«ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՌԱՈՒՆԴՈՒՄ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՂԹԵԼ ՄՐՑԱԿՑԻՍ ԽԵՂԴՈՂ ՀՆԱՐՔՈՎ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
ՍպորտՄարտի 28-ին, Երևանում կայացած Hype Fighting միջազգային մրցաշարի խառը մենամարտերի /MMA /մրցաձևում տպավորիչ հաղթանակ է տոնել մեր երկրի ներկայացուցիչ, ծնունդով արցախցի, պրոֆեսիոնալ մարզիկ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ։
Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել նրա հետ։
- Շնորհավորում ենք, Դավիթ, տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 66 կգ քաշային կարգում։ Մրցակիցս ազգությամբ ուզբեկ Նուրմուհամեդ Նուրիդինովն էր։ Մենամարտի հենց առաջին ռաունդում կարողացա հաղթել նրան վաղաժամ, խեղդող հնարք կիրառելով։ Մրցակիցս բավականին ուժեղ, փորձառու մարզիկ էր։
Հեշտ չէր նրան հաղթելը, բայց իմ տքնաջան պարապմունքները, փառք Աստծո, տվեցին իրենց սպասված արդյունքը։ Սա իմ 7-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում, ունեմ 5 հաղթանակ, 2 պարտություն։ Ինձ համար շատ կարևոր էր այն հանգամանքը, որ հայրենիքում, հարազատ հողում էի մենամարտ անցկացնում, դահլիճում գտնվում էին բազմաթիվ արցախցիներ, նրանք ինձ շատ էին աջակցում, ոգևորում։ Ներկայացնում եմ Leon Hart «Առյուծի սիրտ» անվանումով մարզական ակումբը։ Անձնական մարզիչս Արմեն Ղուլյանն է։
- Ինչ զգացողություններ ունեցար հաղթանակից հետո։
- Շատ աննկարագրելի զգացողություններ, որ բառերով դժվարանում եմ նկարագրել։ Իմ չարչարանքը իզուր չանցավ, կարևորը մեծ հավատքն է։
- Որքան ժամանակ էիր պատրաստվել այս մենամարտին։
- Շուրջ մեկ ամիս պատրաստվել եմ այս մենամարտի համար։
- Երբ ես Հայաստան տեղափոխվել Արցախից։
- Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում էինք ապրում։ 2023 թվականի սեպտեմբերին, երբ ամբողջությամբ հայաթափվեց Արցախը, մենք էլ հարկադրաբար բռնեցինք գաղթի ճամփան ու այժմ Երևանում վարձով ենք բնակվում։ Ցավոք, կորցրինք մեր դարավոր բնօրրանը։
- Հետագա ծրագրերը որոնք են։
- Մի քանի առաջարկ ևս ունեմ մենամարտի, քննարկելու եմ մեր թիմի անդամների հետ, տեսնենք ինչպես կստացվի։
- Շնորհակալություն, Դավիթ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Զգացված եմ մշտապես ուշադրության, մեր նվաճումները լուսաբանելու համար։ Իսկապես, մենք մարզիկներս շատ ունենք դրա կարիքը։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

