«Արցախ» կոմպոզիցիան չորրորդ անգամ հնչեց օլիմպիական խաղերում
ՍպորտԻտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում ավարտվեցին XXV ձմեռային օլիմպիական խաղերը, որոնց մասնակցեցին 92 երկրների 2871 մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանից և հայկական սփյուռքից։ Խաղերում խաղարկվեցին 116 կոմպլեկտ մեդալներ 8 մարզաձևերում (16 ճյուղերում՝ դիսցիպլիններում)։
Խաղերի բացման արարողությունը տեղի ունեցավ Միլանում՝ 77,000-տեղանոց «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ ավանդական շքեղ ներկայացման մեջ հանդես եկան «Լա Սկալա» թատրոնի աստղերը՝ պարողներ և օպերային երգիչներ, ամերիկացի փոփ աստղ Մրայա Քերին և իտալացի Դոմենիկո Մոդունյոն։
Շոուն շարունակվեց շքերթից հետո, որն ավանդույթի համաձայն սկսվեց Հունաստանի թիմի մուտքով։ Հայկական թիմը մարզադաշտ մտավ յոթերորդը, դրոշը կրելու պատիվը վստահված էր գեղասահորդներ Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին։ Շքերթը եզրափակեցին Խաղերի տերերը, Իտալիայի հիմնը կատարեց հայտնի երգչուհի Լաուրա Պաուզինին։
Առաջին օղակները սկսեցին բարձրանալ ակրոբատների ուղեկցությամբ, իսկ մնացած երեքը շուտով միավորվեցին օլիմպիական խորհրդանիշի մեջ: Բեմում պաշտոնական և բավական երկար ելույթներով հանդես եկան Իտալիայի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Ջովաննի Մագալոն և ՄՕԿ-ի (միջազգային օլիմպիական կոմիտե) նախագահ Քիրսթի Քովենթրին։ Օլիմպիական խաղերը բացված հայտարարվելուց հետո բեմում սկսեց երգել փառապանծ իտալացի տենոր Անդրեա Բոչելլին:
Օլիմպիական հիմնի ներքո, որը կատարում էին դաշնակահար Լան Լանը և երգչուհի Չեչիլիա Բարտոլին, բարձրացվեց օլիմպիական դրոշը: Օլիմպիական կրակը վառվեց երկու ամանների մեջ. Միլանում այն վառեցին լեռնադահուկային սպորտի եռակի օլիմպիական չեմպիոններ Ալբերտո Տոմբան և Դեբորա Կոմպանյոնին, իսկ Կորտինայում՝ Սոֆիա Գոջան:
Հայաստանի հավաքականը Խաղերին ներկայացված էր հինգ մարզիկներով՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահքի մարզական զույգ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը:
Հարություն Հարությունյանը այս ցուցակի մեջ ընկավ վերջին րոպեին՝ փոխարինելով Կրասնոդարում ծնված Գլեբ Մոսեսովին, որն ավելի վաղ Ռուսաստանի առաջնության մրցանակակիրն էր և վերջին տարիներին հաջողությամբ մրցում էր արդեն Հայաստանի դրոշի ներքո: Նա երկու տարի անընդմեջ Հայաստանի չեմպիոնն էր, նա եղավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը, որը դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ՝ ոլորավայրէջք (սլալոմ) և հսկա ոլորավայրէջք մրցաձևերում, վաստակեց անհրաժեշտ օլիմպիական միավորները և օլիմպիական ուղեգիր նվաճեց Հայաստանի համար: Թիմի կազմի վերաբերյալ որոշում ընդունվելիս Մոսեսովի միջազգային վարկանիշը 23-րդ տեղում էր, իսկ Հարությունյանինը՝ մոտ 100:
Ըստ ներքին տեղեկությունների՝ Հարությունին ազգային հավաքական է մղել նրա հորեղբայրը՝ Արթուր Հարությունյանը (Ծաղկաձորի նախկին ղեկավարը), որը Գագիկ Սարգսյանի հրաժարականից հետո գլխավորում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան (ՀԴՍՖ)։
Հարություն Հարությունյանը Բարմիոյի Ստելվիո օլիմպիական դահուկային լանջի վրա անհաջող է հանդես եկել. հսկա ոլորավայրէջքում զբաղեցրել է 63-րդ տեղը և որակազրկվել է ոլորավայրէջքում։ Նույն լանջին մեր կիպրոսցի հայրենակից Յաննոս Կույումջյանը հսկա ոլորավայրէջքում զբաղեցրել է 64-րդ տեղը, իսկ ոլորավայրէջքում 34-րդ տեղը։
Իսկ հիմա՝ Գագիկ Սարգսյանի ցավալի հրաժարականի մասին, որը կապված էր մեր դահուկորդ Միքայել Միքայելյանի մարզահագուստի վրա «Ադրբեջան» գրության պատճառով ծագած սկանդալի հետ, որը նա կպչուն ժապավենով ծածկել էր դեկտեմբերի 31-ին՝ Իտալիայում անցկացված աշխարհի գավաթի փուլում և դահուկային մրցաշարի (Tour de Ski) շրջանակներում։
Մրցումների կազմակերպիչները սա համարեցին կանոնակարգի խախտում՝ պաշտոնական հովանավորչական նշագրման փոփոխության պատճառով և տուգանեցին մարզիկին։
Գագիկ Սարգսյանն այն ժամանակ հայտարարեց, որ ՀԴՍՖ-ն ամբողջությամբ կվճարի տուգանքը՝ ընդգծելով իր աջակցությունը Միքայելի գործողությանը։
Սա դուր չեկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, որը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարեց. «Կարևոր է, որ մրցումների ժամանակ մենք հնարավորինս պահպանենք սպորտում ազնվության և արդարության օրենքները։ Մեր ֆեդերացիան բացատրություն կտա այս միջադեպի համար, որից հետո մենք կքննարկենք մեր հետագա քայլերը»։ Սարգսյանը չնվաստացավ և հրաժարական տվեց։
Կորտինայի լեռնադահուկային ուղու վրա Միքայել Միքայելյանը, որի համար սա երրորդ օլիմպիադան էր, 20 կմ սկիատլոնի մրցավազքում 75 դահուկորդներից զբաղեցրեց 48-րդ տեղը, իսկ 10 կմ ազատ ոճի մրցավազքում, առաջ անցնելով 60 մրցակիցներից, զբաղեցրեց 53-րդ տեղը։
Այժմ արդեն չորս անգամ ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Կատյա Գալստյանը 20 կմ տարածությամբ սկիատլոնում զբաղեցրեց 69-րդ տեղը, իսկ 10 կմ ազատ ոճում՝ 82-րդ տեղը։
Սքիքրոսի (ֆրիսթայլի դահուկասպորտ) մրցումների նկատմամբ մեր հետաքրքրությունը Լիվինյոյի ձյունե այգում մեզ համար կապված էր Ֆրանսիայի հավաքականի կազմում Մարսելից երկու եղբայրների՝ Թերենս և Մելվին Ճգնավորյանների մասնակցության հետ։ 33-ամյա Թերենսի համար սա արդեն երրորդ օլիմպիադան է (2018 թվականին նա զբաղեցրել է 28-րդ տեղը, իսկ 2022-ին 18-րդը), իսկ 28-ամյա Մելվինի համար առաջինն էր։ Լիվինյոյում Թերենսը զբաղեցրել է պատվավոր հինգերորդ տեղը, իսկ Մելվինը 17-րդն է։
Ձմեռային խաղերի մեկնարկից անմիջապես առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն բողոքել է Հայաստանի Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին մարզական զույգի ելույթի ծրագրի դեմ՝ փորձելով քաղաքական ենթատեքստ հաղորդել նրանց օլիմպիական համարի երաժշտական նվագակցությանը՝ հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» կոմպոզիցիային։ Բաքուն պնդում էր, որ ստեղծագործության անվանումը իբր թե «արտացոլում է անջատողական քաղաքականության գաղափարախոսական էությունը», ինչը, նրանց կարծիքով, դուրս է գալիս սպորտի և օլիմպիական սկզբունքների շրջանակներից։
Ընդ որում, խոսքը միջազգային մարզական կառույցների կողմից մրցումների համար հաստատված և թույլատրված երաժշտական ստեղծագործության մասին էր։ Հենց այս կոմպոզիցիայով Ակոպովան և Ռախմանինը Պեկինում որակավորման մրցաշարում գրավեցին երկրորդ տեղը և ապահովեցին Հայաստանի համար զուգասահքի օլիմպիական ուղեգիր։ Այս կոմպոզիցիայի ներքո Ռուսաստանի եռակի չեմպիոն և գավաթակիր Ադելիա Պետրոսյանը հաղթել է ռուսական և միջազգային մրցումներում։
Բաքվի պաշտոնյաների այս նողկալի դեմարշին արձագանքեց նաև Արա Գևորգյանը՝ հիշեցնելով, որ «Արցախը» օլիմպիական խաղերում կհնչի արդեն չորրորդ անգամ: Առաջին անգամ ստեղծագործությունը ներկայացվել է 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում, այնուհետև 2006 թվականին Թուրինի օլիմպիադայում, իսկ ավելի ուշ՝ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում: Եվ ամեն անգամ երաժշտությունը հնչել է կոմպոզիտորի անվան պարտադիր նշումով:
Չմշկասահորդների միջազգային միության բազմաթիվ վեճերից ու քաշքշուկներից հետո որոշում ընդունվեց այս կոմպոզիցիան օլիմպիական մրցաշարում անվանել «Արա Գևորգյանի երաժշտություն», որի ներքո Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը գերազանց սահեցին կարճ ծրագրում, զբաղեցրին պատկառելի 12-րդ տեղը և իրավունք ստացան ելույթ ունենալ ազատ ծրագրում: Նրանք վստահորեն ավարտեցին նաև ազատ ծրագիրը՝ ընդհանուր հաշվարկով զբաղեցնելով 14-րդ տեղը: Այս արդյունքը ամենաբարձրն էր Հայաստանի պատմության մեջ ձմեռային օլիմպիական խաղերում սպորտի բոլոր մարզաձևերում: Նախկինում լավագույն նվաճումը Թինա Կարապետյան-Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգի զբաղեցրած 18-րդ տեղն էր 2022 թվականի Պեկինի խաղերում:
Կանանց մենասահքում մեր ամբողջ ուշադրությունը սևեռված էր 18-ամյա մոսկվացի Ադելիա Պետրոսյանի վրա, որը չուներ միջազգային վարկանիշ՝ ռուս չմշկասահորդների չորս տարվա բոյկոտի պատճառով, որոնց արգելված էր մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, «Գրան պրի»-ի մրցաշարերին։ Այդ պատճառով Միլանում նա կարճ ծրագրում սահադաշտ դուրս եկավ երկրորդը։ Դատավորները ավանդաբար առավելագույն միավորներ չեն շնորհում այն մասնակիցներին, ովքեր ելույթ են ունենում հենց սկզբում, երբ առջևում մոտ 30 այլ գեղասահորդ կա։ Բացի այդ, ժյուրիի կազմում մեծ մասամբ իրենք՝ եվրոպացիներն էին։
Ադելիա Պետրոսյանը սառույցի վրա դուրս եկավ ժպիտով՝ ուրախանալով հանդիսատեսի բարձր ծափահարություններից։ Եվ հետո էլ իրեն հատկացված ժամանակի ընթացքում նա ոչ մի անգամ չկորցրեց ո՛չ կենտրոնացումը, ո՛չ կիրքը, ո՛չ ոգու գեղեցիկ վիճակը, գերազանց կատարեց իր համարը Մայքլ Ջեքսոնի երգի ներքո, զբաղեցրեց հինգերորդ տեղը և վստահորեն անցավ մրցաշարի եզրափակիչ հատված։
Ազատ ծրագրի նախավարժանքից առաջ Ադելիան կատարեց երկու քառակի տուլուպ, որոնցից մեկը ալիքավոր (в каскаде)։ Սակայն քառակի սահքը չհաջողվեց։ Մնացած ամեն ինչ նա լավ կատարեց, բայց առաջին անկումը փչացրեց և՛ տպավորությունը, և՛ թուլացրեց նրա տեխնիկան, ու նա զբաղեցրեց վեցերորդ տեղը։
Ավելի ուշ Ադելիան խոստովանեց, որ նախքան ցատկը կատարելը նրա ականջօղը կառչել է հագուստին, ինչը մի վայրկյանով խաթարել է կենտրոնացումը։ Իսկ նման բարդության տարր կատարելու համար դա բավական է։
Մենասահքի մրցումներում հանդես եկան Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտ, հայտնի ամերիկացի մարզիչ Ռաֆայել Հարությունյանի մի քանի սաներ: Սոֆյա Սամոդելկինան (Ղազախստան) զբաղեցրեց 10-րդ տեղը, ամերիկացի Իլյա Մալինինը թիմային մրցումներում ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն, այնուհետև անհատական մրցումներում կարճ ծրագրից հետո գրավեց առաջին տեղը, բայց անհաջող ելույթ ունեցավ ազատ ծրագրում և զբաղեցրեց 8-րդ տեղը: Նշեմ, որ Մալինինի պրոդյուսերն ու գործակալը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյանն է:
Իսկ ռուսաստանցի Պետր Գումեննիկին, որը Միլանում զբաղեցրեց վեցերորդ տեղը, Հարությունյանն օգնել է օլիմպիադային պատրաստվելու ծրագրի վրա աշխատանքում: Պետրի «հայկական հետքը» դրանով չի ավարտվում. օլիմպիադայում նա իր կարճ ծրագիրը սահել է հայ կոմպոզիտոր Էդգար Հակոբյանի «Վալս 1805» ստեղծագործության ներքո, որը Սարիկ Անդրեասյանի «Օնեգին» ֆիլմի սաունդտրեկն է:
XXV ձմեռային օլիմպիական խաղերի գունագեղ հանդիսավոր փակումը տեղի ունեցավ Վերոնայի հին հռոմեական արենայում, որը ավելի քան մեկ դարով հին է հայտնի հռոմեական Կոլիզեումից: Արարողության վերջում, ինչպես դա սովորաբար լինում է, օլիմպիական կրակը մարվեց, որպեսզի չորս տարի անց վերստին վառվի ֆրանսիական Ալպերում:
Ալեքսանդր Գրիգորյան
Լուսանկարում՝
Հայաստանի հավաքականը ձմեռային օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումից առաջ
Դահուկորդուհի Կատյա Գալստյանի համար սա արդեն չորրորդ ձմեռային օլիմպիական խաղերն էին
Միքայել Միքայելյանը օլիմպիական 10-կիլոմետրանոց դահուկային ուղու վրա
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը օլիմպիական սառույցի վրա

