Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան
ՏեսանյութերԵրեւանում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Հայաստանը եւ Ղրիմը Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի պատերազմների դիտանկյունում» թեմայով։ Կազմակերպիչներն էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, «Ղրիմի բարեկամների» հայկական ակումբը եւ Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորումը։
Միջոցառումը նվիրված էր Ղրիմի Ռուսաստանի հետ վերամիավորման 12-ամյակին, որի շրջանակում անցկացվեց նաեւ թեմատիկ լուսանկարների ցուցահանդես՝ Երեւանում Ռուսական տան աջակցությամբ։ Իսկ համաժողովին մասնակցեցին հասարակական եւ քաղաքական գործիչներ Հայաստանից եւ Ռուսաստանից, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքերով հանդես եկան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխարհազորային գնդի լեգենդար հրամանատար Արմեն (Սամվել) Մարդոյանը:
Զեկույցներ ներկայացրին Սեւծովյան միջազգային համագործակցության ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Յարոսլավ Իվանչենկոն, որը նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի մոտ Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ղրիմի Հանրապետության մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Գեորգի Մուրադովի խորհրդականն է, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը եւ այլք:
Ի դեպ, Յարոսլավ Իվանչենկոն ընթերցեց նաեւ Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովի ուղերձն ուղղված համաժողովի մասնակիցներին, որտեղ մասնավորապես նշված էր, որ Ղրիմի ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանում «Ղրիմի բարեկամներ» ակումբի ակտիվ եւ արդյունավետ գործունեությունը, որը գործում է Հայկ Բաբուխանյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ «Ղրիմի բարեկամներ» ակումբը միջազգային կազմակերպություն է, որն ունի իր մասնաճյուղերը 50 երկրում, այդ թվում նաեւ Հայաստանում, իսկ Հ. Բաբուխանյանը այդ մեծ շարժման համակարգող խորհրդի նախագահի տեղակալն է։
«ՂՐԻՄԸ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆ Է»
Համաժողովի ժամանակ Հայկ Բաբուխանյանն ընդգծեց, որ Ղրիմը հայերի համար, առաջին հերթին, սրբազան տարածք է, սրբազան կազմավորում, աշխարհագրական եւ պատմական վայր։
«Հայկական հետքը Ղրիմում հազարամյա պատմություն ունի։ Երկրորդ՝ Ղրիմը հայ-ռուսական հոգեւոր եղբայրության ակունքն է, որովհետեւ հենց Ղրիմում՝ Խերսոնեսում, տեղի է ունեցել հայ-ռուսական հոգեւոր միավորումը։ Կոստանդնուպոլիսը հասել է այնտեղ, եւ Ռուսաստանը հենց այնտեղից է սկսել քրիստոնեության ընդունումը, քանի որ Կոստանդնուպոլսի կայսրերի հայկական դինաստիան նման պայման էր դրել։ Հենց Ղրիմը՝ Խերսոնեսը, հանդիսանում է անքակտելի հայ-ռուսական հոգեւոր եղբայրության մեկնակետը։ Երրորդ՝ Ղրիմը ժողովուրդների ազգային ինքնորոշման իրավունքի, ազատության, վերամիավորման գաղափարի հաղթանակի խորհրդանիշն է: Այս խորհրդանիշները մեզ՝ հայերիս համար, շատ կարեւոր են, որովհետեւ նրանք, ովքեր փորձում են մոռացության մատնել Արցախի հարցը, Արցախի վերամիավորումը մայր Հայաստանին, Արցախի ինքնորոշումը, պարտվելու են», - շեշտեց Բաբուխանյանը:
«ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ»
Ինչ վերաբերում է առկա մարտահրավերներին, ՍԻՄ կուսակցության նախագահը զգուշացրեց, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է ոչնչացնել Անկախության հռչակագիրը:
«Ես` որպես մարդ, ով կանգնած է եղել այդ հռչակագրի սկզբնավորման ակունքներում եւ հանդիսանում է Անկախության հռչակագրի համահեղինակ, կարծում եմ, որ եթե նրան հաջողվի ոչնչացնել մեր Անկախության հռչակագիրը, վերջնականապես կկործանի Հայաստանի պետականությունը։ Որովհետեւ հենց մեր հռչակագիրն է այն հիմքը, որի վրա կառուցվել է մեր պետությունը։ Դրանք այն գաղափարական մղումներն ու ուղղություններն են, որոնք հնարավորություն տվեցին ոչ միայն 90-ականների ծանր տարիներին պահպանել պետականությունը, այլեւ զարգացնել այն, հասնել հաղթանակի թշնամու նկատմամբ, ապահովել մեր տարածքային ամբողջականության պահպանումը՝ նկատի ունեմ Արցախը՝ Հայաստանի Հանրապետության կազմում։
