Աղմուկ, բոյկոտ, բայց լի դահլիճ․ «Խազեր-2026»-ի իրական պատկերը
ՄշակութայինՀԱՅՏՆԻ ԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
«Հայկական ազգային երաժշտական ակադեմիա»-ն անցկացրեց երկրորդ «Խազեր» մրցանակաբաշխությունը, որը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի, մեծ արձագանք եւ հետաքրքրություն ունի մրցանակաբաշխությունը, որը նաեւ կարեւոր է իր տեսակով:
Մրցանակաբաշխությանը ներկա էին շոուբիզնեսի կարկառուն ներկայացուցիչները եւ ներկայացնում էին երաժշտության տարբեր ժանրեր՝ ջազից մինչ հիփ-հոփ:
Քանդակագործ Արման Դավթյանը, նույն ինքը՝ ՆՈՒՌԸ՝ որպես «Խազեր» մրցանակաբաշխության արձանիկների հեղինակ, այս տարի եւս կուլիսներում, մրցանակակիրների արձանիկիներին անվանական «խազ» էր կատարում: «Ավանդույթ է եւ այդպես էլ շարունակվելու է՝ ամեն արձանիկի վրա լինելու է իմ կողմից կատարված, այսպես ասած, խազ»,- «Իրավունք»-ին ասաց Նուռը:
«ԽԱԶԵՐ»-Ը ԿԱ ՈՒ ՏԱ ԱՍՏՎԱԾ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ»
«Խազեր» մրցանակաբաշխության ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԸ հարցին, թե մրցանակաբաշխության շուրջ ստեղծված աղմուկն ու որոշ երգիչ-երգչուհիների բոյկոտն ինչով էր պայմանավորված, պատասխանեց, որ չգիտի, սակայն դա չի խանգարում լավ երեկո ստեղծելու եւ այն իրականացնելու համար. «Սա տոն է եւ, անկեղծ, չգիտեմ, թե այդ աղմուկն ինչով էր պայմանավորված: Մեզ սպասում է հիանալի միջոցառում, հիանալի գարնանային եղանակով: Երբեք, ոչինչ չի կարող ընկճել աշխատող մարդուն՝ այն մարդկանց, ովքեր ունեն նպատակ եւ ազնվորեն ստեղծում են լավ բան: Կարծում եմ, ինքներդ տեսաք, թե ինչքան գեղեցիկ էր մրցանակաբաշխությունը»:
Թե որ բրենդից է օգտվել Հրաչ Քեշիշյանը, պատասխանեց, որ իր հագուստի համար շնորհակալ է հայ դիզայներ Գեւորգ Շադոյանին:
Երգահան, հաղորդավար ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ եւս պատասխանելով «Խազեր»-ում ստեղծված աղմուկին վերաբերող հարցին՝ ասաց, որ ոչ ոքի հանդեպ չարացած չէ:
«Խազեր»-ը շատ հստակ կայացրեց իր լինելիության որոշումը: Այն կա ու տա Աստված շարունակվի տարիներ ի վեր: Ինչ վերաբերում է եղածին, ապա ես եթերում արդեն խոսել եմ այդ մասին, որ շոու-բիզնեսը, ինչպես արվեստի բոլոր ճյուղերը, մի ընտանիք է, որտեղ նորածին «Խազեր» ակադեմիայում ամեն ինչ կարող է պատահել: Մենք չարացած չենք որեւէ անձի հանդեպ: Բոլորը մեր երգիչներն են եւ շատ սիրված: Դրա համար բոլորի միացումը «Խազեր»-ին ուշ, թե շուտ լինելու է: Եվ ես լիահույս եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Բարսեղյանը:
«ԵՐԵՎԱՆ ՋԱԶ»-Ը ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Թե Ջազը Հայաստանում, հատկապես մայրաքաղաքում, ինչպես է ընկալվում հասարակության կողմից, ջազ երաժիշտ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ շեշտեց, որ այն ոչ միայն զարգանում է այլ շատ լայն տարածում է ստանում հասարակության կողմից:
