«ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ՌՈՒՍ ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է վերջերս Սերբիայի Զրենյանին քաղաքում կայացած Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած, Արտաշատի «Ռազմիկ Գոլեցյանի» անվան մարզադպրոցի սան ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. «Հանդես եկա 57 կգ քաշային կարգում։ Մեկնարկում, ափսոս, զիջեցի ռուս մրցակցիս 7։5 հաշվով։ Հետո սփոփիչ գոտեմարտ անցկացրի ուկրաինացի ըմբիշի հետ ու 16։5 հաշվով հաղթեցի նրան։ Բրոնզե մեդալի համար պայքարում, բացարձակ առավելությամբ, առանց որևէ միավոր տալու 10։0 հաշվով պարտության մատնեցի Բելառուսի ներկայացուցչին։
Ամենադժվարը ռուս մրցակցի հետ պայքարն էր, քանի որ առաջին գոտեմարտն էր։ Նշեմ, որ սա իմ նորամուտն էր Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, ես առաջին անգամ մասնակցեցի այս տարիքային խմբում ու բրոնզե մեդալ նվաճեցի։ Առաջին անգամվա համար գոհ եմ, սակայն կարող էի ավելին անել։
Հաջորդ անգամ կաշխատեմ փոխել մեդալիս գույնը»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

