Գիտեմ ուսանողներ, որոնք արդեն դիմել են․Կրթության փորձագետը բացահայտում է՝ ինչ ականներ են թաքնված Թուրքիայում ուսուցանելու «անմեղ» ծրագրի տակ
Հանդիպում«Իրավունքը» գրել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդեն գործնական փուլ է մտնում բուհական համագործակցության հարցը: Քննարկվում են ուսանողների փոխանակման, կրթաթոշակների սահմանման, ինչպես նաեւ «միջմշակութային» եւ ենթակառուցվածքային ծրագրեր։ Այս մասին օրեր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ի՞նչ վտանգներով է հղի վերը նշված ծրագիրը ապագա սերնդի համար, ի՞նչ թաքնված ականներ են այս, առաջին հայացքից, անմեղ ծրագրի հետեւում «Իրավունքի» հետ զրույցում բացահայտում է կրթության հայտնի փորձագետ ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, նախ նկատելով․
-Նախ փաստենք, որ վերը նշվածը միակողմանի գործընթաց է, ինչը ենթադրում է, որ ՀՀ ուսանողները միակողմանի գնալու են Թուրքիա սովորելու կամ հետազոտություններ անելու նպատակով։ Բայց հակառակ ուղղությամբ, ցավոք սրտի, որեւէ տեղաշարժ չկա։ Ինչը նշանակում է, որ Թուրքիան ՀՀ-ի նկատմամբ սկսել է կիրառել փափուկ ուժի քաղաքականություն, ինչը ենթադրում է նաեւ, որ ՀՀ ապագա մտավորականությունը այս պահից սկսած ընկնելու է թուրքական քաղաքականության ազդեցության տակ։ Եվ վերջին հաշվով բացառված չէ, որ այն երիտասարդները, որոնք այդ ծրագրով կգնան Թուրքիա՝ վերադարձից հետո կդառնան թուրքական ազդեցության գործակալներ Հայաստանում։
-Ինչպես օրինակ հայազգի Կարո Փայլյանը։
-Դե նրան դեռ կարելի էր հասկանալ, որովհետեւ նա ծնվել եւ մեծացել էր Թուրքիայում։ Բայց մենք ունենք հիմա ԱԺ-ում պատգամավորնր, որոնք ժամանակին հենց Թուրքիայում հետազոտություններ են արել կամ սովորել են եւ հիմա դարձել են, ըստ էության, թուրքական շահերի ներկայացուցիչները ՀՀ-ում։ Եվ պատկերացրեք, եթե հիմա նրանք մի քանի հոգի են տարբեր ոլորտներում, ապա այս ծրագրից հետո կարող են լինել նման տասնյակ կամ հարյուրավոր մարդիկ։ Ինչը նշանակում է՝ ՀՀ-ն ուղղակի կախվածության մեջ դնել, որովհետեւ այդ մարդիկ կրթված մարդիկ են եւ Հայաստանում որոշումներ կայացնողների մեջ են, իսկ եթե նրանց թիվը մեծանա, ապա դա կնշանակի, որ ՀՀ-ին ուղիղ կախվածության մեջ դնել Թուրքիայից։ Նախկինում մենք հակառակ գործընթացն ունեինք, ՀՀ ակտիվ մտավորականությունը սովորում էին խորհրդային լավագույն բուհերում, ինչը նշանակում էր, որ ՌԴ-ի ազդեցությունը շատ մեծ էր ՀՀ-ի վրա։
Ա'յ, ես կհասկանայի իրենց համագործակցությունը, եթե օրինակ, զուգահեռաբար, կամ ինչպես Փաշինյանն է ասում․ հայելային էֆեկտով լիներ նաեւ թուրք ուսանողների այցելություն ՀՀ։ Մասնավորապես, Ցեղասպանության թանգարան իսնտիտուտ, որտեղ նրանք կուսումնասիրեին Օսմանյան կայսրության կատարած վայրագությունները Հայոց Ցեղասպանության ժամանակ։ Հետո գնային եւ Թուրքիայում իրենց լեզվով տպագրեին աշխատություններ կամ դասախոսություններ կարդային։ Բայց այսպես միակողմանի ՀՀ լավագույն ուսանողներին տանելը ուղղակի անթույլատրելի է։
-Պարոն Մխիթարյան, Դուք անմիջական շփումների մեջ եք ուսանողների հետ, հետաքրքրվածություն դեպի այս ծրագրին մասնակցելու՝ նկատո՞ւմ եք։
-Այո, ես գիտեմ ուսանողներ, որոնք արդեն դիմել են։ Դա թելադրված էր ԿԳՄՍ-ի կողմից եւ ուղարկված էր պաշտոնական գրությամբ բոլոր պետական բուհերին եւ հանձնարարված էր, որպեսզի դա հնարավորինս շատ տարածվի ուսանողների շրջանում։
-Ձեր տեղեկություններով մեծ է այդ ուսանողների թիվը։
-Ես տեղեկություն չունեմ կոնկրետ թվի վերաբերյալ, բայց դա հայտնի կդառնա, որովհետեւ Թուրքիայի կառավարությունը պետք է հայտարարի, թե քանի դիմումատու է ընդունվել եւ ըստ այդմ ֆինաննսավորվելու։
-Իսկ կրթաթոշակի չափը հայտնի՞ է։
-Թուրքիան ամբողջությամբ է ծածկում այդ ամեն ինչը, ե՛ւ ճանապարհածախսը ե՛ւ այնտեղ մնալը, այնպես որ շատերը կարող են գայթակղությանը չդիմանալով մասնակցեն։ Գուցե մտածելով այսպես․ դե լավ ինչու ոչ՝ գնամ մասնակցեմ, ես ուժեղ եմ ազդեցության տակ չեմ ընկնի, բայց հո ազդեցությունը միանգամից չի լինում։ Մարդուն մի անգամ կանչում են ուսումնառության, մի անգամ՝ հետազոտության, մի անգամ՝ որպես տուրսիստ, եւ վերջին հաշվով անընդհատ գնալ-գալով ակամայից տեղեկատվություն փոխանցող ես դառնում։ Սա է՝ թուրքական ազդեցության գործակալ դառնալը հո մի վարկյանում չի դառնում, դա լինում է ժամանակի ընթացքում։

