Խոսել չգիտես, գոնե լռել իմացիր. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԻմաստուն ժողովուրդը կասեր՝ խոսել չգիտես, գոնե լռել իմացիր: Բայց, ինչպես երեւում է, որոշ պաշտոնյաների դեպքում այս պարզ ճշմարտությունն այդպես էլ մնում է անհասանելի։ Անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո դպրոցական Դավիթ Մինասյանի կալանավորմանը՝ Վեդիի համայնքապետ, քաղաքական դաշտում հայտնի «կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ» արտահայտությամբ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշել է. «18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում: Вот какая доля хулиганчика»: Այո՛, ՔՊ-ական պաշտոնյան փաստացի հեգնում է մի երիտասարդի ճակատագիրը, որն, անկախ ամեն ինչից, դեռ նոր-նոր փորձում է կյանք մտնել: Բայց, նույնիսկ, եթե պաշտոնյա էլ գրած չլիներ այս տողերը, մարդ ինչքա՞ն ցինիկ պիտի լինի, որ ուրախանա 18 տարեկան տղայի բանտարկությամբ։ Ի՞նչ հոգեբանություն է պետք ունենալ, որպեսզի ուրիշի ցավը դառնա հեգնանքի առարկա, առավել եւս՝ հրապարակային գրառման տեսքով։ Ինչեւէ, կյանքը բումերանգ է, իսկ շրջադարձները՝ անխուսափելի։ Եվ երբեւէ, եթե ճակատագիրը նույն Գարիկին կանգնեցնի համանման փորձության առաջ, չզարմանաք եթե գտնվեն մարդիկ, որոնք իր ցավի վրա կփորձեն երգել իրենց «երգը»։ Մարդու ցավի վրա ուրախանալն ամոթ է։ Մարդ լինելը պաշտոնից վեր է։ Եվ հենց դա է այն, ինչ այս պատմության մեջ ամենաշատն էր պակասում։
Մեզ շարունակում է զարմացնել գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի համակարգող եղբորորդին՝ ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` իր թույլ տված քաղաքական կիկսերով: «Մեր հասարակությունը պետք է որոշի՝ կա՛մ Փաշինյանն է, կա՛մ Կարապետյանն է։ Երկու մեծ այլընտրանք կա՝ Փաշինյան կամ Կարապետյան», - այս մասին «Ժամը» լրատվականի եթերում ասել է նա: Փաստորեն, ի՞նչ է ստացվում, ասացին՝ «Մեր ձեւով», բայց կրկնում են Փաշինյան Նիկոլի արդեն հնացած ձեւե՞րը: «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ վարչապետ չի ունենա», - ժամանակին ասում էր Փաշինյանը: Հիմա էլՆարեկ Կարապետյանն է նույն ոգով ասում՝ կա՛մ Սամվել Կարապետյանը կլինի վարչապետ, կա՛մ կմնա Նիկոլ Փաշինյանը: Համաձայնեք, որ նման երկբեւեռ ձեւակերպումները ոչ թե հարստացնում են քաղաքական դաշտը, այլ սահմանափակում ընտրության իրական հնարավորությունը՝ այն ներկայացնելով որպես պարտադրված ընտրություն երկու բեւեռների միջև։ Քաղաքական մրցակցությունը պետք է կառուցվի ծրագրերի, արժեքների եւ լուծումների վրա, այլ ոչ թե անձերի հակադրության։ Հասարակության համար կարեւոր է տեսնել ոչ միայն «ով», այլ նաեւ՝ «ինչպես»-ի եւ «ինչու»-ի պատասխանները։
Իսկ թե ինչ է կատարվում աշխարհում, ոչ պակաս զարմանալի է: ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ նշելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «մինչեւ հիմա վերականգնվում է կնոջ հարվածից»։ Նրա խոսքը արագ տարածվել է մեդիայում՝ առաջացնելով տարբեր արձագանքներ։ Թրամփի մեկնաբանությունը վերաբերում էր ավելի վաղ՝ 2025 թ.-ին տեղի ունեցած միջադեպին, երբ տեսանյութում երեւում էր, թե ինչպես Բրիժիտ Մակրոնն ինքնաթիռից իջնելիս «իջնում» է Մակրոնի ուղիղ դեմքին։ Թրամփի այս հայտարարությունից հետո տարածվեցին տեղեկություններ, թե Ֆրանսիայի նախագահական վարչակազմը հերքել է նրա խոսքերը։ Սակայն իրականում պաշտոնական նոր հերքում չի արձանագրվել. Ելիսեյան պալատը նախկինում արդեն մեկնաբանել էր միջադեպը՝ այն ներկայացնելով իբրեւ ոչ լուրջ իրավիճակ։ Ի՞նչ ասես, այսպես որ գնա մի օր էլ մանկապիղծ ֆինանսիստ Էփշտեյնի գործից էջեր հրապարակելուց հետո՝ ԱՄՆ-ն սկսելու է հրապարակել, թե ժողովրդավարության բաստիոն երկրներում առաջին դեմքերն ինչպիսի ընտանեկան բռնությունների են ենթարկվել:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

