ՀՐԱՏԱՊ. Ով է պատասխանատու «Կանազ»-ի հրդեհի համար. անտերությունից մինչեւ հրդեհ
ՄշակութայինՄարտի 25-ին, ժամը՝ 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհի բարդությունից ելնելով՝ հայտարարվել է «Թիվ 3 կանչ»:
Հիշեցնենք, որ 1958թ. կառուցված ու հուշարձանի կարգավիճակ ունեցող այս շենքն արդեն տասնամյակներ է, ինչ անտերության է մատնվել: 2017 թվականի հոկտեմբերին Երեւանի ավագանու որոշմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին էր փոխանցվել «Կանազ» մշակույթի կենտրոնը՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս 99 տարով: Իսկ 2024-ի մարտին, Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամների որոշմամբ՝ մշակութային այս կոթողը վերադարձվել է քաղաքապետարանին: Այն պետք է հիմնանորոգվեր եւ դառնար իբրեւ Երեւանի երաժշտական ակադեմիա, բայց վերածվեց մոխիրների…
Վերոնշյալի հետ կապված՝ «Իրավունք»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ հենց ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԻՑ:
«Ես վաղուց է այդ շենքի հետ որեւիցե կապ չունեմ, հետեւաբար, մեկնաբանություն տալ չեմ կարող»,- ասաց նա:
Այնուհանդերձ, մնում է առեղծված, թե ինչպես է այրվել շենքը, որը այդպես էլ չէր շահագործվում՝ այն էլ այս խոնավ եղանակին: Չէ որ սարսափ ֆիլմ հիշեցնող մեր իրականության մեջ ամեն բան է հնարավոր, նույնիսկ պատմամշակութային շինությունների խիստ տարօրինակ հրդեհում, մարդկանց անհիմն մեղադրանքներ, ձերբակալություններ...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

