Անկախ ընտրությունների ելքից՝ ՀՀ գալիք իշխանությունները պետք է հաշվի առնեն ՌԴ ռազմավարական շահերը. Իվանչենկո
ՏեսանյութերՂրիմի Ռուսաստանի հետ վերամիավորման 12-ամյակին նվիրված «Հայաստանը եւ Ղրիմը Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի պատերազմների դիտանկյունում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու համար Երեւանում էր Սեւծովյան միջազգային համագործակցության ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ ՅԱՐՈՍԼԱՎ ԻՎԱՆՉԵՆԿՈՆ: Նրա հետ զրույցում «Իրավունք»-ն անդրադարձել է ինչպես Ղրիմում ներկա իրավիճակին, այնպես էլ աշխարհաքաղաքական մարտահրավերներին:
«ՂՐԻՄՅԱՆ ԳԱՐՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ Է»
— Յարոսլավ Ալեքսանդրովիչ, ինչպե՞ս կգնահատեք Ղրիմի Ռուսաստանի հետ վերամիավորման 12-ամյա արդյունքները՝ քաղաքական եւ անվտանգության տեսանկյունից։
— Իհարկե, նրանք, ովքեր եղել են Ղրիմում, տեսել են այն ակնառու փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել թերակղզում վերջին 12 տարիների ընթացքում։ Կառուցվել են բազմաթիվ օբյեկտներ, հատկապես կարեւոր են ենթակառուցվածքային նախագծերը, ինչպիսիք են օդանավակայանը, որը, ցավոք, այժմ չի գործում, սակայն շուտով կվերսկսի աշխատանքը, Ղրիմի կամուրջը, ճանապարհները, ինչպես նաեւ այն օբյեկտները, որոնք նպաստում են մարդկանց կյանքի որակի բարելավմանը։ Դրանց թվում են հիվանդանոցները, մանկապարտեզները եւ դպրոցները։
Սակայն սա այն փոփոխությունների միայն մի մասն է, որոնց մասին մենք խոսում ենք՝ շինարարություն եւ կյանքի որակի բարելավում։ Ես միշտ ասում եմ, որ սա շատ կարեւոր է, բայց ամենակարեւորը չէ։ Ամենակարեւորն այն է, որ այս 12 տարիների ընթացքում Ղրիմն ապրում է խաղաղ կյանքով, պատերազմ չկա։
Պատկերացրեք՝ դուք գիտեք, թե ինչ է տեղի ունենում այսօր այն տարածքներում, որոնք ցանկացել են ապրել ինքնուրույն կյանքով, քանի դեռ դրանք չեն անցկացրել հանրաքվե եւ չեն միացել Ռուսաստանին։ Նույնը կարող էր լինել նաեւ Ղրիմում։ Ինձ համար սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլիներ այդ ազգայնական իշխանության պայմաններում, իսկ Ղրիմում ապրում են 150 ազգություններ, եւ այնտեղ ցանկացած փոքր կայծ կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ։
Եվ ահա Ղրիմի իշխանություններին հաջողվել է ապահովել, որ բոլոր ազգությունները՝ ներառյալ, ինչպես նշել եմ նաեւ կոնֆերանսում, Հայաստանից եկած մեծ սփյուռքը, ապրեն խաղաղ եւ համերաշխ։ Յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն է բերում Ղրիմի զարգացման գործում։ Եվ սա է ամենակարեւորը։
Կա եւս մեկ կարեւոր գործոն։ Դա այն օրինակն է, որը Ղրիմը ցույց տվեց այլ տարածքներին։ Ղրիմի օրինակը, եւ, այսպես կոչված, «Ղրիմյան գարունը»՝ 2014 թվականին, ցույց տվեցին, որ այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում ապրել այն ազգայնական իշխանության ներքո, որը եկավ Ուկրաինայում, կարող են դիմադրել այդ կառավարությանը եւ ընտրել իրենց ճանապարհը։
