ԻՆՉՈՒ ԱՄՆ–Ն ԱՅՍ ԹԵԺ ՊԱՀԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՎերլուծությունԻհարկե, կարելի է ենթադրել, որ Իրանի հետ բանակցություններ կոչվածը, որի մասին սկսել է թմբկահարել Թրամփը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=337128&l=am), Մոսկվայի միջնորդությամբ իրականացվող ինչ–որ գործընթաց է: Սակայն այստեղ մեկ այլ կարեւոր հարց կա` իսկ Մոսկվային պե՞տք է նման միջնորդություն ստանձնել: Մի կողմից, պատերազմը ռուսներին ձեռնտու հունով է ընթանում: Այն է` դաշնակից Իրանի գործերը վատ չեն, եւ դրանում, թեեւ չի ներկայացվում, բայց կա նաեւ Մոսկվայի մեծ ավանդը: Երկրորդը, էներգակիրների գները բարձր են, ինչը Մոսկվայի համար ենթադրում է հավելյալ մեծ շահույթներ, որոնք հաստատ ավելորդ չեն: Վերջապես, ինչպես ցույց տվեց նախորդ ամերիկա–իրանական բանակցությունների փորձը, ներկայիս ԱՄՆ–ն հուսալի բանակցող է. կարող է բանակցությունների կեսից պատերազմ սկսել: Ասենք, ռուսներն ունեն նաեւ ամերիկացիների հետ բանակցելու սեփական ոչ հաճելի փորձը. դեռ անցած տարի Ալյասկայում բազում խոստումներ տվեցին, որոնցից ոչ մեկը դեռ կատարված չէ:
Կարճ ասած, Մոսկվային, թերեւս, կայուն երաշխիքներ են պետք, որ եթե ստանձնի միջնորդի դեր, ապա չեն լինելու նման «փուչիկ» բանակցություններ: Իսկ նման երաշխիք կարող է դառնալ ոչ թե «հորս արեւ»–ները, այլ որ Վաշինգտոնը սկսի կատարել իր նախորդ խոստումները, օրինակ` Ուկրաինայի հետ կապված:
Այս իմաստով պատահակա՞ն էր, որ այս թեժ պահին, երբ Թրամփը գնալով միայն խրվում է իրանական ճահիճը, Վաշինգտոնը հանկարծ ուկրաինացիներին կանչեց ԱՄՆ` բանակցային գործընթացը շարունակելու համար: Այն դեպքում, երբ մինչ այդ բոլորն էին խոսում, որ ԱՄՆ–ի միջնորդած այդ գործընթացին երկար ժամանակով, նույնիսկ վերջնականապես պետք է հրաժեշտ տալ:
Թե կոնկրետ ինչ ընթացք է ունեցել ամերիկա–ուկրաինական այդ հանդիպումը, բնական է, պաշտոնական մանրամասներ չեն հայտնում: Բայց ահա, թեմայի հետ կապված, այս օրերին կտրուկ ակտիվացել է ուկրաինական լրատվական դաշտը` պնդումներով, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համատեղ ճնշում են գործադրում Ուկրաինայի վրա՝ Դոնբասից ուկրաինական զորքերը դուրս բերելու հարցով: «Ամեն ինչ շրջանագծով է գնում. Ռուսաստանը բանակցությունների ընթացքում անընդհատ վերադառնում է Թրամփի հետ կնքված Անքորիջի համաձայնագրին։ Անկախ նրանից, թե ինչ ենք ասում, ամերիկացիները միշտ պատասխանում են. «Դուրս եկեք Դոնբասից, եւ մենք ձեզ համար դրախտ կկառուցենք, ինչպես պայմանավորվել ենք Ալյասկայում»,- ըստ ուկրաինական աղբյուրների, ասում են ուկրաինացի պաշտոնյաները:
Կիեւի համար վիճակը բարդանում է նաեւ նրանով, որ ԵՄ-ն այդպես էլ չի կարողանում հաղթահարել Հունգարիայի վետոն` Կիեւին խոստացած ֆինանսավորումն ապահովելու համար: Ընդ որում, օրերս բանը հասավ Հունգարիայի եւ Ուկրաինայի միջեւ ռազմականացված բառապաշարի, եւ այն, որ Թրամփը շտապեց իր աջակցությունը հայտնել հունգարական կողմին, գալիս է նաեւ հուշելու, թե իրականում Կիեւին առանց ֆինանսավորման թողնելու արմատները ուր են հասնում:
Ամեն դեպքում, ռուսները պատրաստվում են գարուն–ամառային կոմպանիային, դատելով ուկրաինական աղբյուրների ռեակցիայից, նոր լուրջ համալրումներ ունեն, եւ եղանակային պայմաններն էլ թույլ են տվել ժամանակից շուտ սկսել ակտիվացումը: Այսինքն, Մոսկվայում կա՛մ այնքան էլ վստահ չեն, որ Թրամփը կկարողանա հարց լուծել, կա՛մ ռազմական ճնշումները զուգակցում են բանակցային գործընթացը խթանելու համար:
Բայց, ամեն դեպքում, կրկնենք, ուկրաինական ուղղությամբ Վաշինգտոնի այս նոր ակտիվացումը, այն էլ իրանական պատերազմի թեժ պահին, էլ ավելի համոզիչ տեսք է տալիս, որ դա, ի թիվս այլ հարցերի, նաեւ Մոսկվայի միջնորդությամբ Թեհրանի հետ ընդունելի լուծումների հասնելու իմաստ ունի: Ու, թերեւս, այս շաբաթը կդառնա որոշիչ, թե դեպի ուր են զարգանալու իրադարձությունները:

