Վտանգը մեր հարավային դռան առջեւ է. Սեւակ Հակոբյան
ՀանդիպումԼիբանանի իշխանությունների տվյալներով՝ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածների հետեւանքով զոհվել է ավելի քան 1240 մարդ: Նրանց թվում են ավելի քան 120 երեխա, գրեթե 80 կին եւ առողջապահության ոլորտի տասնյակ աշխատակիցներ: Ավելին՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի հայտարարության մեջ նշվել է, որ մարտի 30-ին երկու խաղաղապահ զոհվել է, երբ անհայտ ծագմամբ ռումբը պայթեցրել է նրանց մեքենան Լիբանանի հարավում գտնվող Բանի Հայյան բնակավայրի մոտ։ Հաղորդվել է նաեւ, որ պայթյունի հետեւանքով եւս երկու զինվոր վիրավորվել է։ Մյուս միջադեպը տեղի է ունեցել մարտի 29-ին Լիբանանի հարավում գտնվող Ադչիտ ալ-Քուսեյր գյուղի մոտ արկի պայթյունից, որի հետեւանքով մեկ ինդոնեզացի զինվոր է զոհվել, եւս մեկ խաղաղապահ ծանր վիրավորվել է։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր ՍԵՎԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
«ԱՄԵՆԱՍՏՈՐԻՆ ԽԱՎՆ Է ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՒՐԻՇ ՄԻՋՈՑ ՉՈՒՆԻ»
— Դուք նշել եք, որ Մերձավոր Արեւելքում, մասնավորապես` Իրանում տեղի ունեցող դեպքերը եթե շարունակվի, հնարավոր է գաղթականների մեծ հոսք դեպի Հայաստան, ինչը հղի է նաեւ վտանգներով: Կբացե՞ք փակագծերը:
— Ես, բնականաբար, տվյալ չունեմ, բայց հիմնվում եմ որոշ տեսությունների եւ փորձի վրա։ Նմանօրինակ դեպքերում, եթե մի երկրում այս տեսակ խնդիրներ են պատահում՝ պատերազմ կամ ներքին խլրտումներ եւ այլն, պարզ է, որ գաղթականներ պետք է լինեն, մանավանդ՝ հարեւան երկրի սահմանամերձ շրջաններում: Եվ պարզ է, որ այդ գաղթականները երկրի ամենաստորին խավը պետք է լինի, որովհետեւ նրանք ուրիշ միջոց չունեն՝ բացի ցամաքային ճանապարհով իրենց կյանքը փրկել։ Տա Աստված, որ այս իրավիճակը շատ երկար չշարունակվի, եւ զինադադարի համաձայնություն լինի, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն:
— Ըստ որոշ տեղեկությունների, Իրանում, ամեն դեպքում, կան սահմանափակումներ՝ երկրի սահմաններից դուրս գալու հետ կապված: Բայց ի տարբերություն Իրանի՝ Լիբանանի իշխանությունը նման սահմանափակումներ չի մտցրել: Ի՞նչ իրավիճակ է այս առումով Լիբանանում:
— Այո՛, Լիբանանում չկա այդ տեսակ արգելք՝ բացի բարոյական ինչ-որ ճնշումներից, որը յուրաքանչյուր համայնք կիրառում է իր զավակների նկատմամբ: Բայց Իրանի պարագայում այդ արգելքը կա, եւ լավ է, որ կա: Մնում է մարդկանց անվտանգության ապահովման հարցը չհասնի այն աստիճանի, որ այլեւս փախուստն անխուսափելի լինի։ Օրինակ, Սիրիայի պարագայում, երբ այնտեղ դեպքեր տեղի ունեցան, կենտրոնական իշխանությունն արդեն գրեթե անդամալույծ էր, մեծ արտագաղթ եղավ, եւ շատ դժվար էր այն զսպել։
«ԱՄԵՆ ԳԻՇԵՐ «ՀԵԶԲՈԼԼԱՀ»-Ը ՌՈՒՄԲԵՐ Է ԱՐՁԱԿՈՒՄ ԴԵՊԻ ԻՍՐԱՅԵԼ»
— Լիբանանն, ըստ էության, մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արեւելքի պատերազմի մեջ՝ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ը հրթիռներ էր արձակել Իսրայելի վրա՝ հաջակցություն Իրանի, որը ենթարկվել էր ամերիկա-իսրայելական հարձակման։ Ի պատասխան՝ Իսրայելը նոր ցամաքային եւ օդային հարձակումներ է իրականացնում Լիբանանում։ Ի՞նչ կասեք այս մասին:
— Լիբանանի եւ Իսրայելի միջեւ առկա խնդիրները նոր չեն: Իսրայել պետության հիմնադրման օրից մինչեւ այսօր այդ խնդիրները կան: Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, իսրայելյան կողմի ուղղակի հարձակումներ են «Հեզբոլլահի» վրա: Սա, բնականաբար, ազդում է Լիբանանի ներքին կայունության եւ ժողովրդի համակեցության վրա: Չմոռանանք, որ «Հեզբոլլահի» անդամակցության մեծամասնությունը շիա համայնքից է, իսկ շիա համայնքը մեծ թիվ է կազմում Լիբանանում: Եվ եթե իշխանությունը որոշի գոհացնել Իսրայելին, որի հիմնական նպատակը «Հեզբոլլահ»-ը չեզոքացնել է, Լիբանանում բավականին մեծ ներքին խնդիրներ կարող է առաջանան:
— «Հեզբոլլահ»-ը շիա իսլամիստական քաղաքական կուսակցություն եւ զինյալ խումբ է՝ տեղակայված Լիբանանում: «Հեզբոլլահի» ռազմական թեւը Ջիհադի խորհուրդն է, իսկ քաղաքական թեւը՝ Լիբանանի խորհրդարանի «Հավատարմություն» դիմադրության դաշինքը։ Բայց, հնչում են հայտարարություններ, թե Լիբանանի իշխանությունները չեն սատարում նրանց: Ինչպե՞ս սա հասկանալ:
— Իրականություն կա այդ հայտարարությունների մեջ։ Լիբանանի կառավարության կազմում չնայած կան «Հեզբոլլահ»-ի նախարարներ, բայց փոքրամասնություն են կազմում, այսինքն՝ որոշումների վրա չեն կարող ազդեցություն ունենալ: Բացի այն, որ «Հեզբոլլահ»-ը կարող է ուժ բանեցնել: Նույն կառավարությունը որոշում է ընդունել արգելել նրանց զինվորական գործողությունները: Բայց գետնի վրա այն չի կիրառվում: Եվ փաստն այն է, որ ամեն գիշեր «Հեզբոլլահ»-ը տակավին ռումբեր է արձակում դեպի Իսրայել։
ՈՐՔԱՆՈՎ Է ԱՆՎՏԱՆԳ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ
— Պարոն Հակոբյան, իսկ Լիբանանում հայ համայնքն այժմ ի՞նչ իրավիճակում է, որքանո՞վ է անվտանգ ու ապահով:
— Լիբանանը համայնքային երկիր է: Յուրաքանչյուր համայնք իր բնակվելու վայրն ունի, թեկուզ ոչ պաշտոնապես է այդպես: Ամեն համայնք ինքն իր մեջ է ամփոփված՝ իր շրջաններով, թաղամասերով եւ այլն: Այս պահին հիմնական թիրախները «Հեզբոլլահի» կենտրոնատեղիներն են եւ նրանց համակիր ժողովրդի բնակավայրերը, որը հիմնականում Բեյրութի հարավային արվարձանն է: Սա ինչ վերաբերում է մայրաքաղաքին:
Իսկ Լիբանանի հարավը, որն ունի Իսրայելի հետ սահման, կամ արեւելքը, որն ունի Սիրիայի հետ սահման, այստեղ է հիմնականում շիա բնակչությունն ապրում։ Եվ այդ տեղերն են Իսրայելի հիմնական թիրախները:
Իսրայելը փորձում է բուֆերային գոտի ստեղծել իր եւ Լիբանանի միջեւ: Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ, որ Իսրայելը փորձում է հարավից դեպի հյուսիս քշել շիա բնակչությանը։ Այդ է պատճառը, որ ներքին գաղթականության հարց է առաջացել:
Վերադառնալով Ձեր հարցին, թե որքանով է վտանգված այսօր լիբանանահայությունը, ասեմ, որ, բնականաբար, նրանք անմիջական թիրախ չեն Իսրայելի համար։ Սակայն, «Հեզբոլլահի» այն ղեկավարները, կամ նրանք, ովքեր հիմնականում թիրախավորված են, կարող են գալ եւ բնակություն հաստատել այն շրջաններում, որտեղ հայեր կան կամ ոչ շիաներ: Այդ ժամանակ, բնականաբար, նման շենքերը կթիրախավորվեն Իսրայելի կողմից: Իսկ եթե այդ շենքին հարված հասցվի, ամբողջ բնակչությունն է վնասը տեսնելու, ոչ թե միայն «Հեզբոլլահի» ներկայացուցիչները:
— Հասկանալի է, որ Իսրայելի թիրախը «Հեզբոլլահն» է, բայց նաեւ գիտենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այս պատերազմը շարունակելով, առաջին հերթին իր աթոռն է պահում։ Այսինքն՝ չե՞ք կարծում, որ չլիներ «Հեզբոլլահը», կգտնվեր Լիբանանում այլ թիրախ: Հետեւապես, ունի՞ Լիբանանն այդքան ուժ դիմակայելու համար Իսրայելին:
— Պարզ է, որ «Մեծ Իսրայելի» ծրագիրն են առաջ տանում, որի մեջ պետք է ընդգրկվի նաեւ Լիբանանի հարավը, որն այսօր կրակի տակ է: Ցավոք, Լիբանանի պետությունը ոչ մի կարողություն չունի Իսրայելին դիմակայելու։ Չգիտեմ՝ ինչ-որ հույսեր ունի՞ Արեւմուտքի կամ Միացյալ Նահանգների վրա դրած, որպեսզի անվտանգության երաշխիքներ ստանա, որ եթե «Հեզբոլլահի» դիմադրության ուժը չեզոքացվի, Լիբանանն այլեւս Իսրայելի թիրախում չլինի: Ճիշտ այս մասին է այսօր ներքին պայքարը, որն ընթանում է Լիբանանում: «Հեզբոլլահ»-ը մերժում է իր զենքը հանձնել՝ այն իմաստով, որ սա իրենց վերջին հենարանն է, որը նաեւ նպաստում է, ըստ իրենց, Լիբանանին։ Իսկ Լիբանանում կան խմբեր, մանավանդ՝ քրիստոնեական ճակատում, որ վտանգ են տեսնում «Հեզբոլլահի» զենքի մեջ եւ հավատում են, որ իսրայելյան ագրեսիան կապված է նրանց գոյության հետ, եւ եթե «Հեզբոլլահ»-ը գոյություն չունենա, Լիբանանը կարող է խաղաղ լինել կամ անգամ խաղաղություն կնքել Իսրայելի հետ:
«ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՎՆԱՍ ՉԿՐԻ»
— Իր առաջին ուղերձում Իրանի նորընտիր հոգեւոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ասել է, որ եթե շարունակվի այս հակամարտությունը, հնարավոր է պատերազմի մի նոր ճակատ բացվի: Շատ փորձագետներ ենթադրում են, որ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հուսիներին նկատի ունի, որոնք մինչեւ այս պահը ընդգրկված չեն պատերազմում: Որքանով խոշորամասշտաբ կարող է լինել նրանց մասնակցությունն այս պատերազմին:
— Նկատի ունենալով գաղափարախոսական հիմքը եւ Իրանի կապերը հուսիների հետ` կարելի է նման ենթադրություն անել: Բայց հուսիների մարտունակությունը կապակցված է իրանյան օգնությունների հետ:
Իրանն իր սահմաններից դուրս երեք տարբեր երկրներում ունի խմբավորումներ, որոնց ֆինանսավորում է կամ մարտական առումով պատրաստել է՝ բնականաբար, ելնելով իրանյան շահերից: Լիբանանում այն «Հեզբոլլահ»-ն է, Պաղեստինում «Համաս»-ն է, Եմենում հուսիներն են: Այնպես որ, հնչեցված սպառնալիքը օդի մեջ ասված խոսք չէր: Այո՛, կարող է լինել, որ հուսիները գործողությունների դիմեն, եւ սա ամեւին էլ թեթեւ չի լինի արեւմտյան կողմի համար:
— Այսօր ամբողջ Մերձավոր Արեւելքն, այսպես ասած, կրակների մեջ է: Հայաստանին հաջողվելո՞ւ է շրջանցել այս պատերազմը: Եվ այն, որ մինչեւ այսօր մենք այս ամենի լուռ դիտորդն ենք՝ Հայաստանի փայլուն դիվանագիտության արդյո՞ւնքն է, թե՞ ուղղակի բախտներս է դեռ բերում:
— Դեռ մեր բախտը բերում է՝ մինչ իշխանությունը զբաղված է ամեն ինչով, բացի այս հարցին լուրջ մոտենալուց, որովհետեւ իրապես լուրջ պատրաստվածություն է պետք նման իրավիճակից անվնաս դուրս գալու համար: Պատերազմը շարունակվելու պարագայում, կարծում եմ՝ անխուսափելի է Հայաստանին վնաս չհասցվի որեւէ կերպ: Տա Աստված, որ շուտ զինադադար կնքվի, եւ Հայաստանն այս պարագայում բախտի բերմամբ շրջանցի վտանգը, որը մեր հարավային դռան առջեւ է։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