Այդ պատճառով Ղրիմը բոլոր առումներով օգնում է նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերին՝ ոչ միայն տնտեսության մեջ։ Այն օգնում է կարգավորել անցումը, որը հեշտ գործընթաց չէ՝ լինել մեկ պետության կազմում եւ հետո դառնալ մյուսի մասը։ Ղրիմը աջակցում է այդ տարածքներին, ինչպես նաեւ Դոնեցկին եւ Լուգանսկին՝ բոլոր ուղղություններով։ Սա եւս շատ կարեւոր օրինակ է։
Եվ վերջապես Ղրիմյան գարունը եւ Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունները կարեւոր աշխարհաքաղաքական գործոն են, քանի որ Ռուսաստանը, վերամիավորվելով Ղրիմի հետ, այսինքն՝ այն տարածքի հետ, որը միշտ եղել է ռուսական, ցույց տվեց, որ դարձել է իրականում հզոր տերություն՝ հողեր միավորող։ Եվ սա մեծ դեր է խաղում որպես օրինակ աշխարհի այլ ժողովուրդների համար։ Ռուսաստանը դարձել է շահերի պաշտպան, երբ յուրաքանչյուր ժողովուրդ հասկանում է, որ կարող է պաշտպանել իր ինքնատիպ պատմությունը, իր ավանդույթները, իր ինքնությունը։ Եվ սա նույնպես Ղրիմյան գարնան կարեւոր նշանակությունն է։
«ՌԴ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՉԵՆ ԶԳԱՑԵԼ ԼՈՒՐՋ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ»
— Իսկ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունն ինչպե՞ս է անդրադառնում Ղրիմի վրա: Եվ, ընդհանրապես, ինչպիսի՞ սպասումներ կան այսօր Ղրիմում, քանի որ շատ փորձագետներ եւ քաղաքագետներ ասում են, որ մնացել է ընդամենը հաշված ամիսներ, երբ ամեն ինչ կավարտվի։
— Կանխատեսողները հիմա շատ են, բայց ես դատում եմ այնպես, ինչպես հաճախ ասում է մեր նախագահը։
Մի կողմից՝ չենք կարող ասել, որ հատուկ ռազմական գործողությունն ընդհանրապես չի ազդում մարդկանց կյանքի վրա։ Այո՛, Ղրիմում վիճակը բավական լավ է, այն պաշտպանված է հակաօդային պաշտպանության միջոցով, այդ պատճառով ուկրաինական իշխանությունների բոլոր փորձերը՝ խախտելու ղրիմցիների կյանքը, հիմնականում ավարտվում են անհաջողությամբ, եւ հարձակումների մեծ մասը չի հասնում իր նպատակին։ Բայց, այնուամենայնիվ, երբեմն լինում են դեպքեր, երբ որոշ օբյեկտներ վնասվում են։
Այս ընթացքում հենց Ղրիմի տարածքում զոհերի թիվը շատ փոքր է եղել։ Նախագահը նույնպես հաճախ նշել է, որ Ռուսաստանի ժողովուրդները գրեթե չեն զգացել լուրջ տնտեսական անկում։ Չնայած այս պատերազմը արդեն լայնածավալ բնույթ է ստացել, թեեւ այն կոչվում է հատուկ ռազմական գործողություն, այն զգալիորեն չի ազդել մարդկանց առօրյա կյանքի վրա։ Տնտեսական, սոցիալական եւ առօրյա կյանքում մարդիկ շարունակում են ապրել գրեթե այնպես, ինչպես ապրում էին մինչեւ հատուկ ռազմական գործողությունը։
Ինչ վերաբերում է նրան, թե երբ այս ամենը կավարտվի, բարդ հարց է, եւ ցանկացած կանխատեսում այստեղ կարող է սխալ լինել։ Ինչպես ասում են՝ միայն Աստված կարող է ծիծաղել նման կանխատեսումների վրա։ Ամեն դեպքում, ես կարծում եմ՝ իհարկե, շատ հարցեր լուծվում են մարտի դաշտում, բայց այստեղ կարեւոր է նաեւ հասկանալ հետեւյալը։ Վերջերս հոդված էի գրել՝ 1853-1856 թվականների Ղրիմյան պատերազմի մասին։ Շատ հետաքրքիր է անցկացնել պատմական նման զուգահեռներ։ Ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ, միավորված Արեւմուտքը պատերազմում էր Ռուսաստանի դեմ՝ փորձելով թուլացնել այն: Երբ Ռուսաստանը ուժեղանում էր քաղաքական առումով, Անգլիան, Ֆրանսիան եւ Օսմանյան կայսրությունը որոշեցին, որ պետք է կանգնեցնել նրան: Պատերազմը հանգեցրեց մեծ ավերածությունների, այդ թվում` նաեւ Ղրիմում։ Օկուպացվեցին Սեւաստոպոլը, Կերչը, Եվպատորիան եւ այլ քաղաքներ։ Սակայն վերջում կնքվեց Փարիզի խաղաղության պայմանագիրը։
Ցանկացած խաղաղություն հիմնված է փոխզիջումների վրա։ Գլխավորն այն էր, որ Ռուսաստանը չկորցրեց Ղրիմի տարածքը։ Թեեւ արգելվեց Սեւ ծովում ռազմական նավատորմ պահել, սակայն նշանավոր պետական գործիչ Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցովը, որը Նովոռոսիյսկի երկրամասի կառավարիչն էր, իր կյանքի վերջում կայսր Ալեքսանդր Երկրորդին ասել էր, որ ժամանակ կանցնի, եւ Ռուսաստանը կվերականգնի իր իրավունքները Սեւ ծովում։ Եվ այդպես էլ եղավ։
1871 թվականին Ռուսաստանը վերականգնեց իր իրավունքը՝ ունենալու ռազմական նավատորմ Սեւ ծովում։ Այսօր, իմ կարծիքով, մի կողմից մենք մեր խնդիրները լուծում ենք մարտի դաշտում, մյուս կողմից՝ բաց ենք խաղաղ բանակցությունների համար՝ իհարկե մեր շահերի պահպանմամբ։ Իսկ այդ շահերը մի քանիսն են։
Մենք ցանկանում ենք, որ մեր պետության համար վտանգ չլինի, որ օտարերկրյա զորքերը չգտնվեն մեր սահմանների մոտ։ Այդ պատճառով Ուկրաինան պետք է լինի չեզոք պետություն, չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, պետք է ապառազմականացվի՝ նրա բանակը պետք է կրճատվի։ Սա չպետք է լինի պարզապես զինադադար, այլ` երկարաժամկետ խաղաղություն։
Երկրորդ նպատակը՝ ազգայնական խմբավորումների վերացումն է, ինչպես նաեւ ռուսերենի հավասար իրավունքների ապահովումն ուկրաիներենի հետ։ Այն տարածքներում, որտեղ բնակչության մեծ մասը կամ զգալի մասը ռուսներ են, այս հարցերը կարեւոր են։ Սրանք այն խնդիրներն են, որոնք նախագահը ձեւակերպել է հատուկ ռազմական գործողության սկզբում, եւ դրանք պետք է իրականացվեն։
Արեւմտյան Եվրոպան դիմադրում է այս նպատակներին խաղաղ բանակցությունների միջոցով հասնելուն։ Անձամբ ես հույս ունեի ԱՄՆ նախագահի վրա, թեեւ վերջին շաբաթներին այդ հույսը զգալիորեն թուլացել է։ Նա հնարավորություն ուներ դառնալ մեծ ամերիկյան նախագահ։ Նրա կարգախոսը՝ «Ամերիկան կրկին մեծ դարձնել», գրավիչ էր շատերի համար, հատկապես երբ նա խոսում էր աշխարհի տարբեր հակամարտություններն ավարտելու մասին, այդ թվում՝ ուկրաինականը։ Նա ասում էր, որ այդ պատերազմը ինքը չի սկսել եւ չի աջակցել Ուկրաինային, եւ համաձայն չէր Բայդենի վարած քաղաքականության հետ։ Սակայն այն, ինչ նա այժմ արել է, դժվար է հասկանալ։ Նրա քայլերը՝ կապված Իսրայելի աջակցման եւ Իրանի դեմ ռազմական գործողությունների հետ, ինչպես նաեւ նախկինում Վենեսուելայի վերաբերյալ գործողությունները, լուրջ հարցեր են առաջացնում։ Այս ամենից հետո դժվար է խոսել այն մասին, որ նա կարող է դառնալ մեծ նախագահ։
Այնուամենայնիվ, մեր նախագահը շարունակում է ասել, որ Ռուսաստանը չի հրաժարվում ԱՄՆ-ի միջնորդությունից խաղաղ բանակցությունների հարցում։ Կկարողանա՞ արդյոք նա ազդեցություն ունենալ իր դաշնակիցների վրա, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահի, ժամանակը ցույց կտա։ Կանխատեսումներ անել այստեղ շատ դժվար է։ Բայց կրկին նշեմ՝ հիմնական հարցերը, իհարկե, լուծվում են մարտի դաշտում։ Ինչ էլ լինի, Ուկրաինայի իշխանությունները ստիպված կլինեն ճանաչել իրենց պարտությունը եւ համաձայնել խաղաղ բանակցությունների գնալ։ Ռուսաստանը պատրաստ է դրան։
«ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԶԻՋԵԼ ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՈՐԵՎԷ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»
— Ռուսաստանը կներգրավվի՞ այն պատերազմի մեջ, որն այսօր տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում: Եվ այն ամենից հետո, ինչ տեղի է ունենում Իրանում, որքանո՞վ է այլեւս իրատեսական, որ «Զանգեզուրի միջանցքը»՝ «Թրամփի ուղի» անվան տակ իրականություն կդառնա:
— Պատկերացրեք՝ եթե այդ «Թրամփի ճանապարհը» իրականանա, եւ, ասենք, ամերիկացիները կանգնեն այդ միջանցքում եւ այնտեղ ներկայություն ունենան, ապա դա կդառնա Իրանի համար լիովին օրինական թիրախ հարված հասցնելու համար։ Իսկ Իրանը, ինչպես գիտենք, բարեկամ պետություն է Հայաստանի համար։
Խնդիրն այլ է. նպատակն այն է, որ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ կրկին ստեղծվի լարվածություն, որպեսզի դա օգտագործվի որոշ ուժերի շահերի համար։ Սա շարունակական գործընթաց է. կապ չունի՝ որտեղ է տեղի ունենում, Ռուսաստանի գրեթե բոլոր սահմանների շուրջ նման միջադեպեր են արձանագրվում։ Շատերի մոտ կա հույս, որ Մերձավոր Արեւելքի այս հակամարտությունը կարելի է օգտագործել՝ ավելի մեծ կրակ բորբոքելու համար, որպեսզի այն ընդգրկի հնարավորինս շատ երկրներ։ Բայց ինձ թվում է, որ այստեղ, ինչպես ասում են, սխալ հասցեով են դիմել. իրանցի ժողովուրդը խիզախորեն դիմադրում է այս ագրեսիային։
Այսօր նաեւ Թրամփը համոզվեց, որ այս պատերազմը իրեն որեւէ շահաբաժին չի բերել։ Որքան շուտ նա դուրս գա դրանից եւ չխրվի դրա մեջ, այնքան լավ կլինի նրա համար։ Նա արդեն բավականին շատ է կորցրել իր դիրքերից։ Կարծում եմ՝ Ռուսաստանը նույնպես կդիմադրի ցանկացած գործողության, որը կուղղվի իր շահերի դեմ, այդ թվում` նաեւ Հարավային Կովկասում։
Ինձ թվում է, որ անկախ նրանից, թե ինչպես կանցնեն ընտրությունները Հայաստանում, եւ ինչ ուժեր կգան իշխանության, հայկական իշխանությունները նույնպես պետք է հաշվի առնեն Ռուսաստանի ռազմավարական շահերը։ Մենք արդեն համոզվել ենք, որ չենք կարող զիջել մեր ռազմավարական շահերը որեւէ ուղղությամբ, հատկապես մեր սահմանների մոտ։ Եվ կարծում եմ՝ Ռուսաստանը կդիմադրի բոլոր այն փորձերին, որոնք նպատակ ունեն տարբեր երկրներ ներգրավել հակառուսական գործողությունների մեջ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