«Հայաստանում շատ ակտիվ է ջազային կյանքը: Հրաշալի երաժիշտներ եւ սերունդներ կան ջազային, որոնք նվագում են տարբեր գործիքների վրա: Մենք մրցանակաբաշխությանը ներկայացանք «Երեւան Ջազ» քառյակով: Ի դեպ, շուտով լույս կտեսնի մեր առաջին ձայնասկավառակը, որտեղ կլինեն հայկական մեղեդիների մշակումներ՝ նորովի եւ ջազային ոճով: Ողջունելի է նաեւ այն, որ կան շատ ջազային ակումբներ, որտեղ ջազի սիրահարները կարող են գնալ եւ վայելել իրենց նախընտրած երաժշտությունը: Լինում են նույնիսկ օրեր, երբ մեկ օրվա մեջ նվագում ենք մի քանի ակումբներում, ինչը շատ գովելի է»,-իր խոսքում «Իրավունք»-ին ասաց Գրիգորյանը:
ՀՈԳՆԱԾ, ԲԱՅՑ ԼԱՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅՈՎ
Հաղորդավար, պրոդյուսեր, դերասան ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ անկեղծացավ, որ թեպետ հոգնած է, բայց մեծ սիրով, արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է մրցաանակաբաշխությանը:
«Շատ հոոգնած եմ, մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ՝ մինչեւ 00:30-ը կադրում եմ եղել եւ նկարահանումներ կատարել: Բայց որոշել էի, որ մրցանակաբաշխության օրը պետք է անցկացնեմ լավ ժամանակ իմ համար շատ սիրելի մարդկանց հետ: Իսկ երբ ես լավ ժամանց եմ ունենում, դա նշանակում է, որ լավ էներգիա կփոխանցեմ նաեւ բոլոր մարդկանց», - ասաց շոումենը:
Հարցին, թե ով է նրա ֆավորիտը, Մուրադյանը պատասխանեց, որ նախապես չի ծանոթացել նոմինանտների ցանկին: Իսկ իրեն վերապահվել էր մրցանակ հանձնել «Տարվա հայտնություն» անվանակարգում:
«ԿԱՊ ՉՈՒՆԻ՝ ՈՎ Է ՀԱՂԹՈՒՄ, ԿԱՐԵՎՈՐԸ ԴՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐՆ ԵՆ»
Երգչուհի ԳԱՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ իր գեղեցիկ հագուստի համար, շնորհակալություն հայտնեց Արայիկ Գաբաջյանին, ում հետ էլ ներկայացել էր մրցանակաբաշխությանը:
«Միշտ եւ ամենուր կրում եմ Գաբաջյանի կողմից կարված հագուստները: Նա իմ կյանքի միակ դիզայներն է: Մրցանակաբաշխությունն ինձ համար միշտ դրական լիցքեր ստանալու եւ փոխանցելու եւս մեկ առիթ է: Կապ չունի թե ով է հաղթում կամ ով՝ ոչ, կարեւորը դրական լիցքերն են, որոնք անպայման պետք է ստանալ»,- ընդգծեց երգչուհին:
«Եվրատեսիլ-2025»-ում Հայաստանը ներկայացրած ՊԱՐԳԸ նոմինացված էր «Տարվա հայտնություն» անվանակարգում: Բայց ասաց, որ սպասելիքներ չունի, պարզապես եկել է լավ երեկո ունենալու, շփվել արտիստների հետ եւ վայելելու երեկոն: Պարգի հագուստի հեղինակը հայ դիզայներ Միգել Թորոսյանն էր: Հարցին, թե ինչ տվեց նրան «Եվրատեսիլ»-ը, Պարգը պատասխանեց, որ իր համար բացեց լավ ճանապարհներ, ունեցավ նոր երկրպագուներ եւ ունկնդիրներ:
«ՄՇՏԱՊԵՍ ՊՐՈՊԱԳԱՆԴԵԼ ԵՄ ՄԵՐ ՀԱՅԿԱԿԱՆԸ»
Դերասան ԱՐՄՈՒՇԸ, ով հանրությանը հայտնի է իր բազում հումորային դերերով, չզսպելով իր հիացմունքն ու ապրումները՝ ասաց, որ եկել էր վայելելու գեղեցիկ երեկո, գեղեցիկ մարդկանց հետ:
«Այս գեղեցիկ միջոցառումը նաեւ հատկանշական է նրանով, որ այստեղ եւս առիթ է լինում հանդիպել բոլոր արվեստասեր բարեկամներով ու ընկերներով եւ քննարկել շատ հարցեր, ծանոթանալ նորությունների հետ եւ, անշուշտ, ուրախանալ մեկս մյուսի հաջողություններով», - նշեց նա:
Հարցին, թե ով է Արմուշի ֆավորիտն այս մրցանակաբաշխությանը, նա պատասխանեց, որ բոլորին էլ շատ հավանում է, քանի որ բոլորն էլ իր ընկերներն ու գործընկերներն են: Սակայն, իր ֆավորիտն, այնուամենայնիվ, Արամ MP3-ն է: Արմուշը նաեւ անկեղծացավ, որ արդեն երկու տարի է, ինչ սկսել է սիգար չծխել եւ իր լուքի առանձնահատկությունը համարեց ձեռքի սիգարը, որը դեռ այրված չէր:
«Կառանձնացնեմ նաեւ հագուստս, որը ապահովվել է հայ դիզայներ Դիանան: Առհասարակ, ես մշտապես պրոպագանդել եմ մեր հայկականը՝ մեր հայրենակիցների կողմից արտադրված հագուստներն ու աքսեսուարները: Ինքս միշտ հագնում եմ մեր տեղական՝ հայկական արտադրանքը»,- ասաց Արմուշը:
«ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐԸ, ՈՐ ՄԱՐԴԸ ՆԵՐՍԻՑ ԲՐԵՆԴ ԼԻՆԻ»
Իսկ «Նեմրան» ռոք խումբը մրցանակաբաշխությանը ներկայացել էր ողջ անձնակազմով: Հիշեցնենք, որ «Խազեր 2025-ին «Նեմրան» ճանաչվեց լավագույն ռոք խումբ: Նույն անվանակարգում ներկայացված էր նաեւ այս տարի:
«Եկել էինք լավ երեկո անցկացնելու եւ լավ երաժշտություն մատուցելու: Թե ինչ կլիներ արդյունքը եւ արդյոք այս տարի եւս կճանաչվեինք լավագույն ռոք խումբ, չենք շտապել կանխատեսել»,- կուլիսներում ասաց խմբի սոլիստը՝ ՎԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:
«Նմանատիպ միջոցառումները շատ կարեւոր են ստեղծագործող մարդկանց եւ խմբերի համար, քանի որ նրանք ամփոփում են ողջ տարին եւ ներկայացնում արտիստի կողմից կատարված աշխատանքը: Բացի հանդիսատեսի սերը, կարծում եմ՝ արտիստները կարիք ունեն այսպիսի միջոցառումենրի: «Խազեր»-ում նվագեցինք «Սեւ աչերով աղջիկ» երգը, իսկ նոմինացիայում ներկայացված էր մեր այս տարվա ալբոմը, որը բաղկացած է տասնմեկ երգից: Նոմինացված էինք երկու անվանակարգում՝ «Լավագույն ալբոմ» եւ «Լավագույն ռոք խումբ»,- ասաց Վան Եղիազարյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե որ բրենդային հագուստներով է ներկայացված «Նեմրա» խմբի երգչուհի ՄԱՐԻՆԱ ԿԱՐԱԿԵՅԱՆԸ, պատասխանեց, որ նման բաների այդքան ուշադրություն չեն դարձնում. «Մենք նայում եւ ընտրում ենք տարբեր դիզայներների հագուստներ՝ հաշվի առնելով միայն այն, թե ինչ կսազի մեր խմբին եւ այդքան մեծ նշանակություն չենք տալիս բրենդին»:
Երգչուհու խոսքին Վանը հավելեց, որ իրենց համար ամենից կարեւորը, որ մարդը ներսից բրենդ լինի:
ՈՎՔԵՐ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Այսպիսով, «Խազեր» 2026 մրցանակաբաշխության հաղթողներն են.
Հովհաննես Չեքիջյան՝ «Խազեր» հատուկ մրցանակ
Սիմոն՝ «Տարվա հայտնություն»
Բրյունետի Love Reversed-ը՝ «Լավագույն ալբոմ»
Ջուլիանա Գրիգորյան՝ «Լավագույն դասական երգչուհի»
«Ճանապարհեցիր ինձ տուն»՝ Սոնա Ռուբենյան, «Լավագույն երգ»
«Սիմֆոնիկ Հայկո. բաց երկնքի տակ»-ը՝«Լավագույն դասական նախագիծ»
Արամ Mp3՝ «Լավագույն փոփ երգիչ»
Իվետա Մուկուչյան՝ «Լավագույն փոփ երգչուհի»
«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիա՝ «Լավագույն երաժշտական նախագիծ եւ բեմադրություն»
«Վարդավառը գալիս է»՝ ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան, «Լավագույն տեսահոլովակ»
Խաչիկ Սահակյան՝ «Լավագույն ջազ արտիստ կամ խումբ»
Կարեն Սեւակը՝ «Լավագույն ազգային ժողովրդական արտիստ կամ խումբ»
Կարեն Սեւակը՝«Լավագույն գործիքավորում»` Սիրուշոյի «Սիրտ» երգի համար
Նեմրա՝ «Լավագույն ռոք արտիստ կամ խումբ»
Տաթեւ Ասատրյան՝ «Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ»
Արսեն Սողոմոնյան՝ «Լավագույն դասական երգիչ»
Սոնա Ումրոյան՝ «Լավագույն հեղինակ-կատարող»
Միշո՝ «Լավագույն հիփ հոփ եւ R&B արտիստ կամ խումբ»
Մարտին Ուլիխանյան՝ «Լավագույն կոմպոզիտոր»:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

