Դիփ խաբում ին

Վերլուծություն

Տեսնելով, թե ինչ է կատարվում հայաստանյան ներքաղաքական կյանքում՝ նախընտրական դե ֆակտո մեկնարկած քարոզարշավի շրջանակում, Գաբրիել Սունդուկյանի հերոս Պեպոն գլուխը բռնած պիտի կրկներ նորից. «Դիփ խաբում ին ու խաբում»: Ընդ որում՝ խաբում են ժողովրդին երկուստեք ե՛ւ իշխանությունը, ե՛ւ որոշ կարկառուն ընդդիմադիրներ:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան՝ արձագանքնելով Երեւանի փողոցներում հանդիպած քաղաքացու դիտողությանը, որ Ռուսաստանի հետ պետք չէ փչացնել հարաբերությունները:

«Շուտով գնալու եմ Ռուսաստան։ Մենք կապերը պահում ենք»,- նշել է նա եւ հավելել, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։ Ռազմավարական դաշնակիցը, որ գոնե բարեկամ է մնացել Նիկոլի օրոք գուցե որոշ մարդկանց մխիթարի, բայց հիշենք, թե ինչ էր ասում նույն անձն ընդամենն օրեր առաջ Ազգային ժողովում:

Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից, հակադարձելով ընդդիմադիր ուժերին, հայտարարել էր, որ Հայաստանը մի անգամ արդեն ունեցել է երաշխավոր, որը երկիրը տարել է սպանդանոց. «Ուկրաինայի անվտանգության երաշխավորը գիտե՞ք ով է, Ռուսաստանն է… Մենք 2020 թվին ունեցե՞լ ենք, թե՞ չենք ունեցել անվտանգության երաշխավոր, ո՞վ է եղել, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, եւ այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց, չեք հավատում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք՝ Բաքվում արած իր պաշտոնական թե պետական այցի ընթացքում: Հիմա մենք քանի որ դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են՝ «էս ո՞ւր եք գնում, մի րոպե»:

Իսկ թե ուր են գնում, պարզվում է՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ Մոսկվա… Հիմա ո՞ր Նիկոլ Փաշինյանն է անկեղծ ժողովրդի հետ: Հիշեցնենք, որ խոսքը մի անձի մասին է, ով ընդամենը ժամեր առաջ ուղիղ եթերում իր հնչեցրած հայտարարությանն այսպես է արձագանքում. «Բացառված է, որ ես տենց բան ասած լինեի»: Իսկ արդեն ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն խնդրում այն հայտարարության համար, որը հենց ինքը բացառել էր, թե հնչեցրել է:

Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, եթե ընտրություններին ձայներ ստանալու համար եւ Մոսկվայի գլխի տակ փափուկ բարձ դնելու համար պետք է ասել, որ Ռուսաստանը մեր բարեկամն է, Փաշինյանն ասելու է, որ այդպես է: Իսկ եթե վաղը Եվրամիության ականջը պետք է շոյել, էլի առանց երկմտելու ասելու է, որ Ռուսաստանը Հայաստանին տարել է դեպի սպանդանոց: Ուղնուծուծով Արեւմուտքին նվիրված նիկոլականներն ահա այսպես են ժողովրդին գցում թյուրիմացության մեջ:

ՏՂԵ՛ՐՔ, ԷՍ ԵՐԿԻՐ Ա, ԿԱԶԻՆՈ ՉԻ

Եթե կարծում եք, թե իշխանության գալու հավակնող ընդդիմությունն այս առումով ավելի անկեղծ է, ապա չարաչար սխալվում եք: Որտեղի՞ց է եկել գործարար Սամվել Կարապետյանը, ի՞նչ փողեր է ծախսում, բոլորը գիտեն: Ավելին՝ բոլորը վստահ են, որ գոնե նա Ռուսաստանի հետ հարաբերությունները չի վնասի: Բայց ի՞նչ է ասում Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը համակարգող եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը:

«Միակ բանը, որի վրա մենք պետք է աշխատենք, ԱՄՆ-ի դերը պարզապես վկայի դերից ավելի շատ խաղաղության երաշխավորի դերի բարձրացնելն է։ Դա խաղաղություն կբերի այս ամբողջ լոգիստիկ շղթային եւ այս խաչմերուկին, որը կդառնա ամենաանվտանգ խաչմերուկը այս անկայուն տարածաշրջանում», - ընդգծում է նա ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր, գործարար, բլոգեր, IBC Group-ի հիմնադիր Մարիո Նավալին տված հարցազրույցում:

Գուցե գտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե սա էլ նախընտրական մանեւր է, բայց՝ չէ: Նարեկ Կարապետյանն իր խոսքի տեր տղա է, անգամ գռազ է գալիս: Այո, սա ասում ենք՝ ամենայն լրջությամբ:

Նարեկ Կարապետյանը գրազ է եկել, որ իրենց քաղաքական ուժը իր ձայնը չի տալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Մեր ուժն իր ձայնը տալու է Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի հաջորդ վարչապետի: Ով կասկածի, ասեք Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, ինչ գրազ ուզում են, թող ասեն, ու գրազն էլ դուք կվերցնեք հաղթելուց հետո», - ասել է նա Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

Իսկ, կներեք, նույն Նարեկ Կարապետյանը չէ՞ր, որ ասում էր. «Մեր ժողովուրդը մեզանից միասնություն է ցանկանում։ Միասնությունն է, որ կբերի ուժեղ խաղաղություն։ Միասնությունն է, որ կուժեղացնի մեր երկիրը եւ մեր պառակտված ազգը»: Բա ժողովուրդն էլ միամտաբար կարծում է, թե ընդդիմադիր ուժերը, որոնք բոլորն էլ գիտեն, որ 50+1 ձայն չեն ստանալու առաջիկա ընտրություններին, խորհրդարան մտնելով՝ միավորվելու են ու հեռացնեն իշխանությանը: Խնդիրը մի՞թե Նիկոլ Փաշինյանից եւ իր ռեժիմից ազատվելը չէր, ի՞նչ տարբերություն՝ Սամվել Կարապետյանը կմիանա Ռոբերտ Քոչարյանին, թե հակառակը: Հատկապես, երբ սկզբունքային, ծրագրային տարբերություն էլ առանձնապես չկա:

ՔՈՒԱՆՇՆ ՈՒ ԳՌԱԶԸ ԲԱԿԻՑ ՄՏԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի դեպ, գռազի թեման շարունակել է Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ տեղեկացրել, որ ընդունում է «ռուսաստանցի օլիգարխի զարմիկի՝ Նարեկ Կարապետյանի գրազի առաջարկն ու գրազ գալիս 1 միլիարդ դոլարի վրա»:

Ռուբինյանը շեշտել է, որ եթե նրանք են պարտվում, Նարեկ Կարապետյանն ու նրա ընտանիքը պարտավորվում են 1 միլիարդ դոլար վճարել ՀՀ պետական բյուջե, իսկ իր պարտվելու դեպքում՝ ինքը պատրաստ է սպիտակ թղթի վրա իրեն ուղղված ցանկացած առաջադրանք կատարել, անգամ եթե նշված լինի՝ ինքնասպան լինել: ԱԺ փոխխոսնակը նշել է, որ 12 ժամ է տալիս՝ գրազը հրապարակային հաստատելու համար:

«Այլապես կֆիքսեմ, որ նրանք օդ են, ինչպես իրենց բոլոր ասածները»,- ասել է Ռուբինյանը:

Համաձայնեք, որ հայաստանյան քաղաքական դիսկուրսն իջել է «պլինտուսից» ներքեւ, բակային խոսք ու զրույցն էլ մտել քաղաքականություն:

Ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում այն վերնագրելով. «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»: Իսկ ի՞նչ է փոխվել այսօր: Ընդդիմադիր գործիչը իր խոսքերին իբրեւ հավաստիացում, գրազ է գալիս: Փոխվել է ընդամենը մեկ բան՝ «պարոն գլխավոր դատախազ»-ը դարձել է «տիկին գլխավոր դատախազ», ուրիշ ոչինչ:

Ամփոփելով՝ այս ամենը ստացվում է, որ այսօր ունենք մի քաղաքական դաշտ, որտեղ հայտարարությունները վաղուց կորցրել են արժեքը, խոստումները՝ կշիռը, իսկ սկզբունքները՝ որեւէ կայուն հենարան: Իշխանությունն ու ընդդիմությունը, փոխանակ մրցեն գաղափարներով ու հստակ ծրագրերով, զբաղված են պահի շահերից բխող դիրքորոշումների արագ վերաձեւմամբ՝ ըստ լսարանի եւ արտաքին ազդակների: Արդյունքում հանրությունն այլեւս չի տարբերում՝ որտեղ է քաղաքական հաշվարկը, որտեղ՝ պարզ մանիպուլյացիան: Եվ մինչ քաղաքական դերակատարները զբաղված են փոխադարձ մեղադրանքներով, գրազներով ու ցուցադրական քայլերով, իրական օրակարգը մնում է լուսանցքում՝ թողնելով ընտրողին անվստահության, հիասթափության եւ անորոշության փակ շրջանակում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում