Հայաստանն ինձ մոտ ասոցացվում է լեռների, ծիրանի, խաղողի, Արարատի եւ հայտնի հայկական կոնյակի հետ. Անաստասիա Ռայինսկայա
Մշակութային«ՊԱՇՏՈՒՄ ԵՄ ԴՈՒԴՈՒԿԸ»
Բազմաշնորհ անձնավորություն է ԱՆԱՍՏԱՍԻԱ ՌԱՅԻՆՍԿԱՅԱՆ՝ պրոդյուսեր, երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, մշակութային միջոցառումների կազմակերպիչ, «ՄեդՎեդ» կանանց ֆուտբոլային ակումբի հիմնադիր եւ հասարակական գործիչ։ Նա վառ օրինակ է, թե ինչպես արվեստն ու քաղաքացիական դիրքորոշումը կարող են միահյուսվել՝ ոգեշնչելով շրջապատին կարեւոր քայլերի։ Անաստասիան ոչ միայն ստեղծագործում է, այլեւ ակտիվորեն մասնակցում է կամավորական գործունեությանը, հանդես գալիս զինվորների առջեւ Հատուկ ռազմական գործողությունների գոտում եւ վարում հասարակական ակտիվ կյանք։ «Իրավունք»-ի հետ բացառիկ զրույցում նա պատմում է իր աշխատանքի, ընտանիքի, համերգների, հայկական մշակույթի նկատմամբ հետաքրքրության եւ շատ այլ թեմաների մասին։
«ՀԱՏՈՒԿ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՏԻՆ ՄԵԶ ՄՏԵՐՄԱՑՐԵՑ»
— Դուք երգչուհի եք, պրոդյուսեր, ֆուտբոլային ակումբի հիմնադիր եւ բարերար։ Ինչպե՞ս եք ամեն ինչ հասցնում։
— Իրականում ինձ մոտ հիմա ավելի հանգիստ շրջան է. սովորել եմ ժամանակ տրամադրել ինքս ինձ, զբաղվել ինձնով, այլ ոչ թե անընդհատ քաոսի մեջ լինել։ Այդ պատճառով ամեն ինչ համատեղելի է դարձել։ Ակտիվությունն այնքան էլ մեծ չէ, բայց երբեմն լինում են պահեր, երբ այն շատանում է, եւ ես սկսում եմ ինչ-որ բաներ բաց թողնել կամ մոռանալ։ Ամեն ինչ գրում եմ. ունեմ օրագիր, որտեղ ամեն օր գրանցում եմ առաջադրանքները։ Եթե միջոցառումը մի քանի ամսից է, այն նշում եմ հեռախոսի օրացույցում։ Բայց ավելի շատ սիրում եմ գրել գրիչով։ Ես օրագրերի մոլի սիրահար եմ. տարիներ շարունակ գրում ու նշում եմ կատարվածները։ Ունեմ նաեւ առօրյա փոքր գործերի ցուցակ, որտեղ նույնպես նշումներ եմ անում, բայց միշտ չէ, որ ամեն ինչ հասցնում եմ։
— Ո՞ր երգն եք ամենաշատը սիրում կատարել։
— Այս պահին ինձ շատ հարազատ է վերջին երգերից մեկը՝ «Հատուկ ռազմական գործողությունների գոտին մեզ մտերմացրեց»։ Այն ինձ համար առանձնահատուկ է. փոփ-ռոք ոճ է, բայց շատ խոր իմաստով, որը միայն հարաբերությունների մասին չէ, այլ ավելի խորքային։ Այն կատարելով՝ կարող ես արտահայտել քո զգացմունքները։ Ինձ համար նաեւ կարեւոր է, որ երգը ծնվել է հենց Հատուկ ռազմական գործողությունների գոտում, քանի որ այնտեղ, որքան էլ տարօրինակ է, իմ անձնական կյանքը նույնպես նոր մակարդակի բարձրացավ. մենք ավելի մտերմացանք։ Կա նաեւ «Ինձ լցնում է սերը» երգը. շատ զգայական է, ինձ համար նույնպես առանձնահատուկ։ Իմ բոլոր 40-ից ավելի երգերից հենց այս մեկն եմ ուզում կատարել նվագախմբի հետ եւ սպասում եմ այդ պահին։
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՃԱԽ ԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԱՅՆ ԱՄԵՆՈՒՄ, ԻՆՉԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ»
— «Պատերազմի երեխաները» երգը շատ հուզիչ է։ Ինչպե՞ս ծնվեց այն գրելու գաղափարը։