Եվ այս ամենը նաեւ արտացոլված է Սահմանադրության մեջ։ Ինչո՞ւ է նա ցանկանում ոչնչացնել Սահմանադրությունը։ Որովհետեւ Սահմանադրությունը մեր պետականության կմախքն է։ Այո՛, եթե Անկախության հռչակագիրը բազիսն է, հիմքը, ապա կմախքը Սահմանադրությունն է։ Սահմանադրության մեջ ասված է այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Թշնամիները, որոնք փորձում են վարկաբեկել ամեն ինչ, սկսում են ասել, թե սա Սահմանադրություն չէ, թե այն սխալ է ընդունվել եւ այլն։ Դրանք նիկոլական քարոզիչներն են», - ասաց Բաբուխանյանը եւ նշեց, որ իրականում մեր Սահմանադրությունն ասում է՝ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, ինչը մեծապես անհանգստացնում է Ադրբեջանին. «Այն նաեւ ասում է, որ Հայ Առաքելական եկեղեցին մեր ազգի հիմնարար ինստիտուտն է եւ ունի առանձնահատուկ, առաջատար դեր մեր հոգեւոր կյանքի զարգացման մեջ։ Արարատը մեր խորհրդանիշն է, մեր մտածողության ուղղությունը։ Համապատասխանաբար՝ սա մեր մտածողության զարգացումն է դեպի մեր սրբությունների ազատագրում։ Մեր հոգեւորության եւ զարգացման այս հիմնարար հիմքերը ցանկանում են ոչնչացնել։ Ո՞ւմ ճնշման տակ։ Մեր դարավոր թշնամիների, որոնք շահագրգռված են հայկական ազգի եւ հայկական պետականության ոչնչացմամբ»։
«ՄԻԱԿ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԷԹՆՈՍԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ՈՒԺԵՂԱՑՈՒՄԸ ՌԴ-Ն Է»
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգողի գնահատմամբ՝ այսօր Հայաստանի առջեւ կանգնած հիմնական մարտահրավերն այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում պետականության եւ տարածքների մնացորդների կորուստն է։
«Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ցանկացած պայմաններում, ցանկացած բանակցությունների ժամանակ, հատկապես Հայաստանի այսօրվա դավաճանական ու զիջող իշխանության պարագայում, պատրաստ են ոչնչացնել Հայաստանը, հայկական էթնոսը եւ ստեղծել Մեծ Թուրանը։ Սա ոչ միայն նրանց ազգային գաղափարախոսությունն է, այլեւ նրանց հիմնական զարգացման ուղին՝ աշխարհում ուժեղանալու համար։ Նրանց տեսանկյունից դա շատ տրամաբանական է։ Մեր տեսանկյունից պետք է հասկանանք, որ միակ երկիրը, որը շահագրգռված չէ դրանում, այլ հակառակը՝ ցանկանում է հայկական էթնոսի եւ հայկական պետականության պահպանումն ու ուժեղացումը հենց մեր տարածքում, Ռուսաստանն է։ Եվ սա պայմանավորված չէ միայն մեր հոգեւոր մտերմությամբ, որի մասին արդեն նշեցի, որ այն ձեւավորվել է հազար տարի առաջ: Սա Ռուսաստանի պետականության, աշխարհաքաղաքական շահն է եւ ոչ միայն այն պատճառով, որ ՌԴ-ում սիրում են հայերին», - նշեց նա:
«ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՓՈՐՁԵՆ ԳՐԱՎԵԼ ՍՅՈՒՆԻՔԸ»
Խոսելով Իրանի մասին՝ Հայկ Բաբուխանյանն ասաց, որ այն նույնպես, հատկապես այսօր շահագրգռված է հայկական պետականության պահպանմամբ, ինչը քաղաքագիտորեն հիմնավորված է։
«Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, պետք է ասեմ, որ՝ այո՛, իսկապես, պատերազմները, որոնք հիմա տեղի են ունենում, ունեն ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական նախադրյալներ եւ հետեւանքներ։ Սա կարող է հանգեցնել նրան, որ Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի միջեւ կարող են առաջանալ լրիվ անկանխատեսելի հարաբերություններ, որոնք այսօր նույնիսկ դժվար է պատկերացնել։ Սա կարող է բերել ՆԱՏՕ-ի ներսում պառակտման, ինչը կունենա որոշակի հետեւանքներ։ Սա կարող է հանգեցնել նաեւ Թրամփի դերի թուլացմանը, նույնիսկ մինչեւ իմփիչմենտ։ Սա կարող է հանգեցնել Իրանի ոչնչացմանը՝ նրա բաժանմամբ 5-6 պետությունների։ Կամ հակառակը՝ բերել Իսրայելի ոչնչացմանը՝ որպես պետություն։
