ՔՊ-ի նախընտրական ծրագի՞ր, թե՞ հակաեկեղեցական արշավի փաստաթուղթ
ՆերքաղաքականԸստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքի ներկայացրած նախընտրական ծրագրի, այստեղ տեղ են գտել նաեւ Հայ Եկեղեցու դեմ արշավի կամ, ինչպես իրենք են սիրում անվանել՝ «բարեկարգության» մասին Հայ Եկեղեցու դեմ իրականացվող ծրագրերը։
Ըստ այդ ծրագրի 10-րդ կետի՝ «Արժեքահեն հանրություն» անվան տակ, փորձ է կատարվում կապիտալիզացնել այն գործողությունները, որոնք դուրս են օրենքից եւ կոպտորեն հակասում են Սահմանադրությանը։ Հայոց նորանկախ պատմության մեջ առաջին անգամ հայ իրականությանն ընտրության առաջ են դնում՝ ընտրել մի կուսակցություն, որը պետք է գնա բռնազավթումների ճանապարհով եւ բռնի կերպով իրագործի այն ծրագրերը, որոնք ամենեւին չեն բխում հայ ժողովրդի շահերից եւ հանրության մեջ խորացնում են պառակտումը, թե՞ հրաժարվել այս հրեշավոր միտումից։
Ցավոք, հասարակության կողմից այս երեւույթը դեռ չունի բավարար դիմադրություն, եւ դա է հավանաբար պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հանրության առաջ անվարան կերպով հայտարարում է, որ ընտրություններից հետո այս մասով իրենք գնալու են քայլերի։ Թե ի՞նչ է նշանակում «գնալ քայլերի», կարելի է դատողություններ անել՝ տեսնելով վերջին շրջանի աննախադեպ գործելաոճն ուժային կառույցների՝ ընդդեմ Հայ Եկեղեցու հոգեւորականների, երբ կարող են մի ամբողջ թեմի քահանայից դասի տները մուտք գործել, խուզարկություն անել, առգրավումներ կատարել: Իսկ որպես հետեւանք՝ չկա դրական արդյունք. տուժեցին բազում գործեր, հոգեւոր դասը զրկվեց որոշ ժամանակ բնականոն ծառայողական գործունեությունից, իսկ հասարակությունն էլ խորը ամոթ ապրեց՝ չհասկանալով, թե հանուն որ նպատակի է իրագործվում այս ամենը։
Իշխանության նախընտրական ծրագիրը՝ հարձակում Կաթողիկոսի եւ հոգևոր դասի վրա». սա ուղիղ վերտառությունն է։ Սա ստորացուցիչ խայտառակություն է, որի կնքահայրը Նիկոլ Փաշինյանն է։ Ըստ էության, Փաշինյանի թիմն առաջարկում է իրեն ձայն (մանդատ) տալ, որպեսզի նա վաղը վարվի Հայ Եկեղեցու հետ այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Արդյո՞ք սրան պատրաստ է հայ հանրությունը, կամ արդյո՞ք նույն այդ ձայն տվողները նախկինում ՔՊ-ին ձայն տվեցին, որպեսզի նրանք բնաջնջեն Արցախն ու մոռացության խորը հիպնոսով զբաղվեն։ Կամ արդյոք ձայն տվողները պատկերացնում էին, որ ձայն են տալու մեկին, ով պետք է կրկնապատկեր արտաքին պարտքը եւ խորացներ հայ հանրության մեջ պառակտումը, կամ այդ ձայն տվողները արդյոք կողմ էին հայոց Սփյուռքի անտեսմանը։
Իսկ հոգեւոր թեմայով անպայման հարց պետք է տանք. այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՔՊ-ն ներկայանում է որպես եկեղեցու պաշտպան եւ մանիպուլացնում է, թե պայքարը միայն Կաթողիկոսի դեմ է, բայց մեր դպրոցներից հանում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, քրեակատարողական հիմնարկներից հեռացնում է հոգեւոր սպասավորներին, փակում է Հոգեւոր առաջնորդությունը հայոց բանակում, էլ չենք խոսում այն խնդիրների մասին, որոնք առաջացնում են հոգեւոր ծառայության ընթացքում՝ բարեգործություն կատարելիս, շինարարական ծրագրերի խոչընդոտում, բարեպաշտական արարողությունների (մոմի արտադրություն) խնդիրների հարուցում եւ այլն։
Հուսանք՝ ՔՊ-ի նախընտրական հակաեկեղեցական ծրագիրը չի ընդունվի ԿԸՀ-ի կողմից, թեեւ այն էլ է պատկանում ՔՊ-ին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

