Մոսկվան կարող է նաեւ հարվածել Բալթյան երկրներին
ՎերլուծությունՉնայած, Հարավային Կովկասի իրողությունների վրա (Տես նաեւ https://iravunk.com/?p=337544&l=am) շարունակում է իր մեծ դերն ունենալ նաեւ ուկրաինական պատերազմը, որ այդ «էֆեկտը» անգամ Իրանի իրադարձությունների ֆոնին չի խամրում: Ավելին, այստեղ վերջին օրերին նկատվում են զարգացումներ, որոնք կարող են նոր խորը շրջադարձերի առիթ դառնալ:
Այսպես, ինչպես օրեր շարունակ պնդում էին ռուսական աղբյուրները, ուկրաինական անօդաչուները սկսել են հարվածներ հասցնել Սանկտ Պետերբուրգի նավահանգստային գոտուն` օգտագործելով Բալթյան երկրների օդային տարածքը: Ուկրաինական աղբյուրը հաստատում է. «Գլխավոր շտաբի մեր աղբյուրները հաստատում են առցանց հաղորդագրությունները, որ Ուկրաինայի զինված ուժերը օգտագործում են Բալթյան երկրների օդային տարածքը ռուսական նավթային տերմինալների վրա հարձակվելու համար: Այս երթուղին փորձարկվել է անցյալ տարի եւ ապացուցել է իր բարձր արդյունավետությունը, այդ իսկ պատճառով հարվածները վերսկսվել են հիմա. Ռուսաստանի ՀՕՊ-ը պարզապես չի կարողանում հասնել բոլոր թիրախներին»:
Իհարկե, ենթադրելի է, որ Բալթյան երկրները հասկանում են, թե դա ինչ կարգի վտանգ է ներկայացնում իրենց համար: Մոսկվան արդեն ակնարկել է, որ դա հիմք է, որ Բալթյան երկրներին կճանաչի հարձակմանը մասնակից, որն իրավունք կտա պատասխան հարվածների: Իսկ այդ դեպքում ՆԱՏՕ-ի եւ ոչ մի 5-րդ հոդված օգնության չի գա: Առավել եւս` ՆԱՏՕ-ի ներկայիս բարդ վիճակում:
Սակայն, երբ խոսքն արդեն զանգվածային հարվածների մասին է, ինչպես նաեւ ուկրաինական աղբյուրն է պնդում, դրա թույլտվության «հրահանգը եկել է անմիջապես Լոնդոնից, որը Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի համար գերագույն հրաման է»: Աղբյուրը, մեկնաբանելով պատճառները, կարծիք է հայտնում, թե բրիտանացիները կարծում են, որ այն էներգետիկ իրավիճակը, որում այսօր հայտնվել է մայրցամաքային Եվրոպան, կարող է Ֆրանսիային եւ Գերմանիային պարտադրել Մոսկվայի հետ սեպարատ պայմանավորվածությունների գնալ: Առավել եւս, որ մի կողմից, նավթի եւ գազի գները շարունակում են աճել: Մյուս կողմից, դրան գումարվել են այլ խնդիրներ եւս: Օրինակ, Մերձավոր Արեւելքը նաեւ պարարտանյութերի խոշոր մատակարարող էր, մինչդեռ նման մի շարք մասշտաբային ձեռնարկություններ այս պահին արդեն ոչնչացված են: Ընդ որում, գարնան շեմին ի հայտ է եկել պարարտանյութերի գլոբալ դեֆիցիտ, որը Եվրոպայի համար կնշանակի սննդամթերքի արտադրության կտրուկ անկում: Հաշվի առնելով նաեւ, որ հիմնական մատակարարներից մեկը` Ռուսաստանը, եվրոպական պատժամիջոցների տակ է: Այսինքն, սա եւս Եվրոպայի համար շատ լուրջ ազդակ է դառնում` Մոսկվայի հետ սեպարատ պայմանավորվածությունների հարցում: Իսկ այդ դեպքում ողջ ուկրաինամետ կոալիցիան պարզապես կդադարի գործել, որից հետո Կիեւին կմնա միայն ձեռքերը վեր բարձրացնել: Դա կձախողի Լոնդոնի ամբողջ ուկրաինական ռազմավարությունը, որն առանց այդ էլ մազից կախված վիճակում է: Ըստ այդմ, միակ տարբերակ է դարձել Ռուսաստանի պետերբուրգյան նավահանգիստներին հարվածելը, որոնք արդեն պատրաստ են դեպի Եվրոպա նավթի կամ պարարտանյութերի մատակարարումներ սկսել: Ու հանուն դրա հարվածի տակ են դրել Բալթյան երկրներին` դրանց երկնքով հարվածներ ուղղորդելով պետերբուրգյան նավահանգիստներին:
Լոնդոնը, իհարկե, ուկրաինական պատերազմի հետ կապված, շատ լուրջ մտավախություններ մինչ այդ էլ ուներ, երբ Թրամփը, լավ թե վատ, բանակցային գործընթաց էր առաջ մղում: Ընդ որում, ինչպես պրակտիկան ցույց տվեց, իրանական պատերազմն այդպես էլ լիովին այդ գործընթացը չկանգնեցրեց, բայց նաեւ առաջ բերելով այլ խնդիր. ԱՄՆ–ն ունի զինամթերքի աճող դեֆիցիտ, եւ հիմա Ուկրաինային, ըստ ամենայնի, այլեւս ոչինչ չի տա: Առավել եւս, երբ իրանական պատերազմը Թրամփին թշնամացրեց ՆԱՏՕ–ի հետ: Այն էլ, երբ ռուսներն արդեն գործնականում պատրաստ են գարուն–ամառային կոմպանիային, որը կարող է մի շարք անակնկալներ առաջացնել: Դրան էլ գումարած Եվրոպայի հնարավոր «դավաճանությունը», որը, թերեւս, Լոնդոնին պարզապես ստիպում է` գնալ անգամ ամենավտանգավոր սխեմաների: Ի վերջո, Մոսկվան իրոք կարող է հարվածել Բալթյան երկրներին, ինչը, թերեւս, Թրամփը նույնիսկ կողջունի: Նման առաջին իսկ հարվածից հետո եվրոպացիները կհիշեն ամերիկյան «հովանոցի» մասին:
Իսկ սա ամենահարմար պահն է, որ Լոնդոնի ղեկավարած եվրալիբերալները թույլ տան, որ Եվրոպան ամենայն սրությամբ զգա Թրամփի կարիքը, ում հետեւողականորեն փակուղի են մտցրել: Մի կողմից Իրանում, որտեղ հիմա Թրամփը պետք է գնա իր համար վատագույն սցենարին` ցամաքային հարձակմանը: Եթե գնա, կորուստները շատ մեծ են լինելու: Իսկ դա Թրամփի համար կդառնա մահացու, հաշվի առնելով նաեւ, թե այս պահին առանց այդ էլ ԱՄՆ–ում նրա դեմ ինչ մասշտաբների բողոքի ակցիաներ են կազմակերպված: Այս հանգստյան օրերին հաջողվեց փողոց դուրս բերել առնվազն 7–8 միլիոն մարդ` ողջ երկրով մեկ: Դա նշանակում է, որ ԱՄՆ–ում հակաթրամփյան դժգոհությունը հասել է այն ծայրահեղ մակարդակին, որ ամեն մի նոր ցնցումն արդեն կարող է նրա համար վերածվել իմպիչմենտի, եթե ոչ` բանտի: Ու նման ցնցում կարող է դառնալ Իրանում ցամաքային հարձակումը:
Ըստ առկա հրապարակային տվյալների` ԱՄՆ–ն տարածաշրջանում իր ուժերը հասցրել է մոտ 50 հազարի: Սակայն դա շատ լուրջ թիվ չէ. սովորաբար Մերձավոր Արեւելքում գործում են ամերիկյան մոտ 40 հազարի կարգի զինվորականություն, ու հիմա աճը մի 10 հազարի կարգի է: Այսինքն, ցամաքային գործողության հնարավոր է ուղղել առավելագույնը մոտ 20 հազարանոց կոնտինգենտ: Դրան էլ կմիանա իսրայելյան բանակի ինչ–որ հատված (զգալի մասը հիմա Լիբանանում է «Հեզբոլլահի» դեմ պատերազմի մեջ «խրվել»: Իսրայելյան աղբյուրները հավաստիացնում են, որ Իրանի դեմ կուղղորդեն նաեւ քրդերին (երեւի էլի մի 10–15 հազարի կարգի), ինչպես նաեւ ահաբեկչական խմբավորումների (ԻԳԻԼ–ի կարգի, հնարավոր է մինչեւ 10 հազարի սահմաններում): Այսինքն, ամենաշքեղ հաշվարկներով, հնարավոր է իրանական ցամաքային ճակատ դուրս բերել մոտ 50 հազարանոց խմբավորում: Իրանի հնարավորություններն անգամներով է ավել: Գումարած դրոնային պատերազմի մեխանիզմները, որին, թերեւս, իրանական բանակն արդեն տիրապետում է: Գոնե այս դիրքերից այդ ցամաքային օպերացիան Թրամփին որեւէ լավ բան չի խոստանում, անգամ ամերիկա–իսրայելյան ավիացիոն գերակշռությունը հաշվի առնելով, թեեւ այստեղ էլ հարցականներ կան: Իսկ ցամաքային օպերացիայի չգնալը, երբ առանց այդ էլ ԱՄՆ նախագահը բախվել է ինչպես համաշխարհային, այնպես էլ` ներամերիկյան նման ճնշումների, որոնք միայն ավելանում են, դառնում է գրեթե անհնար:
Նման իրավիճակում, թերեւս, նրա համար կարող է իսկական նվեր դառնալ, եթե ռուսները որոշեն Բալթյան երկրների երկնքում խոցել ուկրաինական դրոնները, եթե միայն նման թռիչքները շարունակվեն: Չնայած` կա նաեւ այն հարցը. իսկ Մոսկվային պե՞տք է նման նվեր մատուցել Թրամփին, որի հետ, պարզվեց, որ ոչ մի ռեալ բան պայմանավորվել հնարավոր չէ. չի կատարում կամ խաբում է: Նախօրեին Մոսկվայից լսվեց այդ կարգի եւս մեկ հայտարարություն, որ Թրամփը վերջապես պետք է կատարի Ալյասկայի պայմանավորվածությունները: Ենթատեքստը հասկանալի է. այլապես դրանք ռուսները կարող են համարել չգործող:
Մի խոսքով, իրավիճակը մնում է միանգամայն բարդ, հնարավոր են ամենատարբեր սցենարներ: Սակայն մեկ բան կարծես հաստատ է` ռուս–իրանական ալյանսի դիրքերն այս պահին էլ մնում են նախընտրելի:

