Բաքվի բռնապետի ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի միջեւ չեմ տեսնում տարբերություն. Հակոբյան
Ներքաղաքական«Իրավունք TV»- ի տաղավարում հյուընկալել ենք Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ:
«ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ՄԵՐ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԸ ՀԵՆՑ ԿԵՐՏԵՑԻՆ 18-20 ԱՄՅԱ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ»
— Տիկին Հակոբյան, 18-ամյա դպրոցականին կալանավորցին 2 ամսով: Ինչպիսի՞ն կլինի Ձեր մեկնաբանությունը:
— Սա մի դաժան իրականություն է, որն ամեն վայրկյան թվում է, թե երազ է եւ կարթնանաս ու այն այլեւս չի լինի: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, առնվազն 5-6 տարի, խոսում է այն մասին, որ Հայաստանն այլեւս բռնապետական երկիր է եւ այստեղ հաստատվել է դիկտատուրա: Դա ունի մեկ նպատակ՝ ամեն գնով պահել իշխանությունը: Բայց գիտեք, կան սահմաններ, որ, ամեն դեպքում, մտածում ես, որ որեւէ իշխանություն իրեն թույլ չի տա անցնել: Այս պարագայում մենք խոսում ենք դպրոցահասակ երեխաների մասին, որոնց ուղիղ հրահանգով դարձրեցին քաղբանտարկյալ:
Մենք Հայաստանում ունենք յոթ տասնյակ քաղբանտարկյալներ, բայց կին քաղբանտարկյալի փաստը ծանր տարանք առավել: Մի կերպ դա հաղթահարեցինք: Ճիշտ է, հիմա Լիդյան բանտախցում չէ, չնայած, որ դեռ չի արդարացվել, բայց դա եղավ հանրային ճնշման արդյունքում: Հիմա տեսնում ենք մեկ այլ աղետ, հիմա դպրոցահասակ երեխան է կալանավորվում ու 2 ամսով: Ե՞րբ է կալանավորվում, այն ընթացքում, երբ նա 2 ամսից պետք է ունենա վերջին զանգ, ու պիտի ավարտի դպրոցը: Ես կարդացել եմ, որ Դավիթն առաջին ու միակ բանը, որ հարցել է, եղել է այն, թե արդյոք կկարողանա ավարտել դպրոցը:
Ես ինքս իմ ընտանիքի հտ միասին կիրակնօրյա պատարագներին մասնակցում եմ եւ յուրաքանչյուր անգամ տարբեր եկեղեցիներում: Հիմա եկեք պատկերացնենք, որ մենք յուրաքանչյուրս պարզապես գնացել ենք պատարագի ու այսօր այնպես է ստացվում, որ վտանգավոր է դառնում պատարագին մասնակցելը, որովհետեւ կարող է ինչ-որ մեկն իր շքախմբով հայտնվի ու քեզ ծեծի, ջարդի, սպանի, չգիտեմ ինչ անի: Ես զարմանում եմ՝ ո՞ւր են մեր իրավապաշտպանները, ո՞ւր է Մարդու իրավունքի պաշտպանը:
Դավիթի մայրն անդադար կրկնում էր, որ տղան առողջական խնդիրներ ունի, ալերգիա ունի եւ այլն ու չի կարող փակ տարածքում մնալ, որեւէ մեկն ականջալուր չի դրան: Հիմա ցանկանում եմ հասկանալ որպես կին, որպես մայր, եթե նույնիսկ որեւէ բանից տեղեկություն չունեմ եւ թեթեւ զուգահեռներ տանելիս՝ կարո՞ղ եմ նմանություն տեսնել Բաքվի բռնապետի ու Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի միջեւ: Չեմ տեսնում տարբերություն, որովհետեւ նույն կերպ մեր հայրենակիցների հետ են վերաբերվում Բաքվում: Այսինքն՝ պատանդ են վերցրել եւ մարդկանց տանջում են զուտ հայ լինելու եւ իրենց արժեքները պաշտպանելու համար: Հիմա նույնը տեղի է ունենում Հայաստանում, սակայն դա արվում է քո իշխանությունների ձեռքով եւ, ըստ էության, դա արվում է անչափահասների նկատմամբ:
Մենք որպես ծնողներ՝ անկախ մեր գործունեությունից, պետք է անհանգիստ լինենք, երբ մեր երեխան դրսում է, եկեղեցում է, որովհետեւ դրսում կարող է իր մեքենաներն անցնեն, գցեն մեքենայի տակ, կամ երեխան պարզապես իրենց դուր չգա ու կալանավորեն: Վերջին շրջանում մի լավ տենդենց եմ նկատել, որ անչափահաս տղաները շատ ավելի հաճախ են սկսել հաճախել եկեղեցի, ու սա հրաշալի բան է, քանի որ վերարժեքավորումն է ամեն ինչի, մեր ակունքներին գնալու միտումն է: Ու ստացվում է, որ այս երեւույթն էլ է կատաղեցնում այս իշխանությանը: Հիմա այս ամենը տեսնելով, երիտասարդները պետք է ճշտեն, թե ուր է գնալու այս պատժիչ խումբը ու չգնան այդ եկեղեցի կամ պետք է զգուշանան եկեղեցի գնալուց:
Ես որպես մանկավարժ, ով իր ողջ կյանքում եղել է կրթական համակարգում, եւ լինելով երկար տարիների ուսուցիչ, շատ լավ հասկանում եմ ինչպիսին են դեռահասները՝ նրանք ավելի հուզական են: Պատահական չէ, որ մեր հերոսապատումը հենց կերտեցին 18-20 ամյա պատանիները: Ես այնտեղ իմ աչքով եմ տեսել եւ անդադար պատմում եմ փոքրամարմին տղայի մասին. հոկտեմբերի վերջն էր, Շուշիի տարածքից հրազենային վիրավոր բերեցին հոսպիտալ: Ես այնտեղ էի եւ տեսա այդ փոքրամարմին պատանուն եւ եթե չասեին, որ նորակոչիկ է, կկարծեի 15 տարեկան է: Ոտքերը ջլերից կախված պատանին անդադար ժպտում էր: Գիտե՞ք, նա ինձ համար դարձել է հավաքական կերպար: Ու եկեք չմոռանանք այն, ինչ արեցին 2016 թվականին, 2020-ին, իրականում պատերազմեցին 18-20 տարեկան տղաները եւ հերոսապատումն իրենք են կերտել: Իմ համար ամենացավոտն այն է, որ հակահայրենիք մարդիկ՝ կապ չունի իշխանության ներկայացուցիչներ կլինեն, թե ովքեր, ասում են, թե մեր բանակը պարտվել է: Այդ տղաները հերոսապատում են կերտել: Աստված մի արասցե, հիմա էլ եթե հայրենիքի պաշտպանության կարիքը լինի, մեկ րոպե անգամ թող ոչ ոք չկասկածի՝ Դավիթներն ու Միքայելները, Արմաններն ու Մխիթարներն են գնալու: Հասկանալի է, որ այս իշխանությունների պարագայում, նման երիտասարդները վտանգ են իրենցից ներկայացնում: Հետեւաբար, ըստ այս իշխանության, նրանց պետք է ճնշել, վախեցնել: Նրանց համար ընդունելի են այն երիտասարդները ովքեր որեւէ ազգային արժեք չունեն, կարող են լինել հայ երիտասարդին ոչ վայել կեցվածքով եւ այլն: Սակայն այս տեսակ երիտասարդությունը, ովքեր հաճախում են եկեղեցի, կրթվում են, նպատակներ ունեն, նրանց համար նախընտրելի չեն ու պիտի կոտրեն, նվաստացնեն նրանց:
Այդպես արեցին նաեւ 2020-ին ու, առանց ամոթի զգացողության, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մի «լուսավոր» օր հայտարարեց, որ ինքը կարող էր նաեւ չանել այդ պատերազմը եւ չզոհեր սերունդներին:
«ԵՍ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ ԻՄ ՍԽԱԼԸ, ԴԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԼԱՍԻԿ ԿԵՑՎԱԾՔ Է ԵՂԵԼ»
— Այս կողմի հետ ամեն ինչ պարզ է ու վաղուց, սակայն ուզում եմ պատասխանեք, ո՞ւր է ընդդիմությունը: Մենք, առհասարակ ընդդիմություն ունե՞նք, թե հիմա նրանք խիստ խառն են եւ պատրաստվում են 2026-ի ընտրություններին ու նման «մանր» հարցերի ժամանակը չունեն:
— Գիտե՞ք, պիտի ասեմ, որ, ցավոք, նման կեցվածք մենք ունեինք պատերազմից հետո: Այսինքն, մեզ թվում էր, որ մենք պետք է ունենայինք կլասիկ քաղաքական կեցվածք, ցույց տալ հանրությանը, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական անձի կերպարը: Բայց սխալ հաշվարկներ ենք ունեցել այն առումով, որ մեզ թվացել է, թե մեր հանրությունը այնքան վատն է, որ իրեն դուր է գալիս «կարտոշկա ու կուկուռուզ» կռծելը, կամ չգիտեմ ինչ: Սակայն, այս հարցում էլ է սխալ կարծիք, քանի որ մենք իրականում չգիտենք, թե այս մարդն ինչպիսին է: Սա ընդամենը տեխնոլոգիա է, որը կիրառվում է ու հանրությանը մոլորեցնելով ցանկանում են ցույց տալ, որ տեսեք, թե ես ինչքան հասարակ մարդ եմ, ես ձեզանից եմ: Ու այս ամենը վերլուծելով՝ մեզ թվացել է, որ հանրությունը մեր կեցվածքը կընդունեն:
Նույնը եղավ Արցախում: Մենք կանգնել ենք ու հայտարարել, որ պատերազմ է սպասվում: Այսինքն՝ մարդիկ, ովքեր զինվորական չէին, տեսնում էին դա, անգամ հանրությունն էր դա տեսնում, որովհետեւ բոլորի ընտանիքում էլ մեկ-երկու զինվորական եղել է: Բայց տեսեք, հանրությունը լինելով արդեն պայթունավտանգ վիճակում՝ չէր ցանկանում վատը լսել, նա նախընտրում էր լսել հակառակը, որը իրեն խոսք էին տալիս: Բայց ի՞նչ տեղի ունեցավ: Ես ընդունում եմ իմ սխալը, դա քաղաքական կլասիկ կեցվածքն է եղել Արցախում: Մենք պետք է այլ կեցվածք ունենայինք, պետք է ընկնեինք մարդկանց դռները, թակեինք, քաշեինք հանեինք դուրս: Ինչ-որ բան պիտի անեինք, որ դուրս գային ու դեռեւս 2020-ից առաջ փոխեինք իշխանությունը Արցախում, որով հնարավոր կլիներ փրկել Արցախի շուրջ իրականացվող իրավիճակը, որը գուցե կայծ կհաղորդեր Հայաստանում եւ կրակը կտարածվեր, ինչ-որ բան կփոխվեր:
Հիմա նույն բանը Հայաստանում է տեղի ունենում, ու ես էլ եմ տեսնում, թե ընդդիմադիր դաշտում ինչ է կատարվում եւ չնայած բոլոր դաշտերում իմ ընկերներն են, բայց ես առողջ մոտեցում եմ ցուցաբերում: Պետք է հստակ խնդիրները ձեւակերպել: Ինչի համար ենք գնում այս ընտրապայքարին: Նախ. իմ համար ավելի ընդունելի կլիներ, որ այս ընտրությունները չկազմակերպվեր: Տարբեր մեթոդներով՝ փողոցային պայքար, իմպիչմենտ, որը շատ խելամիտ եւ քաղաքական գործընթաց էր: Վերջապես, ժողովուրդն այս ընդդիմությանն ընտրել էր, որ իշխանությանը հեռացներ ուրիշ ոչ մի պատճառով չէր ընտրել:
Ինչեւէ, ընտրություններին գնալով, պետք է հստակ ձեւակերպել խնդիրները, ինչի համար ենք գնում ընտրության՝ հեռացնե՞լ այս իշխանությանը, թե տեղ զբաղեցնել ԱԺ-ում: Ցավոք, ես դեռեւս հավաքական ընդդիմություն չեմ տեսնում, որոնք մի կողմ դնելով բոլոր ամբիցիաները գնում են այս իշխանությանը հեռացնելու: Եթե այդպես լիներ, ժողովուրդն այլ դիրք, այլ կեցվածք կտեսներ ընդդիմության մոտ: Նույնիսկ եթե շատերը հանդես են գալիս, որպես նոր ուժ, որին պետք է վստահի ժողովուրդը, այսպիսի կեցվածք չպետք է լինի, որն այժմ կա: Բոլորս լավ հասկանում ենք, թե պատմությունից, թե մեր անցած ճանապարհից, որ իշխանություն կարող ես փոխել միայն եթե դու ազգային ուժերով ես ու այնքան ուժեղ, որ կարողանան ներսում իշխանություն փոխել: Իսկ դա անելու համար պետք է լինի համախմբվածություն:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

