Առնո Բաբաջանյանն ինձ այնքան ոգեշնչեց, որ կավից քանդակեցի նրա կիսանդրին. Դմիտրի Նեստերով
Մշակութային«ԵՐԳՉՈՒՀԻ ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՄՈԶԵՑԻ ԻՆՁ ՀԵՏ ԵՐԳԵԼ»
«Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել հեռուստահաղորդավար, երգիչ, կոմպոզիտոր եւ դերասան ԴՄԻՏՐԻ ՆԵՍՏԵՐՈՎԻ հետ:
— Ի՞նչն է Ձեզ ամենից շատ գրավել դերասանի մասնագիտության մեջ:
— Երեւի չեմ կարողանա միանշանակ պատասխանել այս հարցին: Հավանաբար, ես դրանում եմ ծնվել: Երեք-չորս տարեկանից երեխաների ու ծնողների համար տանը կազմակերպում էի տիկնիկային ներկայացումներ: Դրանք իմ ռեժիսորական աշխատանքն էին, ես պատրաստում էի դեկորացիաները, բեմադրում մանկական հեքիաթներ ու ինքս խաղում դրանք հարազատներիս համար: Մայրիկն ու հայրիկը նվիրեցին ինձ առաջին տիկնիկները թատրոնի համար, եւ ես սկսեցի ինքս հեքիաթներ ստեղծել: Կարող էի խաղալ աղվեսի եւ այլ դերեր՝ բացատրելով ծնողներիս, որ աղվեսն այսօր այսինչ դերում է:
Ես բեմադրել եմ նաեւ «Էլլին հրաշքների աշխարհում»-ը իմ այն խմբով, որն ունեի: Իսկ իմ տնային մանկական թատրոնի խումբը բաղկացած էր նապաստակից, աղվեսից, գայլից եւ ուրիշներից: Այնքան տարբեր ներկայացումներ եմ խաղացել, որ նույնիսկ իմ աղվեսը խաղում էր Էլլի, իսկ գայլը՝ առյուծին «Զմրուխտե քաղաքի կախարդում»: Ես նրանց համար զգեստներ էի պատրաստում իմպրովիզացված միջոցներից, շատ փոքր հասակում, բայց ծնողներս լրիվ հիացած էին: Մայրիկը երբեմն հիշում է. «Զարմանում էի, թե ինչպես ես խաղալիքներից դերասաններ ու մի ամբողջ թատրոն ստեղծել, 6 տարեկանում դարձել էիր բարձերի թատրոնի տնօրեն քո սենյակում»: Ահա որտեղից են ֆանտազիան ու ռեժիսորական ունակությունները: Եթե ասում էին, որ դերասան եմ լինելու, մայրիկը չէր հավատում: Եթե ասում էին, որ երգելու եմ, էլի չէր հավատում: Մի անգամ նրա ընկերուհին եկավ մեր տուն՝ շան մազերը կտրելու. մենք պուդել ունեինք: Նա ինձ հարցրեց. «Ի՞նչ ես ուզում դառնալ»: Ես ասացի. «Ուզում եմ երգիչ դառնալ»: Ասաց. «Դե երգի՛ր»: Ես երգեցի մի երգ, կարծես Դմիտրի Մալիկովի, մայրիկն այդպիսի երգ երբեք չէր լսել: Սա հիշում եմ մայրիկիս պատմածներից: Նա զարմացավ, բայց մտածեց. «Հավանաբար, կանցնի»: Եվ իսկապես, անցավ: Ընդունվեցի Կլիմենտի Տիմիրյազեւի անվան Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան: Երկու տարի սովորեցի այնտեղ, հետո վերցրի փաստաթղթերս ու ծնողներիցս գաղտնի ընդունվեցի սովորելու երգեցողություն եւ բեմական արվեստ: Եվ կյանքս ընդմիշտ կապեցի թատրոնի ու երաժշտության հետ:
— Ի՞նչ տեղ է զբաղեցնում Առնո Բաբաջանյանի երաժշտությունը Ձեր կյանքում:
— Ես արդեն երկար տարիներ է, ինչ Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի մեներգիչն եմ: Եվ Արայիկ Բաբաջանյանի եւ Արմեն Սարգսյանցի շնորհիվ, որը հիմնադրամի գլխավոր պրոդյուսերն է, ես հնարավորություն ստացա հեշտությամբ ընտրել խորհրդային երգերի մոտեցման բանալիները: Նույնիսկ հիմա հիմնադրամում վերականգնում ենք պարտիտուրները եւ տարբեր նվագախմբերի հետ երգում ենք Առնո Բաբաջանյանի այն երգերը, որոնք չեն կատարվել 60-ական թվականներից: Օրինակ՝ «Կապույտ տայգան», «Իսկ սերը մեկն է» եւ այլն: Եվ ինչ-որ պահի ինձ սկսեցին առաջարկել կատարել նաեւ այլ կոմպոզիտորների երգեր: Վերջերս ես երգեցի Արհմիությունների տան սյունազարդ դահլիճում Գեորգի Մովսեսյանի եւ Ալեքսեյ Հեքիմյանի երգերը: Ես հեշտությամբ եմ արձագանքում այս երաժշտությանը, այն հեշտությամբ թափանցում է իմ սիրտը, եւ ինձ հաջողվում է այն լցնել իմ սեփական նոր հույզերով եւ ուրախացնել հանդիսատեսին: Ես սիրում եմ այս երգերը:
— Եղե՞լ եք Հայաստանում:
— Հայաստանում եղել եմ շատ անգամ: Ես, կարելի է ասել, շրջել եմ ամբողջ Հայաստանը: Դա եղել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Կենտրոնական զինվորական նվագախմբի, Արայիկ Բաբաջանյանի, Արմեն Սարգսյանցի եւ Առնո Բաբաջանյանի հիմնադրամի հետ:
Ես երգել եմ եւ՛ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում, եւ՛ Երեւանի Հանրապետության հրապարակում, մեր հետեւում պարող շատրվանն էր: Երգել եմ, կարծես, Հայաստանի բոլոր քաղաքների հրապարակներում, որովհետեւ համերգները ժողովրդական էին: Ավելին, մի անգամ ես համոզեցի ինձ հետ երգել հայտնի հայ երգչուհի Սիլվա Հակոբյանին: Նա սկզբում վախեցավ եւ ասաց. «Դմիտրի, մենք փորձ չենք ունենա, իսկ սա նկարահանելու է Հայաստանի Առաջին ալիքը: Ես չեմ կարող վատ կատարել զուգերգը»: Ես նրան վստահեցրի, որ ես այն մարդը չեմ, ով վատ հետք է թողնում: Նա ինձ հավատաց: Մենք նրա հետ փորձեցինք բջջային հեռախոսով: Եվ Սիլվան ֆանտաստիկ կերպով ինձ հետ կատարեց «Кружит голову мимоза» երգը՝ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից՝ Կենտրոնական զինվորական նվագախմբի նվագակցությամբ:
Ավելին, Հայաստանը եւ, իհարկե, հենց կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանն ինձ այնքան ոգեշնչեցին, որ մի անգամ, երբ գնում էի հյուրախաղերի, ես հատուկ կավից քանդակեցի Առնո Արությունի Բաբաջանյանի կիսանդրին: Այն ձուլեցին բրոնզից, եւ ես այն հանձնեցի Առնո Բաբաջանյանի թանգարանին: Վերջերս ինձ նույնիսկ հոդված ուղարկեցին այդ մասին: Այդքան ինձ ոգեշնչել էին Հայաստանն ու իմ սիրելի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը:
— Առնո Բաբաջանյանի արխիվում կա՞ն երգեր, որոնք երազում եք կատարել նրա 105-ամյակին նվիրված համերգին։
— Առնո Բաբաջանյանի «Դու ինձ մոռացիր» երգը։
Դմիտրի Նեստերովը՝ Առնո Բաբաջանյանի որդու՝ Արայիկ Բաբաջանյանի հետ
— Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք մոտ ապագայում:
— Ստեղծագործական ծրագրերը շատ են: Ես հպարտ եմ, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը հրավիրել է ինձ մենահամերգներ տալ Ալեքսանդր Մալինովսկու ղեկավարությամբ գործող Երիտասարդական ժողովրդական նվագարանների նվագախմբի նվագակցությամբ: Մենք հիմա գնացքում ենք: Ուրախ կլինեմ կատարել հեղինակային երգեր, իսկ երկրորդ մասը նվիրված կլինի Առնո Բաբաջանյանին եւ Իոսիֆ Կոբզոնին: Համերգների այս շարքն ինձ համար մեծ ուրախություն եւ պատիվ է:
Եվ նաեւ ունեմ անսպասելի նորություն. գրել եմ երաժշտական-դրամատիկական պիես՝ «Յոթ ճանապարհ դեպի երկինք»: Ես մեծ հույս ունեմ, որ պիեսը կբեմադրվի Ռուսաստանի թատրոններում: Եվ, իհարկե, ես ինքս այն կկատարեմ որպես մոնոներկայացում: «Յոթ ճանապարհ դեպի երկինք»-ը գրել եմ մի ընտանիքի պատմության հիման վրա, որը դարձել է «Կռունկներ» երգի նախատիպը: Ռասուլ Գամզատովը գրել է այն իր հայրենի ավարերեն, հետո Գրեբնեւը թարգմանել է ռուսերեն, Ֆրենկելը գրել է հանճարեղ երաժշտությունը: Իմ պիեսում գլխավոր հերոսը փոստատարն է, ով բերում էր նամակներ եւ զոհվածների ծանուցագրեր. սա մարդու դրամա է, ով ամեն օր` 1941-1945 թվականներին ,Կովկասի լեռներում պատերազմ էր բերում յուրաքանչյուրի տուն:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
ՄՈՍԿՎԱ – ԵՐԵՎԱՆ