Բացի տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական եւ այլ գործոններից, այս պատերազմում կա նաեւ սրբազան ընկալում՝ հատկապես իսրայելական մոտեցման տեսանկյունից։ Այդ պատճառով էլ չպետք է լիովին վստահ լինենք, որ այն չի վերածվի միջուկայինի: Իսկ միջուկային հարվածը կարող է բխել ոչ միայն ռազմական անհրաժեշտությունից, այլ նաեւ սրբազան նախադրյալներից։ Այսինքն՝ ամեն ինչ հնարավոր է։
Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած անորոշության պայմաններում Թուրքիան եւ Ադրբեջանը կփորձեն գրավել Սյունիքը՝ առնվազն եւ դուրս գալ դեպի Սեւան, որովհետեւ նրանց անհրաժեշտ են քաղցրահամ ջրի պաշարները, որոնք այսօր ոչ պակաս կարեւոր գործոն են, քան նավթն ու գազը, իսկ մոտ ապագայում կարող են դառնալ նույնիսկ ավելի կարեւոր։ Ուստի՝ պետք է հասկանալ, որ հիմնական հարվածը հենց այդ ուղղությունից է գալու։ Ե՞րբ կլինի, ի՞նչ ձեւով, իհարկե, կախված է ներկայում ընթացող պատերազմներից», - զգուշացրեց Բաբուխանյանը։
«ԱՅՍՕՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԿԱ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՐԿ»
Ստեղծված իրավիճակում Հայկ Բաբուխանյանը վերահաստատեց՝ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այն, որ պետք է հիմա խոսել ընտրության մասին, ինչը «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը բարձրաձայնում է վերջին 5 տարիների ընթացքում՝ ամենօրյա ռեժիմով:
«Հայաստանի ամենապրագմատիկ շարժումը մենք ենք, որովհետեւ այսօր կա երկու տեսակետ: Առաջինն այն է, որ պետք է դառնանք այն, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, իսկ նա ասում է, որ պետք է լինենք Թուրքիայի վասալը եւ մեր խնդիրները լուծենք՝ կատարելով թուրքական բոլոր պահանջները: Չմոռանանք, որ Եվրամիությունը ինքն էլ կարող է փլուզվել, իսկ Թուրքիան չի փլուզվի՝ վստահ եղեք։ Ուզո՞ւմ է Զանգեզուրի միջանցքը, խնդրեմ, պետք է տանք, ուզո՞ւմ եք Սահմանադրությունը փոխենք, խնդրեմ, ուզո՞ւմ եք, որ ընդհանրապես մոռանանք Արցախի մասին, էլի խնդրեմ։ Ուզո՞ւմ է, որ տանք անկլավները, պետք է տանք: Ուզո՞ւմ եք 300 հազար ադրբեջանցի տեղափոխել Հայաստան, համեցեք: Սա մի տարբերակ է, որպեսզի քեզ չմորթեն։ Այսինքն՝ դու անում ես ամեն ինչ, ինչ պահանջում է քեզանից զավթիչը կամ ագրեսորը։ Եվ կա երկրորդ տարբերակ, ինչ առաջարկում եք մենք: Եթե ուզում ես պահպանվել, չտալ այն ամենը, ինչ ունես, եւ հետո 15 տարի անց պետությունն ինքն իրեն չլուծարվի, այդ դեպքում պետք է վերականգնել այն ուղին, որը դրված էր Անկախության հռչակագրում, այն սկզբունքները, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ։ Մեր շարժումը, փաստորեն, մնում է միակը, որը այսօր հստակ ու պարզ ասում է, որ կա երկրորդ ճանապարհ: Բոլոր մնացած օլիգարխները, որոնք այսօր զբաղեցրել են դիրքեր մեր քաղաքական դաշտում ոչ թե իրենց գաղափարախոսության, այլ իրենց փողերի հաշվին, նրանք քաղաքականության մասին ոչինչ չեն ասում։ Նրանք ասում են՝ մենք ձեզ բոլորիդ լավ կկերակրենք, ինչպես մինչեւ մորթելը չաղացնում են կենդանուն։ Ստացվում է, որ օլիգարխիկ մտածողության մեջ ժողովուրդն անասուն զանգված է, որին պետք է կերակրել, հետո էլ օգտագործել։ Չկան քաղաքական լուծումներ, չկան քաղաքական առաջարկներ», - մանրամասնում է Բաբուխանյանը:
Ըստ նրա` այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական առաջարկն է՝ ամեն ինչ տալ, ամեն ինչ զիջել, որպեսզի հիմա մեզ չմորթեն։ Եվ մյուսը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման առաջարկը՝ մտնել Ռուսաստան եւ Բելառուս Միութենական պետության կազմի մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

