Թաթոյանն այդքան գումար որտեղի՞ց է դիզել. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀայաստանյան քաղաքական դաշտն իր շրջադարձներով ու վայրիվերումներով, ուղղակի, ունիկալ է: Երեկ դատական նիստից հետո Գյումրիի քաղբանտարկյալ քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ, անդրադառնալով հարցին, թե արդյոք աջակցում է գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին, ասաց. «Հետո անպայման կասեմ, բայց որ միանշանակ ընդդիմությանն եմ պաշտպանելու, դա փաստ է։ Չարը խափանվի, բարին կատարվի, մեկ էլ էս տղուն Աստված խելք ու շնորհ տա, ինքն իրան թողնի գնա։ Գնա՛, գնա՛, Նիկոլ ջան, գնա՛ պրծնինք քեզնից»։ Ինչ խոսք, ջիգյարով է ասում պարոն Ղուկասյանը, բայց Աստված էլ չգիտի` հիմա Նիկոլին խելք ու շնորհ տա, որ գնա՞, թե՞ մնա, չէ՞ որ նույն Վարդան Ղուկասյանը 2018 թվականին էլ նույն ջերմեռանդությամբ ասում էր, որ Նիկոլը գա իշխանության: Եվ հենց այստեղ է, որ հայկական քաղաքական իրականությունը վերածվում է մի յուրահատուկ երեւույթի, որտեղ կանխատեսելիությունը գրեթե բացակայում է։
Մեզ շարունակում է զարմացնել «Միասնության թեւեր» նախաձեռնության հիմնադիր ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ, որն իրեն հռչակել է Հայաստանի վարչապետի թեկնածու: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է. «Մեզ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնից, ոչ մի մայրաքաղաքից չեն հովանավորում»: Լավ, համարենք, թե այդպես է, բա ոչ մեկը չի հարցնո՞ւմ՝ ամբողջ կյանքում պետական գործի եղած Թաթոյանն այդքան գումար որտեղի՞ց է դիզել, որ հիմա փողոցները ողողել է իր գովազդային պաստառներով, մեդիադաշտը` իր քարոզչական նյութերով, էլ չասենք մարզերով մեկը մյուսի հետեւից գրասենյակներ բացելու մասին: Եթե, իր իսկ խոսքերով, ոչ մի «աշխարհաքաղաքական կենտրոն» եւ ոչ մի «մայրաքաղաք» չի կանգնած նրա թիկունքին, ապա ո՞րն է այդ հզոր ռեսուրսի աղբյուրը, որ այսպիսի ծավալով ներկայություն է ապահովում թե՛ փողոցում, թե՛ տեղեկատվական դաշտում։ Մի՞թե Հայաստանում արդեն ձեւավորվել է մի նոր՝ «ինքնաբուխ ֆինանսավորվող» քաղաքական ֆենոմեն, որի մասին հասարակությունը պարզապես տեղյակ չէ։ Ի վերջո, հանրությունն իրավունք ունի հասկանալու՝ սա ի՞նչ պատմություն է, որի իրական բովանդակությունը մնում է կուլիսներում։ Եվ ամենահետաքրքիրը՝ այս ամենը ներկայացվում է իբրեւ «անկախության» ապացույց։ Բայց արդյո՞ք անկախությունը չափվում է միայն արտաքին հովանավորների բացակայությամբ, թե՞ նաեւ ֆինանսական թափանցիկությամբ ու հաշվետվողականությամբ։
Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար ՀԱԿՈԲ ԱՎԵՏՅԱՆԻ քաղաքական շրջադարձը շարունակում է զարմանք առաջացնել։ Մարդը, ով 2021-ի ընտրություններին աջակցում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմին եւ բացահայտ քննադատում էր գործող իշխանություններին, այսօր արդեն նույն այդ իշխանության՝ ՔՊ-ի օգտին է ակտիվ քարոզում։ Ավելին՝ Ավետյանը չի անդամակցում ՔՊ-ին, պաշտոն չունի, բայց դա չի խանգարում նրան հրապարակավ աջակցել այն ուժին, որի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է՝ «Արցախը Ադրբեջանի կազմում է»։ Եվ հենց այստեղ է զարմանքը․ ինչպե՞ս է նախկին ընդդիմախոսը հեշտությամբ անցնում իշխանության կողմը՝ հայտարարելով, որ «Արցախի էջը իր համար փակ չէ», բայց միաժամանակ սատարում է այն քաղաքական գծին, որը այդ էջը արդեն համարում է փակված։ Մի ժամանակ իշխանություններին մեղադրող նախկին համայնքապետը այսօր արդարացնում է նույն իշխանությանը՝ նշելով, թե ընդդիմությունն է «խանգարում ծրագրերին»։ Եվ ուշագրավն այն է, որ քաղաքական դիրքորոշման փոփոխությունը ներկայացվում է ոչ թե որպես շրջադարձ, այլ որպես «վերլուծության արդյունք»։ Այս ամենի ֆոնին մնում է մեկ հարց՝ գաղափարներն են փոխվե՞լ, թե՞ պարզապես կողմնորոշումը։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

