Հայաստանյան իշխանավորները դժվարանում են ընկալել, որ աշխարհը փոխվել է
ՎերլուծությունԱյսպիսով այն, որ ԱՄՆ–ին դիմակայելով, Իրանը համաշխարհային նշանակության ուժ դառնալու ծանրակշիռ հայտ է ներկայացնում, սկսել են խոստովանել անգամ արեւմտյան աղբյուրները (Տես նաեւ https://iravunk.com/?p=338097&l=am): Իսկ դա նշանակում է հետեւյալը. Իրանն այս պահին արդեն Հորմուզի կարեւորագույն նեղուցն իրենն է համարում եւ ոչ մի դեպքում, եթե միայն ռազմական բախտը նրա դեմ չշրջվի, այն չի հանձնի: Ավելին. շատ աղբյուրներ են վստահ, որ պատերազմում ոչ թե հաղթող, այլ նույնիսկ չպարտվող կողմ ճանաչվելով, Իրանը ոչ միայն կպահի Հորմուզի նեղուցը, այլ նաեւ իր փաստացի վերահսկողությունը կհաստատի նաեւ իր հերթին չափազանց կարեւոր նշանակություն ունեցող Բաբ էլ–Մանդեբի նեղուցի վրա, որը, հիշեցնենք, ապահովում է Ասիայից եկող բեռների անցումը դեպի Կարմիր ծով եւ Սուեզի ջրանցք: Այդ երկու կարեւորագույն լոգիստիկ համակարգերը վերահսկելու դեպքում Իրանն իրոք համաշխարհային հիմնական կենտրոններից մեկը դառնալու ռեալ շանսեր կստանա:
Թե իմաստային առումով ինչ է դա նշանակում, դժվար չէ պատկերացնելը: Իրանը, հիշեցնենք, մինչ այս, իհարկե, ուներ տարածաշրջանային կարեւոր երկրներից մեկի համարում: Բայց նաեւ, ունենալով մրցակիցներ, որոնց հետ պայքարը մշտական բնույթ էր ստացել: Մասնավորապես` արեւմտյան պատժամիջոցների պատճառով, որն էապես նվազեցնում էր Իրանի պոտենցիալ հնարավորությունները: Առավել եւս, երբ տարածաշրջանային մրցակիցներից Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ էր եւ կարող էր ազատորեն օգտվել այդ պոտենցիալից: Սաուդյան Արաբիան ընկալվում էր, որպես ԱՄՆ–ի հիմնական գործընկերներից մեկը, իր հերթին հասանելիություն ունենալով արեւմտյան տեխնոլոգիաներին, այդ թվում` ռազմական:
Պատերազմը հենց դա է փոխում. Իրանը ցույց է տալիս, որ անկախ այն օգնությունից, որը ստանում է Չինաստանից եւ Ռուսաստանից, նաեւ իր սեփականն ունի, եւ այդ սեփականն այն մակարդակի վրա է, որ թույլ է տալիս ռազմական մրցակցության մեջ մտնել ոչ թե տարածաշրջանային պետությունների, այն նրանց տիրոջ` ԱՄՆ–ի հետ: Եթե դրան, այդ ռազմաքաղաքական կշռին էլ ավելանա Հորմուզի, առավել եւս` Բաբ էլ–Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, գումարած նաեւ արեւմտյան պատժամիջոցներից ազատվելը (ներկա պատերազմը դադարեցնելու բոլոր հայտնի առաջարկներում դա պարտադիր դրույթներից է), ապա այն, որ դա Իրանին առնվազն դարձնում է տարածաշրջանային թիվ 1 պետությունը, ամենահավանական տարբերակն է թվում: Իհարկե, դրանից հետո էլ լուրջ հարցերի պակաս չի մնում, այդ թվում`միջուկային զենք ունեցող Իսրայելի հետ համակեցության թեման: Բայց սա արդեն զգալի չափով կախված է այն կոնկրետ արդյունքներից, որոնք կդրվեն ներկա պատերազմը դադարեցնելու հիմքում:
Ամեն դեպքում, մեկ բան հաստատ է. իրանական այս պատերազմը հիմքից փոխում է Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական դիմագիծը: Շատ մեծ հավանականությամբ` Իրանի դերի էական բարձրացման ուղղությամբ: Սակայն այլընտրանքային տարբերակով Իսրայելն է դառնալու տարածաշրջանային լիդեր, որն էլի նշանակում է գլոբալ փոփոխություն:
Նկատենք, երկու տարբերակով էլ մեծ է հավանականությունը, որ նվազելու է Թուրքիայի դերակատարությունը: Թուրքիան, իհարկե, տեւական ժամանակ Իրանի հետ ուներ սուր եւ շատ դեպքերում առաջանցիկ մրցակցություն Իրանի հետ: Սակայն ներկա իրողությունները բերեցին այն համոզմունքին, որ ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների հետ կապված, այդ թվում` հրթիռային, անօդաչուները, Անկարան ներկա պահին լրջորեն զիջում է Թեհրանին: Առավել եւս, որ Իրանի բլոկավորումը Չինաստան–Ռուսաստան թեւում էլ ավելի է խորացնում Թուրքիայի հանդեպ առավելությունը: Վերջապես չմոռանանք, որ Թուրքիան դեռ մնում է ներքին բազում հակասություններով լցված ՆԱՏՕ–ում, որի անվտանգության երաշխիքների հարցն այս պահին առավել քան տարակուսելի է:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ներկա իրողությունները կարող են իրոք «չար կատակ» խաղալ մեր երկրի գլխին: Այստեղ իշխանության են մարդիկ, որոնք շարունակում են Արեւմուտքին նայել որպես բացարձակ, անվերապահելի ուժի, թերեւս դժվարանալով ընկալել, որ հեգեմոնիայի դարաշրջանը շատ արագ կարող է ավարտվել: Արդյունքում, միանգամայն իրատեսական է դարձել, որ հայաստանյան գործող իշխանական համակարգը սրում է հարաբերությունները միանգամից երկու համաշխարհային ուժի (եթե Իրանն իրականում էլ դառնա այդպիսին) հետ, դրանով վատացնում է հարաբերությունները երրորդի` Չինաստանի հետ, հույսը կապելով կա՛մ անդրօվկիանոսյան չորրորդ ուժի` ԱՄՆ–ի հետ, կա՛մ` գլոբալ արենայում այդպես էլ չտեղավորվող եւ ներքին հակասությունների մեջ գտնվող Եվրոպայի: Իսկ սա, հաստատ, ոչ մի լավ բանի չտանող ճանապարհ է:

