քվեարկելու եմ նրանց օգտին: Այս պահի դրությամբ հիմնական երկու թեկնածուներն ինձ համար «Ուժեղ Հայաստան»-ն է եւ «Հայստան» դաշինքը: Ամեն բան կախված է քարոզարշավից, նրանց կողմից ցուցաբերված վճռականությունից:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

