Այսօր մեր առաջին նպատակն է ոչ թե սոցիալիզմ կառուցել, այլ ազատվել նիկոլական ռեժիմից. Ահարոնյան
ՀանդիպումԱռաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի Սոցիալիստական շարժման ղեկավար ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ հետ:
— Ունե՞ք որոշում հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների վերաբերյալ, արդյոք Հայաստանի Սոցիալիստական շարժումը որեւէ ձեւաչափով մասնակցություն ունենալու է:
— Իհարկե, այս հարցը քննարկել ենք ու քննարկում ենք անընդմեջ։ Մենք պատկերացնում էինք, որ մեր մասնակցությունը պետք է լինի՝ ձախ դաշտը մեր շուրջը համախմբելով եւ ներկայանալով ընդդիմադիր՝ բոլոր կապիտալիստական ուժերին, առաջին հերթին` այսօրվա գործող իշխանությանը։ Բայց, ցավոք սրտի, ոչ մի կերպ ձախ դաշտը միավորել հնարավոր չէ՝ որոշների ամբիցիաների պատճառով: Ուստի՝ որոշեցինք, ուղղակի, չմասնակցել ընտրություններին, եւ եթե ձախ դաշտից ինչ-որ մեկն առանձին առաջադրվի, իհարկե, չպաշտպանել, քանի որ դա արդեն կդիտվի որպես պառակտում՝ ընդդիմադիր դաշտում։ Մենք գտնում ենք, որ ընդդիմադիր դաշտում մեր մասնակցությունն էլ կլիներ պառակտում։ Հետեւապես, կաջակցենք արդեն իսկ ընդդիմադիր դաշտում եղած որեւիցե մի ներկայացուցչի։
— Ի դեպ, Հայաստանի Սոցիալիստական շարժումն ի՞նչ կարգավիճակ ունի։ Որպես կուսակցությո՞ւն է գրանցված:
— Հայաստանի Սոցիալիստական շարժումը մենք չենք գրանցել՝ որպես կուսակցություն, որովհետեւ մեր նպատակն է միշտ եղել, էլի եմ շեշտում՝ ձախ դաշտի միավորումը: Այն Հայաստանում սոցիալիստական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների միավորում է։ Մեր շուրջ միավորված են մոտ 18 հասարակական կազմակերպություն, մինչդեռ քաղաքական կուսակցություններն ամեն մեկը փորձում է «վերմակը քաշել դեպի իրեն»։ Չեմ հասկանում՝ պատճառը ո՞րն է: Մեր միակ նպատակն է հանդես գալ մի թեւով՝ ձախականներին միավորենք մեր շուրջ:
— Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ սոցիալիստական մի շարք քաղաքական ուժեր գնում եւ տեղավորվում են օլիգարխների շուրջ։
— Շատ վատ եմ վերաբերվում, որ օլիգարխների շուրջ են տեղավորվում։ Ես էլ եմ առաջարկներ ստացել տարբեր կուսակցություններից՝ իրենց մոտ հանդես գալ, բայց չեմ ընդունել դա, որովհետեւ ես չեմ կարող սոցիալիստ, կոմունիստ լինելով՝ քարոզել՝ հանուն ճոխ կապիտալիստական, լիբերալ-դեմոկրատական կուսակցության օգտին: Ավելին՝ այսօրվա քաղաքական իրավիճակը Հայաստանում այնպիսին է, որ մենք պետք է բոլորս մտածենք ինչպես անենք, որ ազատվենք լիբերալ-կապիտալիստական ամենաահավոր ձեւի կուսակցությունից, ինչպիսին ՔՊ-ն է: Այն ուժը, որը փորձում է ամեն կերպ հայ ժողովրդին զրոյացնել, վերացնել հայկական եկեղեցին, Հայաստանը կործանել:
— Հետաքրքիր է, որ հիմա սոցիալիստներն են սկսել եկեղեցին պաշտպանել, մինչդեռ պատմականորեն ունեցել են հակաեկեղեցական մոտեցում...
— Մենք միշտ կանգնած ենք եղել Հայ Առաքելական եկեղեցու կողքին՝ սկսած այն պահից, երբ Կարեն Սերոբի Դեմիրճյանը, լինելով Կենտկոմի առաջին քարտուղար, Վազգեն Առաջինի հետ հուշաքար էր դնում, եկեղեցիներ պահում: Նկատե՞լ եք, Պրոսպեկտում մի կողմից Սուրբ Մեսրոպ Մաշտոցն է նստած, մյուս կողմից՝ Սուրբ Սարգիս եկեղեցին: Սա հենց կոմունիստների, սոցիալիստների եւ Առաքելական եկեղեցու կառուցածն է: Իսկ այսօր Առաքելական եկեղեցին քանդվում է ՔՊ-ի, ինչ-որ Ալեքսանյանի կամ Ալենչիկի, Նիկոլի ու Ավինյան Տիգրանի պատճառով: Այդ ամենին ես ցավով եմ վերաբերում: Նորից եմ ասում՝ սոցիալիստներս կանգնած ենք եկեղեցու կողքին: Այսօր մեր առաջին նպատակն է ոչ թե սոցիալիզմ կառուցել, այլ ազատվել նիկոլական ռեժիմից:

