Խաղաղությո՞ւն, թե՞ վախի կառավարում
Խաղաղությո՞ւն, թե՞ վախի կառավարում
Այսօր մեր հասարակական-քաղաքական խոսույթում ամենից հաճախ հնչող բառը «խաղաղությունն» է։ Այն ներկայացվում է որպես միակ ճանապարհ, միակ փրկություն, գրեթե՝ միակ ճշմարտություն։ Բայց արդյո՞ք մենք գործ ունենք իրական խաղաղության գաղափարի հետ, թե՞ այն վերածվել է կառավարման գործիքի՝ փաթեթավորված գեղեցիկ բառերի մեջ,-«Իրավունքի» հետ զրույցում նման գնահատական է հնչեցնում արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը, ընդգծելով.
- Խաղաղությունը, որպես արժեք, մարդկության ամենաբարձր նվաճումներից է։ Այն ծնվում է ուժից, հավասարակշռությունից, արժանապատվությունից։ Խաղաղությունը երբեք չի եղել վախի արդյունք։ Այն միշտ եղել է ուժի գիտակցման և այդ ուժը վերահսկելու կարողության հետևանք։Բայց երբ խաղաղությունը սկսում է ներկայացվել ոչ թե որպես արժանապատիվ գոյության պայման, այլ որպես վախից փախուստի միջոց, այն կորցնում է իր էությունը։Այսօր ձևավորվում է վտանգավոր մի տրամաբանություն․մարդուն ասում են՝ «եթե չընդունես այս ճանապարհը՝ կլինի պատերազմ»։
Այսինքն՝ ընտրությունը դրվում է ոչ թե բանականության, այլ՝ վախի դաշտում։Սա այլևս խաղաղության քարոզ չէ։ Սա վախի կառավարման տեխնոլոգիա է։Վախը մարդու ամենահզոր զգացմունքներից է։ Վախեցած մարդը չի վերլուծում, չի կշռադատում, չի համադրում։ Նա ընդունում է այն, ինչ ներկայացվում է որպես փրկություն։ Եվ հենց այստեղ է, որ «խաղաղության» գաղափարը կարող է վերածվել ոչ թե արժեքի, այլ լծակի։Երբ հասարակությանը մշտապես ներկայացվում է վտանգի պատկեր՝ առանց ուժի, հնարավորությունների և դիմադրության մասին խոսելու, ձևավորվում է անօգնականության զգացում։ Իսկ անօգնական հասարակությունը հեշտ կառավարելի է։Սակայն ամենամեծ վտանգը նույնիսկ սա չէ։Ամենամեծ վտանգը այն է, որ վախի վրա կառուցված խաղաղությունը չի ստեղծում անվտանգություն։ Այն ընդամենը ժամանակ է գնում՝ գնալով թուլացնելով հասարակության դիմադրողականությունը։ Դա նման է հիվանդության, որի ցավը ժամանակավորապես լռեցվում է, բայց պատճառը չի բուժվում։Պետությունը, որը իր քաղաքացիներին սովորեցնում է վախով ապրել, երկարաժամկետ հեռանկարում կորցնում է իր հիմքը։ Որովհետև պետությունը միայն տարածք չէ։ Պետությունը մարդկանց կամքն է, արժանապատվությունը, դիմադրելու պատրաստակամությունը։Երբ այդ կամքը փոխարինվում է վախով, պետությունը սկսում է քայքայվել ներսից։Խաղաղությունը չի կարող լինել պարտադրանք։ Այն չի կարող կառուցվել միակողմանի զիջումների կամ մշտական ինքնապաշտպանության հոգեբանության վրա։ Խաղաղությունը հավասարակշռություն է, որտեղ կողմերը գիտակցում են ոչ միայն վտանգը, այլ նաև միմյանց ուժը։Այստեղ է իրական հարցը․
արդյո՞ք մեզ առաջարկվող «խաղաղությունը» բխում է ուժից, թե՞ վախից։Եթե այն բխում է ուժից՝ այն կայուն է։Եթե այն բխում է վախից՝ այն ժամանակավոր է։Պատմությունը բազմիցս ապացուցել է՝ վախի վրա կառուցված համակարգերը չեն դիմանում ժամանակի փորձությանը։ Դրանք կարող են ստեղծել կարճատև կայունության պատրանք, բայց չեն ստեղծում ապագա։Հասարակությունը պետք է ունենա մեկ պարզ գիտակցում․
խաղաղությունը նպատակ է, բայց ոչ երբեք՝ ցանկացած գնով։Որովհետև այն պահից, երբ խաղաղությունը դառնում է «ամեն գնով» գաղափար, այն դադարում է լինել խաղաղություն և վերածվում է գոյության վախեցած ձևի։Իսկ վախով գոյատևող հասարակությունը չի կարող ստեղծել ուժեղ պետություն։Այսօր մեզ պետք է ոչ թե վախի վրա կառուցված խաղաղություն, այլ արժանապատվության վրա հիմնված անվտանգություն։ Խաղաղություն, որը բխում է ուժից, ոչ թե վախից։ Խաղաղություն, որը չի պարտադրվում, այլ ձևավորվում է։Միայն այդ դեպքում այն կլինի իրական։ Միայն այդ դեպքում այն կլինի երկարատև։
Նախընտրական փուլերում այս տրամաբանությունը ստանում է առավել սուր և վտանգավոր բնույթ։ Քաղաքական իշխանությունը սկսում է ներկայացնել իրեն որպես խաղաղության միակ երաշխավոր, իսկ ընդդիմությանը՝ որպես պատերազմի կրող ուժ։Սա արդեն քաղաքական բանավեճ չէ։ Սա ընտրողի գիտակցության վրա ուղղված մանիպուլյացիա է։Երբ հասարակությանը պարտադրվում է «կամ մենք՝ խաղաղություն, կամ նրանք՝ պատերազմ» ձևակերպումը, իրականում ստեղծվում է կեղծ ընտրություն, որտեղ վերացվում են բոլոր այլընտրանքները։ Մարդուն այլևս չեն առաջարկում տարբեր ուղիներ, այլ դնում են վախի առաջ և ստիպում ընտրել ոչ թե լավագույնը, այլ՝ ամենաքիչ վախեցնողը։
Այս մոտեցումը ոչ միայն սահմանափակում է քաղաքական մրցակցությունը, այլ նաև աղավաղում է ժողովրդավարության էությունը։ Որովհետև ազատ ընտրությունը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ մարդը չի գտնվում հոգեբանական ճնշման տակ։Երբ ընտրողին ասում են՝ «եթե մեզ չընտրես՝ կլինի պատերազմ», նրան իրականում չեն վստահում որպես բանական որոշում կայացնող քաղաքացի։ Նրան դիտարկում են որպես վախեցող և կառավարվող զանգված։Իսկ վախեցած մարդը չի ընտրում։ Նա պարզապես համաձայնվում է։

