Հրապարակային հարթակներում համեմատաբար շատ ավելի լայն սպառում եւ մեծաքանակ դիտումներ ունեն անհարիր պահվածքը. Աշոտ Նուրիջանյան
ԻրավականԽոսքի ազատությունը հանրության մոտ ընկալվում է բառի բուն իմաստով՝ ազատություն: Սակայն, արդյոք այն ինչ այժմ կատարվում է այս նախընրտական շրջանում համացանցում եւ համացանցից դուր դա է իրական խոսքի ազատությունը:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:
—Պարոն Նուրիջանյան, հաճախ մարդիկ խոսքի ազատությունն ու սանձարձակությունը կարծես չեն տարբերում: Անգամ կարող են հայհոյել՝ լինի քաղաքական գործիչ, թե պարզապես քաղաքացի: Որտե՞ղ է սահմանը:
— Խոսքի ազատությունը հանրության մոտ ընկալվում է որպես բացարձակ ազատություն, ինչը հարցի սխալ ընկալում է։ Եթե օրինակ, խոշտանգումների արգելքը բացարձակ արգելք է, և որևէ հիմքով խոշտանգումը չի կարող ընդունելի համարվել, խոսքի ազատության դեպքում այդ նույն «բացարձակությունը» չի գործում։ Այս իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել։
Բոլորին հայտնի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, երաշխավորելով ազատորեն արտահայտվելու իրավունքը, միաժամանակ սահմանում է բացառություններ, ըստ որոնց խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, գաղտնի պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։
Եթե ավելի պարզ և արդիական խոսենք, խոսքի ազատությունից բացառություն են հանդիսանում վիրավորանքը, զրպարտությունը, ատելության խոսքը, բռնության կոչերը, խտրական կարծիքները և այլն։
Առհասարակ, խոսքի ազատության կարելի և չի կարելի սահմաններն այնքան բարակ են, որ պրակտիկայում որպեսզի հնարավոր լինի գնահատական տալ, արդյոք այդ սահմանները հատվել են, պետք է ինչ-որ մեկը դրանք արդեն իսկ հատած լինի։ Վիրավորանքի և զրպարտության դեպքում գործում են մի շարք չափորոշիչներ, որոնք հաշվի պետք է առնվեն, երբ գնահատական է տրվում խոսքի ազատության սահմանազանցմանը։ Այդպիսիք են, օրինակ, բացասական կարծիքի արտահայտման եղանակը, գնահատողական դատողությունների՝ որոշակի փաստերի վրա հիմնված լինելը, վիրավորելու կամ զրպարտելու դիտավորության առկայությունը կամ բացակայությունը, լրջության աստիճանը, սուր կամ նսեմացնող լինելը կամ չլինելը, ողջամիտ հրապարակումների պաշտպանության սկզբունքը, կարծիքի արտահայտումը պայմանավորված գերակա հանրային շահով և այլն։
«ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԽՈՍՈՒՅԹՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՑԱԾՐՈՐԱԿ ԲԱՌԱՄԹԵՐՔ՝ ԱՆՑՆԵԼՈՎ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՐԹ ԽՈՍՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ »
—Հրապարակումների առումով, այժմ չափազանց տարածված երեւույթ է կեղծ նամակագրություններ հրապարակելը, հայհոյելն ու շանտաժը: Դա օրենքով ինչպե՞ս պետք է վերահսկվի:
— Այո, իրավացի եք, մեր օրերում այս առումով հրապարակային հարթակներում թերևս ամենատարածված խնդիրը հայհոյանքն է՝ ստույգ հաստեատիրոջն ուղղված կամ առանց հասցեատիրոջ։
Եթե հեռուստատեսությունը և ռադիոն վերահսկելի են, և նման հարթակներում կարելի է հետևողական լինել, որպեսզի վերը թվարկված բացասական խոսքը չտարածվի, սոցիալական ցանցերը, ցավոք, անվերահսկելի են։
Իմ կարծիքով հայհոյանքների և ատելության խոսքի լայն տարածման երկու պատճառ կա։ Առաջինը ամենաթողությունն է և հասարակության կրթական ու դաստիարակչական ցածր ցենզը։ Հասարակության լայն շերտերը սոցիալական ցանցերում իրենց լիարժեք ազատ են զգում՝ հաշվի չառնելով մի շարք հասկացություններ, որոնք դեռևս խորհրդային տարիներից ներդրվում են հասարակության մեջ՝ կիրթ լինելը, գրագետ խոսելը, կանանց և երեխաների ներկայությամբ հայհոյանք կամ գռեհիկ խոսք չօգտագործելը և այլն։ Երկրորդ պատճառը վատ օրինակն է։ Քաղաքական, հասարակական գործիչները իրենց խոսույթում օգտագործում են ցածրորակ բառամթերք՝ անցնելով գրագիտության և կիրթ խոսքի սահմանները։ Ցավոք սրտի, լրատվական կայքերը դիտումներ հավաքելու կարիքից ելնելով շատ ավելի արագ են տարածում անորակ խոսքը։ Ըստ այդմ, մարդիկ, տեսնելով, որ քաղաքական, հասարակական գործիչները նման խոսելաոճ ունեն, ընդօրինակում են նրանց կամ առնվազն կարծում, որ հայհոյանքներն ու գռեհիկ խոսքն ընդունելի են և չարգելված։ Ընդ որում, այսօր հրապարակայնորեն միմյանց հայհոյում և վիրավորում են, ինչպես ասացիք, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաները։ Եթե նախկինում մարդիկ քննադատում էին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը՝ նշելով, որ հաղորդման մասնակիցների խոսքը հարիր չէ կիրթ և գրագետ հայ հասարակությանը, այսօր մենք կարող ենք նկատել, որ նույնիսկ Ազգային ժողովի բարձր ամբիոնից հնչում է շատ ավելի բացասական, գռեհիկ և անկիրթ խոսք։
Վերջին շրջանում պետության կողմից նկատվում է սոցիալական հարթակներում տարածվող խոսքի նկատմամբ առավել ուշադիր վերահսկողություն, ինչն ունի իր դրական և բացասական կողմերը։ Սկսենք դրականից։ Պետությունը սոցցանցերում պարբերաբար հայհոյելը և կոնկրետ անձանց վիրավորելը սկսեց որակել որպես խուլիգանություն, ինչին ես կողմնակից եմ։ Կարծում եմ, որ խուլիգանությունը (հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով) պարտադիր չէ, որ տեղի ունենա միայն փողոցում կամ հասարակական այլ վայրերում։ Հաշվի առնելով սոցիալական ցանցերի ակտուալությունը և լայն տարածումը՝ նույն արարքը, որը կատարվում է սոցցանում, պետք է հավասարապես պատժվի։ Եթե նախկինում օնլայն տարբերակով խուլիգանություն հանցանքը կատարող անձինք պատասխանատվության չէին ենթարկվում՝ շարունակելով իրենց հանցավոր և հակաբարոյական վարքը, ներկայումս նկատվում է հակառակ պրակտիկան, ինչն իմ կարծիքով իրավաչափ է։ Բացասական կողմը դրսևորվում է նրանում, որ կանխարգելիչ և պատժիչ գործիքակազմը կիրառվում է ընտրողաբար և անհավասար պայմաններում։ Ցավոք սրտի, կախված քաղաքական և այլ հայացքներից, որոշ անձինք պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ մյուսները ենթարկվում են։ Այսինքն, խոսքի ազատության սահմանափակման գործիքակազմը շատ հաճախ ծառայում է ոչ թե որպես հանցավորության դեմ պայմաքարի իրավաչափ միջոց, այլ որպես պատժիչ մահակ և անձին լռեցնելու գործիք։
Համենայն դեպս, իմ կարծիքով, հայհոյանքի, վիրավորանքի և գռեհիկ արտահայտությունների լայն տարածքումը հարկավոր է կասեցնել։ Հրապարակային հարթակներում համեմատաբար շատ ավելի լայն սպառում և մեծաքանակ դիտումներ ունեն անհարիր պահվածք և խոսք պարունակող նյութերը, քան մասնագիտական, մշակութային կամ որևէ այլ բնույթի որակյալ, կիրթ և գրագետ նյութերը։ Կարծում եմ, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է շահագրգռված լինի ապրել քաղաքակիրթ միջավայրում՝ բացառելով թե հանրային ծառայողների, թե հասարակ քաղաքացիների լկտի և գռեհիկ վարքը և խոսքը։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

