Երեք օղակների մեջ սկանդալ հրահրողը եղել է Նիկոլ Փաշինյանը. Հայկ Դեմոյան
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանը հրապարակավ հաստատեց, որ ինքն է խնդրել Էդիտա Գզոյանին՝ Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին, ներկայացնել հրաժարականի դիմում: Փաշինյանի խոսքով՝ պատճառը եղել է Գզոյանի կողմից ԱՄՆ փոխնախագահ Վենսին ներկայացված՝ Ղարաբաղյան հակամարտության մասին գիրքը, ինչը, ըստ նրա, հակասում էր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին եւ դիտվել է որպես «սադրիչ գործողություն»: Այս քայլը լայն քննարկում է հարուցել հանրության եւ գիտական շրջանակներում, ինչի մասին «Իրավունք»-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու վարքագիծը՝ առհասարակ կապված Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի աշխատանքից ազատելու վերաբերյալ:
— Դա անմեղսունակության դրսեւորում է եւ ոչինչ ավելին: Ես Էդիտա Գզոյանի պաշտպանը չեմ, բայց ես տրամաբանության կողմնակիցն եմ: Եթե Փաշինյանն իր տեղում լիներ եւ հասկանար` ինչ կարեւորության աստիճանի արարողակարգի այց է ԱՄՆ փոխնախագահի այցը, այդ դեպքում նրանք 1-2 ժողովի փոխարեն՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ ժողովները կանեին եւ, ամենայն մանրամասնությամբ, կճշտեին բոլոր դետալները: Սովորոբար նմանատիպ աշխատանքով զբաղվում են աշխատակազմի ղեկավարները, տվյալ դեպքում՝ Արայիկ Հարութունյանը, եւ դրան պետք է անպայման միացած լիներ Արարատ Միրզոյանը: Պետք է քննարկվեր հյուրի տեղաշարժը, ժամանակացույցը եւ ինչ արարողակարգային նվերներ են տրվելու: Էդիտա Գզոյանին մինչ հասնելը՝ նա պետք է ստանար կոնկրետ ցուցում, եւ նույնիսկ նրանից պետք է ճշտեին, թե նա ինչ է պատրաստվում տալ:
Իմ դեպքում այդպես է եղել: Ես 400 արարողակարգային այց եմ դիմավորել: Եղել է ընդամենը երկու դեպք, երբ ինձ հարցրել են, եւ ես առանց բան փոխելու՝ պատասխանել եմ: Այսինքն, չի եղել ճնշում, որ ես փոխեմ՝ սա տամ կամ չտամ: Ինձ հարցրել են՝ պատրա՞ստ ես, ասել եմ՝ այո: Առանց խորամուխ լինելու, թե ես ինչ եմ տալու:
Եթե հիմա կար դիցաբանական արտաքին քաղաքական կուրս, որին հավատարմորեն երկրպագում է Փաշինյանը, որը հասկանալի է , թե որտեղից է այդ ուղղությունները, ուրեմն՝ պետք է այդ բոլոր նրբությունները հաշվի առնվեին: Հյուրին նվեր տալը շատ կարեւոր է՝ ընդհուպ այդ նվերին դիպչելը, որը պետք է փոխանցել: Դա էլ է նույնիսկ ստուգվում՝ որոշ նախագահների պարագաներում: Առաջին օղակը, որը կիքս է տվել, դա եղել է աշխատակազմի մեղավորությամբ: Ծիծեռնակաբերդ մինչ հասնելը՝ սովորաբար տնօրենի կողքին պետք է լինի կա՛մ քաղաքապետը, կա՛մ որեւէ նախարար: Տվյալ դեպքում՝ Ժաննա Անդրեասյանը, երեւի 5 կամ 10 րոպե վաղօրոք եկել է Ծիծեռնակաբերդ, ժամանակ է ունեցել որպես վերադաս հետաքրքրվել Էդիտա Գզոյանից, թե ինչ է պատրաստվում անել: Չէ, որ նա վերդասն է եւ պետք է իմանար՝ ինչ է անում թանգարանի տնօրենը: Այսինքն, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ցուցումները Ժաննա Անդրեասյանի համար էական չեն եղել:
Երրորդ մակարդակը՝ պետական արարողակարգն է, որը արդեն գտնվում էր Ծիծեռնակաբերդում, պետք է լիովին վերահսկեր իրավիճակը: Մեքենան աջ-ձախ, դուռը բացել-փակելը, դա դեռ չի նշանակում վերահսկողություն է: Պետք է հյուրի հետ անմիջական շփումը նվերի միջոցով լինի: Ինչպես նաեւ բովանդակությանը պետք է տեղյակ լիներ, եթե իրեն հանձնարարություն լիներ նախապես տրված աշխատակազմից: Այդ դեպքում, կասեին, որ ցանկալի չէ նման նվեր տալը, քանի որ այն կարող է բերել ինչ-ինչ հարցերի: Ուրեմն՝ երեք օղակներ մեջ սկանդալ հրահրողը եղել է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ իր աշխատակազմն ու արարողակարգն է թերացել:
Վերջապես, թանգարանում կա Արցախի բաժին, որն ուսումնասիրում է Արցախը: Հիմա այդ նույն տրամաբանությամբ թանգարանը պետք է փակի՞ այդ բաժինը: Եթե Փաշինյանի տրամաբանությունը վերցնենք, ապա թանգարանում անցակալի է այդ բաժինը պահել, քանի որ, ըստ իրենց, դա սադրիչ է: Եվ նաեւ պետք է պահանջի այդ բաժնի բոլոր աշխատակիցների հրաժարականը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ոչ թե ցույց տվեց, որ ինքն է որոշողը, այլ նա ցույց տվեց իր եւ իր թիմակիցների, աշխատակազմի ապաշնորհ գործելաոճը:
— Կարծում եք՝ դրսից հանձնարարակա՞ն են կատարում…
— Նրանք ցանկանում են ցույց տալ, որ հասկանում են ամեն ինչից, սակայն ակնհայտ է, թե թե որտեղից է գալիս այդ հանձնարարականները: Դրանք Ալիեւի հանձնարարականներն են, որոնց նա սպասարկում է՝ հիմնավորելով, որ դա արտաքին խաղաղություն է: Բայց այդպիսի խաղաղության օրակարգ մենք ամեն օր չենք տեսնում Բաքվից, մենք տեսնում ենք պատերազմի հավակնությունների օրակարգ: Երբ ուժի դեմ դու թույլ ես ձեւանում, այդ ուժը միշտ գալիս է քեզ մոտ: Դա բնության բանաձեւն է՝ ուժը միշտ օգտվելու է թուլությունից: Հիմա Փաշինյանը քարոզում է ոչ թե խաղաղություն, այլ` թուլակամություն: Դա իր խաղաղության այլ բանաձեւն ու այլ անվանումն է: Իրենք խաղաղություն են անվանում, սակայն իրականում դա թուլություն է, որովհետեւ դրա կողքին մենք զուգահեռ խաղաղություն չենք տեսնում:
— Ի՞նչ կասեք Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարի մասին:
— Որքանով տեղյակ եմ, բերել են թեմայի հետ կապ չունեցող, վերահսկիչ ֆունկցիա ունեցող մի անձի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