— Այս երգը գրվել է իմ տատիկի պատմությունների հիման վրա, ով, ցավոք, անցած տարի լքեց աշխարհը։ Մի քանի տարի առաջ աշխատում էի նրա գրքի վրա եւ տատիկիս ծննդյան օրվա առթիվ հասցրի հրատարակել այն։ Գիրքը, ի դեպ, պետք է վերահրատարակվի, որովհետեւ շատերն են ուզում կարդալ նրա դժվար կյանքի մասին։ Տատիկիս պատմությունները Հայրենական մեծ պատերազմից ու նրա ռազմական մանկությունից ինձ ոգեշնչեցին գրել երգը, սակայն մի քանի տող չէի կարողանում հորինել, ուստի` օգնության համար դիմեցի մայրիկիս։ Այսպիսով, երգը ստեղծվեց երեքիս՝ տատիկիս, մայրիկիս եւ իմ կողմից։ Դա ընտանեկան ստեղծագործական միություն էր, եւ արդյունքում ստացվեց լավ երգ։
— Կպատմե՞ք «Ինչպես Ռուսաստանը» երգի մասին։ Ի՞նչ էիք ուզում արտահայտել դրանով։
— «Ինչպես Ռուսաստանը» երգն իմ կյանքում մի զարմանալի պահ էր՝ կապված անձնական հարաբերությունների հետ։ Ինձ մեղադրում էին բառացիորեն ամեն ինչում, նույնիսկ այն բանում, ինչում մեղավոր չէի։ Եվ որպեսզի չկոտրվեմ, դիմանամ այդ բացասական հոսքին, զուգահեռ անցկացրի Ռուսաստանի հետ. Ռուսաստանին նույնպես հաճախ են մեղադրում այն ամենում, ինչի հետ կապ չունի։ Այդ ժամանակ մտքովս անցավ՝ «Ես Ռուսաստանի նման եմ», եւ դա ինձ ուժ տվեց չկոտրվելու։ Գիտեմ, որ որոշ մարդկանց այս համեմատությունը կարող է չափազանց համարձակ կամ նույնիսկ ամբարտավան թվալ, բայց այդ ծանր իրավիճակում հենց դա օգնեց ինձ դիմանալ ու ավելի ուժեղ դառնալ։ Ի դեպ, տեսահոլովակում ձեռքերի միացումը հաշտության խորհրդանիշ է. ինձ համար կարեւոր էր վերջին կադրը մեր ձեռքերով անել։
«ԿՐԱՍՆՈԴԱՐԸ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ՈՉ ՊԱԿԱՍ, ՔԱՆ ԴՈՆԵՑԿԸ»
— Ինչպե՞ս Ձեր մայրիկն ընդունեց Հատուկ ռազմական գործողությունների գոտի մեկնելու որոշումը։
— Մայրիկս շատ էր անհանգստանում, բայց իմացավ արդեն այն բանից հետո, երբ ես այնտեղ էի։ Չէի ուզում նախապես ասել, որովհետեւ գիտեի, թե որքան է անհանգստանալու։ Սահմանն անցնելուց հետո գրեցի նրան, եւ նա ամեն օր աղոթում էր, որ ամեն ինչ լավ լինի։ Հիմա, ինձ թվում է, մի փոքր ավելի հանգիստ է վերաբերվում։ Ավելին, այսօր Կրասնոդարի երկրամասը հարձակումների է ենթարկվում ոչ պակաս, քան Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, երբեմն նույնիսկ ավելի շատ։ Դժվար է ասել, թե որ կողմում է այսօր ավելի ապահով։ Ես հավատում եմ ճակատագրին. եթե ինչ-որ բան վիճակված է պատահելու, ուրեմն՝ այդպես էլ կլինի։ Ունեմ ուժեղ պահապան հրեշտակ, ով ինձ բազմիցս պաշտպանել է։ Հատկապես երբ կողքիս է իմ սիրելի տղամարդը, ես ավելի հանգիստ եմ զգում։ Առանց նրա, հավանաբար, այդքան հանգիստ չէի լինի, բայց վախը, իհարկե, միշտ կա։ Վերջին այցելության ժամանակ հյուրանոցում վերջին հարկում էի ապրում եւ դրանից մի փոքր լարված էի, նույնիսկ խնդրեցի համարը փոխել, բայց ազատ համար չկար։ Հանգստացրին, որ Դոնբասի վերեւում կա պաշտպանական համակարգ, մի տեսակ «գմբեթ», որը կանխում է հակառակորդի հարձակումները։
— Ի՞նչ եք զգում զինվորների առջեւ ելույթ ունենալիս։ Ո՞ր համերգն էր ամենահիշարժանը։
— Ես սիրում ելույթ ունենալ զինվորականների համար. նրանք առանձնահատուկ հանդիսատես են։ Ամենավառ համերգներից մեկը նախորդ տարի Ձերժինսկու դիվիզիայում կայացած համերգն էր։ Տղաների արձագանքն ինձ իսկապես ապշեցրեց. այնպիսի զգացողություն ունեի, կարծես, հսկայական համերգային դահլիճում էի ելույթ ունենում, ինչպես «Օլիմպիյսկիում»։ Այդ պահին ինձ զգացի իսկական աստղ, հայտնի արտիստ, ով երգում է իր երկրպագուների առջեւ։ Իհարկե, նման զգացողություններ միշտ չեն լինում, բայց այս համերգն ինձ համար շատ ուժեղ ու հիշարժան էր։
«ՇԱՏ ՀՈՒԶԻՉ Է, ԵՐԲ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՂԻԿՆԵՐ ԵՆ ՆՎԻՐՈՒՄ»
— Ինչո՞վ են տարբերվում այդ համերգները:
— Զինվորների համար նախատեսված համերգները բոլորովին այլ մթնոլորտ ունեն։ Նրանց աչքերում կարելի է տեսնել տարբեր զգացմունքներ ու ապրումներ, որոնք նման չեն խաղաղ կյանքում հանդիսատեսի տրամադրությանը։ Մարդիկ, ովքեր ամեն օր բախվում են վտանգի, կորցնում ընկերներին ու ծառայակիցներին, աշխարհին այլ կերպ են նայում։ Նրանց միավորում է մարտական եղբայրությունը, եւ դա շատ լուրջ հուզական վիճակ է։ Արտիստի համար կարեւոր է զգալ նուրբ սահմանը՝ չանդրադառնալ ցավոտ թեմաներին, բայց միաժամանակ բարձրացնել մարտական ոգին եւ դրական հույզեր պարգեւել։ Աշխատում եմ նաեւ ուշադիր լինել բեմական կերպարիս նկատմամբ. այն պետք է լինի կանացի ու գեղեցիկ, բայց ոչ սադրիչ, այլ արժանապատիվ ու հարգալից։ Հասկանում եմ, որ բոլորին գոհացնել հնարավոր չէ։
— Ի՞նչն է Ձեզ համար առանձնապես արժեքավոր այդ համերգներին։
— Շատ հուզիչ է, երբ զինվորականները ծաղիկներ են նվիրում։ Երբ առաջին անգամ դա պատահեց, ելույթ էինք ունենում անտառում, եւ ես զարմացա, թե որտեղից այդքան գեղեցիկ ծաղկեփունջը։ Կարծում եմ, զինվորների համար մեծ նշանակություն ունի կին-արտիստի ուշադրությունն ու ներկայությունը։ Նրանց կողմից նման ժեստն աներեւակայելի հուզիչ է։ Մի անգամ նույնիսկ նվիրած ծաղիկներն ինքնաթիռով հետս Մոսկվա բերեցի։
— Սպասե՞նք նոր երգերի մոտ ապագայում։
— Իհարկե։ Հիմա աշխատում եմ Ալսինայի հետ նոր համատեղ երգի վրա, որն իմ ակումբի ֆուտբոլիստուհին է։ Պատահեց այնպես, որ նա նույնպես սկսեց երգել, եւ սա մեր երկրորդ զուգերգն է՝ «Արա այդ» խորագրով։ Հուսով եմ՝ շուտով կավարտենք այն եւ կներկայացնենք։ Չեմ ուզում հետաձգել նաեւ մենակատարային երգերս. կարծում եմ, որ առաջիկա ամիսներին նոր կոմպոզիցիաներ կհայտնվեն։
«ԴՈՒԴՈՒԿՆ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ ՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ Է»
— Ծանո՞թ եք հայկական մշակույթին։
— Այո, թեեւ, հավանաբար, ոչ այնքան խորը, որքան կցանկանայի։ Մեծացել եմ Անապայում, որը հաճախ անվանում են «փոքրիկ Երեւան», քանի որ այնտեղ շատ հայեր են ապրում։ Հայրս շատ հայ ընկերներ ուներ, եւ մանկուց լսել եմ հայկական երգեր, տեսել հայկական պարեր։ Ճիշտ է, հիմնականում ուսումնասիրում էի հունական մշակույթը, քանի որ այն ինձ շատ էր հետաքրքրում։ Հիշում եմ, որ մեր անսամբլի մի աղջիկ երգում էր «Գարուն է բացվել» երգը, այն ինձ այնքան դուր եկավ, որ մի օր ինքս էի ուզում կատարել այն։ Նույնիսկ մի երգչի հետ սկսել էինք զուգերգ պատրաստել, բայց նախագիծը դեռ չի կայացել, չնայած սկիզբն արդեն կա. փորձ է եղել, եւ նույնիսկ գործիքավորումը պատրաստ է։
— Ո՞ւմ շնորհիվ եք ծանոթացել հայկական երաժշտությանը։
— Մեծ մասամբ Դմիտրի Նեստերովի հետ աշխատանքի շնորհիվ, ով «Առնո Բաբաջանյանի հիշատակի» հիմնադրամի մեներգիչն է։ Այն ինձ հնարավորություն տվեց ավելի մոտիկից ծանոթանալ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությանը։ Նրա երգերը, իհարկե, մանկուց գիտեի, բայց երբեք չէի մտածել, թե ով է դրանց հեղինակը։ Հիմա գիտեմ, որ նա մեծանուն կոմպոզիտոր է։ Ավելին, մի անգամ նույնիսկ վարել եմ նրա ծննդյան օրվան նվիրված համերգը։
— Էլ ի՞նչն եք սիրում հայկական մշակույթից։
— Պաշտում եմ դուդուկը։ Երբ առաջին անգամ լսեցի այս գործիքի հնչողությունը, ապշեցի։ Իմ երգերից մեկում ես հատուկ խնդրեցի դուդուկ ավելացնել գործիքավորման մեջ։ Ինձ համար դուդուկն աներեւակայելի գեղեցիկ ու զգացմունքային գործիք է։
— Ինչի՞ հետ եք ասոցացնում Հայաստանը։
— Հայաստանն ինձ մոտ ասոցացվում է լեռների, ծիրանի, խաղողի, իհարկե, Արարատի եւ հայտնի հայկական կոնյակի հետ, թեեւ ես ինքս այն գրեթե չեմ խմում։ Երբեք չեմ եղել Հայաստանում, բայց շատ եմ ուզում գնալ։ Ինձ թվում է՝ դա առանձնահատուկ մթնոլորտով, հյուրասեր ու ջերմեռանդ ժողովրդով երկիր է։
«ՈՄԱՆՔ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ԵՍ ՀԱՅՈՒՀԻ ԵՄ…»
— Հայ ընկերներ ունե՞ք։
— «Ընկեր» բառին շատ զգույշ եմ վերաբերվում, ուստի՝ չեմ կարող ասել, որ ունեմ հայ ընկերներ, բայց ունեմ լավ ծանոթներ, լավ բարեկամներ՝ եւ՛ Անապայում, եւ՛ Մոսկվայում։ Հիանալի արտիստուհի է Կարինե Ասիրյանը՝ «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» եւ Մոսկվայի օպերետի թատրոնի մեներգչուհին։ Ես հիանում եմ նրա խարիզմայով։ Մանկությանս եւ պատանեկությանս տարիներին երգել եմ հայերի հետ անսամբլում։
Անապայում մի ընկերուհի ունեմ։ Նա հայ չէ, բայց երբ հնչում է «Ջան բալես» երգը, նա միշտ բարձրանում է պարելու, չնայած սովորաբար նրան սեղանից վեր չես կարողանում բարձրացնել։ Ես, իհարկե, միշտ պարում էի նրա հետ։ Հատուկ նայում էի հայկական շարժումները եւ կրկնում դրանք։ Ոմանք նույնիսկ կարծում էին, թե ես հայուհի եմ։ Մտածում էին՝ որտեղի՞ց ինձ այդքան հմտություններ: Նաեւ սիրում եմ «Հայաստան իմ» («Армения моя») երգը։ Իսկ Արարատի մասին մայրիկս ինձ երգում էր մանկության ու պատանեկության տարիներին. «Արարատի գագաթին ձյուն է պառկել շուրջը, սարեր՝ ձախ, սարեր՝ աջ. հրաշալի վայրեր» («На вершинах Арарата снег лежит кругом, горы слева, горы справа — чудная места»)։ Այս տողերը հիշեցի ամբողջ կյանքիս համար։ Հուսով եմ՝ կկարողանամ լինել Հայաստանում։ Ենթադրում եմ, որ շատ գեղեցիկ երկիր է, իսկ հայերը, իհարկե, յուրահատուկ ժողովուրդ են՝ շատ հյուրընկալ ու շատ աղմկոտ։ Շատ եմ ուզում գալ Հայաստան հյուրախաղերի։
— Կարո՞ղ եք հիշել հայերի հետ կապված հետաքրքիր դեպքեր։
— Երբ «Այրված արեւ»» ՈՒՀԱ թիմը մեծ ճանաչում ստացավ, նրանք եկան Անապա ելույթ ունենալու։ Այդ ժամանակ ես հոդվածներ էի գրում տեղական թերթի համար եւ առաջարկեցի հարցազրույց վերցնել նրանցից։ Նրանք ինձ հրավիրեցին խնջույքի՝ զրուցելու։ Ես գնացի մի ընկերուհու հետ։ Ուշ երեկոյան թիմի աստղը, այսօր հայտնի ռուս հումորիստ ու դերասան Միխայիլ Գալուստյանը ճանապարհեց մեզ տուն։ Դա շատ սիրուն էր։ էլի պատմություններ կան, բայց հենց այս պահին չեմ հիշում։
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Մոսկվա-Երեւան

