Այսքանից հետո՝ դեռ մարդ կա՞, որ հավատում է Թրամփի TRIPP-ին. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին: «Ի՞նչ է ստացվում. Կտրիճ Ներսիսյանը եկեղեցին վերածել է քաղաքականության մեջ մերժվածների աղանդի, որոնք տոն օրերին կամ պատարագներին հավաքվում են եկեղեցիներում եւ փորձում են թույլ չտալ իրենց կողմից ոչ հաճո մարդկանց մուտքը եկեղեցի»,- ասել է նա: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն ընդգծում է. «ՀԱՍԵ-ն աղանդավոր դարձնելուց է խոսում եւ կաթողիկոսին է վիրավորում մեկը, ով ժամանակին աղոթքն էր ծաղրում: Ու ընդհանրապես, հետաքրքիր է, թե սա ՀԱՍԵ-ի հավատացյա՞լ է, թե՞ ոչ... Ի դեպ, աղանդ ասեց, հիշեցի... Արայի՛կ ես, ինչ ես, Կյանքի խոսք աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի նյութերն իր ֆեյսբուքյան էջում տարածող, ՄԱԿ-ի ամբիոնից Աստվածաշնչի աղանդավորական թարգմանությունից տողեր մեջբերող, աղանդավորների նման Սուրբ գիրքը գրաքննող շեֆդ՝ Նիկոլդ լա՞վ է...»:
Մեզ շարունակում է զարմացնել գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի՝ մեկը մյուսի հետեւից սխալներ թույլ տալու համառ «վճռականությունը»։ Թվում էր՝ քաղաքական ասպարեզ նոր մուտք գործող թիմը գոնե փորձելու է խուսափել ակնհայտ վրիպումներից, սակայն իրականությունը, մեղմ ասած, հակառակն է ցույց տալիս։ Այսպես, քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի համակարգող ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ դաշինք է կազմել երկու, բառի բուն իմաստով, նորաթուխ կուսակցությունների հետ։ Վերջինս «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվամբ դաշինք ստեղծելու մասին հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի եւ «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։ Հարց է ծագում՝ սա՞ է այն «համախմբումը», որի մասին այսքան բարձրաձայնվում էր։ Փաստորեն, այն քաղաքական ուժը, որը ներկայացվում էր որպես ընդդիմադիր դաշտի համախմբման առանցք, ոչ թե ընդլայնում է իր ազդեցությունը, այլ հակառակը՝ գնալով ավելի է մեկուսանում։ Ավելին՝ նման որոշումներով այն իր իսկ ընտրազանգվածին տանում է դեպի լիակատար անորոշություն ու քաղաքական անհայտություն։ Ախր, երբ քաղաքականությունը դառնում է փորձարկումների հարթակ, իսկ դաշնակիցների ընտրությունը՝ պատահականությունների շարք, արդյունքը լինում է նույնքան անկանխատեսելի, որքան այդ որոշումների տրամաբանությունը։ Իսկ գինը, ինչպես միշտ, վճարում է ընտրողը։
Իսկ իրանական պատերազմը ո՛չ ավել, ո՛չ պակաս հասավ ուղիղ Բաղրամյան պողոտա: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ուշագրավ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց ձեւաչափով։ «Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից եւ հաշվի առնելով Արեւմտյան Ասիայի ու Մերձավոր Արեւելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձեւաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է:Համալսարանը ուշադիր հետեւում է իրավիճակին եւ կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձեւաչափի ցանկացած փոփոխության մասին…»: Ու այսքանից հետո՝ դեռ մարդ կա՞, որ հավատում է ԱՄՆ նախագահ Թրամփի TRIPP նախագծի իրականություն դառնալուն՝ հենց Իրանի քթի տակ: Եվ ո՞վ է երաշխավորելու «Թրամփի ուղի» բրենդավորված «Զանգեզուրի միջանցքի» անվտանգությունը, երբ Բաղրամյան պողոտայում տեղակայված Ամերիկյան համալսարանն է անհանգստացած իր անվտանգությամբ:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

