Իմ քաղաքացիական պարտքն է՝ բարձրացնել զինվորների մարտական ոգին. Դմիտրի Նեստերով
ՄշակութայինԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հեռուստահաղորդավար, երգիչ, կոմպոզիտոր եւ դերասան ԴՄԻՏՐԻ ՆԵՍՏԵՐՈՎԸ ոչ միայն բեմում է ելույթ ունենում, այլեւ ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ. համերգներ է տալիս հոսպիտալներում եւ զինծառայողների համար: Մարտի 5-ին արտիստը պարգեւատրվել է ՌԴ ազգային գվարդիայի դաշնային ծառայության մեդալով: «Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել նրա հետ՝ անդրադառնալով ստեղծագործական գործունեությանն ու զինվորներին աջակցելու կարեւոր առաքելությանը:
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ ԴՐՈՇՆԵՐ ԵՆ ՆՎԻՐՈՒՄ ԵՐԳՉԻՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԻՑ ՀԵՏՈ
— Շնորհավորում ենք ՌԴ ազգային գվարդիայի դաշնային ծառայության մեդալով պարգեւատրվելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ իմացաք պարգեւատրման մասին:
— Շնորհակալություն շնորհավորանքների համար, ինձ համար հաճելի է: Արդեն մի քանի տարի է՝ մենահամերգներով ելույթ եմ ունենում Ձերժինսկու դիվիզիայի երգի եւ պարի անսամբլի հետ: Դա ինձ համար մեծ ուրախություն է եւ առանձնահատուկ վերաբերմունք, քանի որ հենց այնտեղ է ծառայել իմ պապիկը: Ուստի՝ ինձ համար կրկնակի հաճելի էր, թեեւ ես արդեն ավելի քան քսան մեդալ ունեմ:
— Դուք անցկացրել եք ավելի քան 50 համերգ Հատուկ ռազմական գործողությունների գոտում: Կպատմե՞ք այդ մասին:
— Հիմա ես գնացքի վագոնում եմ՝ մեկնում եմ Հատուկ ռազմական գործողությունների գոտի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ տեղի կունենան երեք մեծ մենահամերգներ նվագախմբի հետ եւ մի քանի համերգներ հոսպիտալներում ու զինվորական խրամատներում: Սա իմ քաղաքացիական պարտքն է՝ բարձրացնել զինվորների մարտական ոգին: Եվ ինձ համար մեծ պատիվ է օգտակար լինել Հայրենիքիս:
— Ըստ Ձեզ՝ ո՞րն է ստեղծագործական ելույթների հիմնական արժեքը մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների համար: Փոխվո՞ւմ է արդյոք նրանց տրամադրությունը համերգից հետո:
— Զինվորների տրամադրությունը շատ է փոխվում: Որոշ համերգներ այնպիսի տպավորություն են թողնում, որ հրամանատարները որոշում են ինձ նվիրել գնդի կամ գումարտակի դրոշը: Այժմ ես ունեմ դրոշների հավաքածու: Եվ սա հենց զինվորների ու հրամանատարների արձագանքն է եւ հույզերը համերգներից հետո: Ես գալիս եմ սրտի թելադրանքով: Դրա մեջ կա կամավորականության գաղափարը՝ լինել բանակի կողքին:
«ԳՈՐԾԵ՛Ք, ԵՂԲԱՅՐՆԵՐ, ՀԱՂԹԱՆԱԿԸ ՇՈՒՏՈՎ ՄԵՐԸ ԿԼԻՆԻ»
— Եթե հնարավորություն ունենայիք զինծառայողներին մեկ կոչ ուղղել, ի՞նչ կլիներ այն:
— Եթե կարողանայի նման կոչ անել, նոր բան չէի հորինի: Կասեի այն, ինչ հասկանում է ամբողջ երկիրը՝ ինչով է ապրում եւ ինչի է սպասում: Կասեի ընդամենը մեկ արտահայտություն. «Գործե՛ք, եղբայրներ, հաղթանակը շուտով մերը կլինի»:
— Ինչպե՞ս է հաջողվում արձագանք գտնել զինվորների շրջանում մարտական գործողությունների գոտում, եւ ո՞ր դեպքերն են ուղեւորություններից առավել հիշարժան եղել:
— Երբեմն հույզերն այնքան են ուժգնանում, որ հրամանատարը կարող է դուրս գալ եւ խնդրել կատարել այս կամ այն երգը: Մի անգամ ես համերգ ունեի Խերսոնի մարզում՝ օդադեսանտային զորքերի գնդի համար: Բոլորը կանգնած էին, նայում էին, շուրջը անտառ էր, իրավիճակը բավական լարված էր: Ինձ համար հատուկ բեմ էին կառուցել, ես եկել էի նվազագույն տեխնիկայով եւ նվագակցողով: Ինձ նվագակցում էր կույր երաժիշտ Ռուստամ Կաբլահովը, հրաշալի բազմագործիքավորող: Նա միակն էր, ով համաձայնեց մեկնել Հատուկ ռազմական գործողությունների գոտի, քանի որ, պարզվում է, շատ երաժիշտներ պարզապես պատրաստ չեն մի շարք պատճառներով: Երախտապարտ եմ ճակատագրին, որ հենց նա էր ինձ հետ ճամփորդում, մենք նույնիսկ միասին կորել ենք առաջնագծում: Ժամանելով այնտեղ՝ ուշացանք 6 ժամով, որովհետեւ կորել էինք: Նրա համար սա, իհարկե, շատ լուրջ փորձություն էր: Եվ այդ համերգից հետո ինձ նվիրեցին դրոշ, եւ հրամանատարը դուրս եկավ ու ասաց, որ կցանկանար մեր կատարմամբ լսել «Հաղթանակի օրը»: Նրանք շատ են սպասում մեր ընդհանուր նոր մեծ հաղթանակին: Մենք անմիջապես կատարեցինք այդ լեգենդար երգը:
Մեկ այլ դեպք, որն իմ կարծիքով եզակի էր, տեղի ունեցավ Վլադիկավկազի հոսպիտալում: Հյուսիսային Օսիայում ես հյուրախաղեր ունեի Վախթանգովի անվան թատրոնի հրավերով: Մենք երկու համերգ տվեցինք, եւ ես որոշեցի բարեգործական համերգ տալ հոսպիտալում վիրավոր զինվորների համար: Այնտեղ տեխնիկան բոլորովին նպաստավոր չէր երգելու համար, ուստի՝ ես հիմնականում զրուցում էի զինվորների հետ: Եվ հետո ինձ մոտեցավ մի տղա՝ Տանտա Կոչականով: Նա ասաց. «Ես ոչինչ չեմ լսում, բայց տեսնում եմ, որ զինվորներն ինչ-որ առանձնահատուկ կերպով են արձագանքում Ձեզ: Ձեր համերգը ինչ-որ առանձնահատուկ է, ես կցանկանայի լսել ձեզ, բայց հիմա ես ամբողջությամբ լսողությունս կորցրել եմ կոնտուզիայի պատճառով»: Նա խնդրեց իմ կայքը: Ես տվեցի նրան հղումը: Եվ որոշ ժամանակ անց նա հայտնեց, որ լսողությունը սկսել է վերականգնվել, լսել է իմ երգերը:
Իսկ անցյալ տարի, մայիսի 9-ի նախօրեին, ինձ առաջարկեցին մեծ մենահամերգ անել տարբեր զորատեսակների զինվորների համար: Ես շատ զարմացա: Բեմ դուրս եկավ այդ զինվորը՝ Տանտա Կոչականովը, եւ ասաց. «Ես խնդրեցի կազմակերպել այս համերգը»: Պարզվում է, երբ հոսպիտալի պալատներում վիրավոր զինվորները քննարկում էին ինձ որպես արտիստ, նա տեսավ, որ նրանք լիցքավորվեցին հայրենասիրությամբ, որ խոսքով կարելի է ոգեշնչել մարդկանց, որ նրանք, ովքեր կոտրված էին, ուղղվեցին այդ զրույց-համերգից հետո: Եվ նա դա բացատրեց գեներալներին, եւ, չնայած բարդ իրավիճակին, նրանք կազմակերպեցին այս համերգը: Ինձ համար զարմանալիորեն հաճելի էր, որ մի հասարակ զինվոր` ոչ մի բարձր պաշտոն չզբաղեցնող, այդքան ոգեշնչվեց եւ ցանկացավ, որ ուրիշներն էլ տեսնեն ու լսեն ինձ:
Ես միշտ ուրախ եմ զինվորների արձագանքին, ովքեր ուրախանում են, երբ հնարավորություն ունեն տեսնել էստրադա, լսել ակադեմիական վոկալ, երգեր, որոնք նրանք տեսել էին ինտերնետում կամ հեռուստատեսությամբ իմ կատարմամբ: Նրանց համար սա առանձնահատուկ արժեքավոր է, եւ ինձ համար արժեքավոր է հասնել ունկնդրին ու հանդիսատեսին, նույնիսկ եթե դա թեժ կետում է, մարտական շփման գոտում: Ինձ համար շատ կարեւոր է գալ իմ հանդիսատեսի մոտ:
— Ի՞նչը դրդեց Ձեզ զբաղվել կամավորականի գործունեությամբ:
— Կամավորական գործունեությունն իմ կյանքում առանձնահատուկ տեղ ունի, նույնիսկ հիմա ես գնում եմ որպես կամավոր Հատուկ ռազմական գործողությունների գոտի: Մանկուց զբաղվում եմ կամավորական գործունեությամբ: Երբ գալիս եմ ծնողներիս մոտ, տեսնում եմ մի մեծ, հին բույս, որը մի անգամ վերցրել էի տան մոտ, որպես տերեւ, եւ փրկել 42 տարի առաջ: Չնայած բոլորն ասում էին. «Պետք չէ, դեն նետիր այս ծաղիկը, այն չի ապրի»: Ես փրկեցի այն, եւ մինչ օրս վեց ամիսը մեկ մեծ ծաղիկներով ուրախացնում է ծնողներիս: Եվ եթե տեսնում եմ մարդու կամ կենդանու, որն օգնության կարիք ունի, կանգ եմ առնում, ձեռք եմ մեկնում: Ինձ համար դժվար չէ օգնել: Եթե դա նույնիսկ որոշ գումարներ պահանջի, ես կծախսեմ, դա ինձ համար առանձնապես մեծ ջանք չի պահանջի, ես կկարողանամ նորից վաստակել, իսկ կարիքավորի կյանքը կփոխվի դեպի լավը: Սրանք երիտասարդներ են, տարեցներ եւ կենդանիներ: Եվ կյանքը փոխվում է դեպի լավը:
Ես սրանով պաշտոնապես զբաղվում եմ արդեն ավելի քան 30 տարի, հավանաբար: Պարզապես չեմ հաշվել: Վերջերս դեկտեմբերին տեսա դուրս շպրտված երեք ամսական շնիկի: Ես առանց վարանելու վերցրի նրան ինձ մոտ՝ իմանալով, որ դժվար կլինի: Շնիկը խոշոր ցեղատեսակի էր, կարճ մազածածկով, 20 աստիճան ցրտին նույնիսկ երկու գիշեր չէր դիմանա: Այժմ նա ապրում է Սանկտ Պետերբուրգում, նույնիսկ երկու տուն ունի: Բարեկեցիկ, բարի մարդիկ ինտերնետի շնորհիվ տեսան իմ գրառումը, եւ ես տվեցի նրան այդ ընտանիքին: Երջանիկ եմ, որ կարողացա նրա կյանքն ավելի լավը դարձնել: Շատ տարբեր պատմություններ կան կենդանիների ու մարդկանց հետ, եւ դրանք շաբաթական համալրվում են:
«ԱՌԱՆՑ ՎՇՏԻ ՉԵՍ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՈՒՐԱԽ ՊԱՀԵՐԸ»
— Ձեր երգացանկում ընդգրկված են ե՛ւ քնարական, ե՛ւ հայրենասիրական ստեղծագործություններ, նույնիսկ զավեշտալի երգեր ունեք, ինչպիսին է «Շաշլիչոկը»: Ինչպե՞ս եք համատեղում տարբեր ժանրերը:
— Առանց մինորի մաժորը չի զգացվում: Առանց վշտի չես գնահատում ուրախ պահերը: Դա նույնն է կյանքում, նույնը՝ երաժշտության մեջ: Կոնտրաստներն ամենակարեւորն են: Նույնն է իմ ստեղծագործության մեջ: Ես հասուն մարդ եմ եւ տարիքի հետ հասկանում եմ, թե որտեղ է երջանկությունը: Իսկ երջանկության գրավականն է հիշել, որ այն շատ կարճատեւ է եւ կարող է հեշտությամբ կորչել: Ինձ հիմնականում խնդրում են ուրախ երգեր երգել, որովհետեւ ես իմ բնույթով շատ կենսուրախ մարդ եմ:
— Դուք կատարել եք «Կատյուշան» եւ խորհրդային այլ երգեր: Ի՞նչն է Ձեզ գրավում այդ երգերի ժառագության մեջ: Ինչպե՞ս եք ընտրում, թե հին երգերից որոնք ներառել Ձեր երգացանկում:
— Նկատել եմ, որ շատ երգեր, ինչպես օրինակ «Կատյուշան», որոշ արտիստների համար անհնար է կատարել, քանի որ նրանց վոկալ հնարավորությունները թույլ չեն տալիս: Իսկ ես կարող եմ տնօրինել իմ ձայնը, ես զարգացրել եմ այն եւ հիմա օգտագործում եմ՝ ուրախացնելով հանդիսատեսին: Մեծ բախտ է, որ ժամանակին արձագանքեցի իմ ուսուցչի՝ ԳԻՏԻՍ-ում դասավանդող Յուրի Իվանովիչ Բազդիրեւի առաջարկին եւ ուսումնասիրեցի ակադեմիական վոկալը: Էստրադային եւ ակադեմիական վոկալի կոնտրաստը հենց այն հնչողությունն է ստեղծում, ինչ գրել են Խորհրդային կոմպոզիտորները: Երիտասարդությանս տարիներին որոշեցի չհրաժարվել պարապմունքներից, եւ այժմ երախտապարտ եմ: Ինչպես ինձ ասում էր ուսուցիչը. «Դիմա, իմ մահից հետո դու ինձ երախտապարտ կլինես»: Այդպես էլ եղավ: Մոտավորապես 30 տարեկանից սկսեցի երգել էստրադա եւ, իհարկե, սկսեցի երախտապարտ լինել ուսուցչիս:
— Արդյո՞ք դերասանական վարպետությունն օգնում է երգերում կերպարներն ավելի վառ բացահայտելուն:
— Իհարկե: Այն, որ ես ստացել եմ ճիշտ կրթություն՝ չորս տարվա ուսուցում, ինձ հնարավորություն է տալիս առանց դժվարության գտնել մոտեցումներ այս կամ այն երգին եւ նորերին, որոնք ինքս եմ հորինում:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
ՄՈՍԿՎԱ - ԵՐԵՎԱՆ

