Ինչքան ծառայող եւ սահման պահող տղերք կան, հիմա իրենք ցածրակա՞րգ են. Արսեն Ղուկասյան
Ներքաղաքական«Իրավունքը»-ը զրուցել է անհետ կորած զինվորի հորեղբայր ԱՐՍԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:
— Դուք եւ այլ անհետ կորածների ծնողներ ամենօրյա խաղաղ ակցիա էիք իրականացնում խորհրդարանի դիմաց՝ պահանջելով հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցը: Ակցիաները հիմա, կարծես, մարել է, ի՞նչն է լռության պատճառը:
— Ակցիան չի մարել: Առջեւում ԱԺ քառօրյա նիստերն են: Հիմա մեր այնտեղ գնալն այդքան էլ նպատակահարմար չենք համարում: Հետո, տեսաք` ինչ կատարվեց, ինչպիսի սադրանքներ եղան: Դա է պատճառը ժամանակավոր լռության, սպասում ենք, տեսնենք տղերքի հարցը, որոնց ակցիայի ժամանակ ձերբակալեցին, ինչպես կկարգավորվի, ըստ դրա, կգործենք: Ասեմ, որ շատ մարդիկ են միացել մեր պահանջին՝ Մանախը, Սեւ Հովազը եւ այլք: Գեւորգյան Գեւորգի հանդեպ գործ հարուցեցին եւ 5 միլիոն գրավի դիմաց ազատ թողեցին, սակայն գործը ընթացքի մեջ է: Միքայել Մարգարյանի խափանման միջոց ընտրվեց վարչական տուգանք, ստորագրությունով բաց թողեցին:
Իրականում, այդ ակցիան արդեն պետք է այլ ձեւաչափ ստանար, սակայն իրենց պահելակերպը ակնհայտ է՝ ասել են այլ բան, արել` բոլորովին այլը: Դա իրենց մոտ սովորական երեւույթ է: Ի դեպ, ես տեսա, թե ինչպես է Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում արտահայտվում: Ասեմ, որ շատ մեծ վրդովմունք է առաջացրել ծնողների շրջանում, թե իբր իր տղան խելացի է, դրա համար չի ծառայում: Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս է ինքը մարդկանց կարգերի բաժանում: Եթե չեմ սխալվում մարդկանց դասերի եւ կարգերի էին բաժանում ստրկատիրական ժամանակաշրջանում: Նրա արտահայտությունը ծնողներին շատ խորը վիրավորանք է հասցրել: Ես իմ մեսիջը ուղարկել եմ արդեն իրեն, որ պատրաստվի` ասածների համար պատասխան տալու: Այսինքն՝ եթե, ըստ իրեն, իր տղան բարձր կարգի տղա է եւ գիտակ, ապա մերն էլ ցածրագար ու անգրագե՞տ է, որ ծառայում է: Այս պահին ինչքան ծառայող եւ սահման պահող տղերք կան, հիմա իրենք ցածրակա՞րգ են:
— Ամեն անգամ ասում են այն, ինչ ուզում են, հետո ներողություն խնդրում եւ մարսում: Սրան ի՞նչ կասեք:
— Եկաք ամենացավոտ տեղին կպաք: Ի՞նչ անեմ, ասեք` գնամ, անեմ: Բա որ ասում են՝ «ծախված ծնողներ»: Փաստորեն, «ծախված ծնողներ»-ը այս 30-40 հոգին են, որ մշտապես կռիվ-դավի են տալիս, իսկ այն մնացած 4960 ծնողն ինչի՞ չեն գալիս խոսում: Դեռ մենք ենք ծախվա՞ծ...: Ասել եւ ասում եմ՝ բերեք մի ապացույց մեր ծախված լինելու վերաբերյալ, մենք կանգնենք ողջ աշխարհի դեմն ասենք՝ մենք սրիկա ենք: Չե՛ն կարող:
Անդոն կրկին կպավ ծնողներին, իբր ունեն արյան ԴՆԹ-ն ու չեն տանում իրենց երեխաներին հուղարկավորում: Ու դա ասում է բոլորի մասին: Հազար անգամ այդ միաբջջին բացատրեցինք, հազար ապացույցներով ներկայացրեցինք, մարդիկ կան, ովքեր անգամ գնացել են Նիկոլին էին ցույց տվել իրենց հստակ ապացույցները, որ դա իրենց զավակը չէ: Բա խալխի էրեխուն ինչպե՞ս տանեն հուղարկավորեն: Սակայն Անդոն մարդկանց մեղադրում է, որ 80 մարմին եւ մասունք կա, ծնողները հրաժարվում են տանել: Այսինքն՝ նման բան ասելով, նա այդ 80 ծնողներին սարքում է պիղծ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

