Ապրիլի 3-ին զինծառայողների ծնողներն իրենց մտահոգությունները կբարձրաձայնեն ՊՆ շենքի մոտ
ԹեմաՊարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մեծ թվով ծնողներ այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը՝ 10:00-ին հավաքվելու են ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ` բարձրաձայնելու իրենց համատեղ մտահոգությունը` պարտադիր զինվորական ծառայության ժամկետների հնարավոր կրճատման` հավասարեցման վերաբերյալ:
«Մեր նախաձեռնությունը կրում է բացառապես խաղաղ եւ քաղաքացիական բնույթ: Մենք չենք պատրաստվում կազմակերպել հակաիրավական ակցիաներ, մեր միակ նպատակը մեր երեխաների ծառայության ժամկետների եւ պայմանների մասին մեր դիրքորոշումը ներկայացնելն ու հանրային ուշադրություն հրավիրելն է: Մենք հավատում ենք, որ այս հարցն ունի հասարակական մեծ նշանակություն եւ պահանջում է արդար եւ հրապարակային քննարկում», - ասում են զինվորների ծնողները եւ հրավիրում բոլոր լրատվամիջոցներին` ներկա գտնվելու, լուսաբանելու եւ իրենց դիրքորոշումը հանրությանը ներկայացնելու:
Հիշեցնենք, որ ընդունված օրենսդրական փոփոխություններով՝ նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ 24 ամսից մինչեւ 18 ամիս՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, սակայն այդ փոփոխությունները չեն տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Այս հանգամանքը ծնողների շրջանում առաջացրել է արդարության եւ հավասարության հետ կապված լուրջ մտահոգություններ:

