Եթե Թրամփն իրանում պարտվի, ո՞վ է «Թրամփի ուղի» կառուցելու
ՄիջազգայինՄեզ համար շարունակում է առաջնային մնալ հարցը, թե Մերձավոր Արեւելքում ընթացող այս գործընթացները (https://iravunk.com/?p=337282&l=am), խոշոր հաշվով, ինչպե՞ս են ազդելու հարավկովկասյան իրողությունների եւ, մասնավորապես, Հայաստանի վրա: Որոշ դետալներ արդեն գործնականում միանշանակ տեսք են սկսել ստանալ:
Նախ չմոռանանք այն քաղաքական կուրսը, որը հայաստանյան իշխանությունները փորձում էին առաջ տանել մինչ պատերազմը: Առաջնային դիրքերում էր «Թրամփի ուղու» գաղափարը, որը, ըստ էության, Իրանի հյուսիսային սահմաններին ամերիկյան ուժերի տեղակայման սցենար էր: Բացի այդ, թյուրքական ուղղվածության Թուրքիա–Հայաստան–Ադրբեջան առանցքի ստեղծման հիմք: Ու դրան զուգահեռ, հետեւողականորեն փորձում էին կառուցել «դեպի Եվրոպա» սցենարը, որը, թեեւ, որոշակի հակասություն ուներ «Թրամփի ուղու» գաղափարախոսության հետ (հաշվի առնելով ԱՄՆ–ԵՄ հակասությունները), բայց, ընդհանուր առմամբ, կարելի էր այդ հակասությունների մեջ մանեւրել:
Իրանն ու Ռուսաստանը, իհարկե, քանիցս ուղիղ հանդես եկան «Թրամփի ուղու» սխեմայի դեմ, սակայն Հայաստանի ռեակցիան տիպիկ նիկոլյան ոճի մեջ էր: Թերեւս, Նիկոլի մոտ համոզմունք էր դարձել այն միտքը, թե` էս է, ամերիկացիները մի քանի օրում կլուծեն Իրանի հարցը, եւ Թեհրանի տեսակետին այլեւս ուշադրություն դարձնելու կարիք չի լինի: Դա կթուլացնի Ռուսաստանին, այն կարգի, որ Մոսկվան որեւէ տարբերակ չի ունենա հարավկովկասյան գոտում կանգնեցնել Վաշինգտոնի հաղթարշավը: Ու հենց դա է, որ փոխում է իրանական պատերազմի ներկա ընթացքը:
Պատկերը հիմա սա է: Նախ, ոչ թե մի քանի օրում ԱՄՆ–ն Իրանի հարցը չլուծեց, այլ մեծ հարցական է, թե երբեւէ կկարողանա՞ լուծել: Ընդ որում, նույնքան ռեալ է նաեւ հակառակ տարբերակը` արդյոք Իրանը չի՞ լուծի ԱՄՆ–ի հարցը: Եվ այս ֆոնին էլ` Ռուսաստանը, որպես Իրանի դաշնակից եւ ներկա պատերազմում Իրանին, թեեւ քիչ տեսանելի, բայց միանշանակ շոշափելի օգնություն ցուցաբերած կողմ, ոչ միայն չի թուլացնում, այլ կարող է նաեւ էապես ամրացնել իր պոտենցիալը հարավկովկասյան տարածաշրջանում:
Բայց ասել, թե այդ հնարավոր սխեման կարող է փոխել Նիկոլի կողմնորոշումը, սխալ կլինի: Թերեւս նաեւ այն առումով, որ նա, սկսած Արցախից, վերջացրած մեր ժամանակների խաղերով, այն կարգի է խրված, այսպես ասենք, գլոբալիստական ուղղության մեջ, որ հետ քաշվելու տարբերակներ արդեն գործնականում չունի: Անկախ անգամ այն բանից, թե հետ չքաշվելն ինչ նոր կործանարար հետեւանքներ է բերելու Հայաստանին: Ու այն, որ հիմա ակտիվորեն խոսում է Արցախ բառն անգամ մոռանալու թեզի օգտին, երեկ էլ բացահայտ հայտարարեց, թե` «Հրաժարվում եմ, այսպես կոչված, պատմական արդարության վերականգնման օրակարգից», ձեռքի հետ էլ ինչ–որ եվրոպացիներ է բերում` «ռուսական քարոզների» դեմն առնելու եւ աթոռը պահելու համար, նորից ու նորից է հիշեցնում «կարմիր կովի» պատմությունը: Անկախ այն բանից, որ նախօրեին զանգահարեց ու զրուցեց Պուտինի հետ:
Չնայած այստեղ խնդիրն ամենեւին էլ միայն Նիկոլը չէ: «Թրամփի ուղուն» աջակցել են նաեւ հայաստանյան կարկառուն ընդդիմադիրները: Ժամանակին Քոչարյանը, ընդհանուր դրական հակումներով, ընդամենը Նիկոլի մոտեցումներն էր քննադատում, թե ես ավելի շատին կհասնեի: Նախօրեին «Թրամփի ուղուն» բացահայտ աջակցություն ցուցաբերեց նաեւ Մոսկվայից եկած Սամվել Կարապետյանի վստահորդը` Նարեկը: Այսինքն, եթե անգամ Հայաստանում լինի իշխանափոխություն, «Թրամփի ուղի» անվանափոխված «Զանգեզուրի միջանցքի» թեման մնալու է պետական օրակարգում:
Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանի պետական օրակարգ ասվածն իրականում հարցեր լուծող գործոն չէ: Կլինի՞ «Թրամփի ուղի» ասվածը, թե` ոչ, մեծապես կախված է իրանական պատերազմի վերջաբանից, թե աշխարհաքաղաքական կողմերից որ մեկն է թելադրող դիրքերում հայտնվելու: Անգամ Նիկոլն իր բացահայտ արեւմտամոլությամբ հանդերձ, հազիվ թե կարողանա մնալ «Թրամփի ուղու» ջատագովը, եթե իրանական պատերազմի արդյունքում պարզ դառնա, որ Թրամփն արդեն ոչ մի ուղի էլ չի պատրաստվում կառուցել Հայաստանում: Իսկ դա, թերեւս, շատ ավելի շուտ է պարզ դառնալու, քան տեղի կունենան հայաստանյան ընտրությունները:

