Մոմը վերադառնում է քաղաքական ասպարեզ
ՎերլուծությունՆախօրեին ցնցող բողոքով էր հանդես եկել ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը: Տեղեկացնում էին, որ Լեւոնի առանձնատան եւ գրասենյակի լույսն անջատել են։
Թերեւս սկսենք առաջին նախագահի գրասենյակի բողոքի վերջից. «Սա ոչ թե սովորական վթար է, այլ Առաջին նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ կիրառված եւ չդադարող սադիզմի դրսեւորում»։ Դե լավ էլի, մի հասարակ հոսանքազրկումը սարքեցին «սադիզմ»: Դե արի ու մի հիշի անցյալը. բա երբ տարիներով մի ամբողջ երկիր մթի ու ցրտի մեջ էր ԼՏՊ–ն թաղել, այդ ժամանակ սադիզմ բառը դեռ հորինված չէ՞ր: Թե՞ պետք է իրեն առանց լույսի ու մոմի հույսին թողնեին, որ գոնե մեկ անգամ պատկերացում կազմեր, թե դա «սադիզմ» է:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈ՞ՒՄ
Լավ, չչարախնդանք, մեկ է` ԼՏՊ–ի պարագայում դա բան չի փոխի: Ավելի լավ է գանք բուն բողոքին, որտեղ եւս հետաքրքիր մտքեր կան: Տեր-Պետրոսյանի թիմում կարծում են, որ այդ հոսանքազրկումը դիտավորություն է: Նախ, քանիցս զանգել են, սակայն ՀԷՑ–ից խոստացել են, որ շուտով կմիացնեն ու չեն միացրել: Հետո «Առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված էին լույսով»։ Կարճ ասած, դա ոչ միայն նշանակում է «Նախագահի նկատմամբ կիրառված եւ շարունակվող տմարդի դրսեւորում», այլ` քաղաքական հաշվեհարդարի պես մի բան. «Հոսանքազրկումը, հաստատաբար, տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ ՀԷՑ-ը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության, առանց հրահանգի»:
Իհարկե, դա չենք բացառում. Նիկոլից միշտ էլ սպասելի է, որ դուրը չեկածներին ոչ միայն բանտերում կփակի, այլ նաեւ նման մանր–մունր քինախնդրությամբ կպատժի: Չնայած, եթե անգամ սա է, էլի Տեր–Պետրոսյանը բողոքելու տեղ չունի. իր սնած–մեծացրած, գուրգուրած ու փայփայած, ամեն շառից-փորձանքից հեռու պահած Նիկոլն է, հիմա ումի՞ց է դժգոհում: Բայց մեկ է, եթե իրոք ԼՏՊ–ի գրասենյակի ասածի պես, Նիկոլը հոսանքազրկել է Լեւոնի տունը, ու, պատկերավոր ասած, «մութ ու խավար տարիների» մոմը վերադառնում է քաղաքական ասպարեզ, դա արդեն մտածելու առիթ տալիս է: Առավել եւս, որ ՀԷՑ-ը Կարապետյանից խլելուց հետո հոսանքազրկումների մտահոգիչ աճը հուշում է, որ բոլորս միասին մոմի հույսին մնալու հավանականությունը շատ մեծ է: Էլ չասած, եթե արդարանան հայտնի մտավախությունները, որ հայաստանյան էներգետիկան կամաց–կամաց կարող է անցնել թուրքերին:
Ի դեպ, այդ խոսակցությունների ֆոնին նկատենք, որ Նիկոլը, թերեւս, Տեր-Պետրոսյանին հենց «հոսանքով պատժելու» պատճառ կարծես թե ուներ: Հիշեցնենք, որ վերջերս Առաջին նախագահը հանդես եկավ հրապարակմամբ` առաջ տանելով այն միտքը, որ Փաշինյանի արեւմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը: Սա կլուծի նաեւ ՀԷՑ-ի հարցը, կփակի այն թուրքերին տալու մասին խոսակցությունները: Բա իհարկե, Նիկոլին նման հեռանկարը կարող է զայրացնել:
Առավել եւս, որ Տեր-Պետրոսյանը նաեւ առաջ է տանում այնպիսի մտքեր, ինչպիսիք են`«Հայաստանի բնական դաշնակիցները ոչ թե հեռավոր արեւմտյան երկրներն են (բացառությամբ Ֆրանսիայի, որի հետ մեր հումանիտար եւ մշակութային հարաբերությունները հաստատվել են դեռեւս 20-րդ դարի սկզբին), այլ Ռուսաստանը, Վրաստանը եւ Իրանը», «Արցախ», «համախմբում», «ազգային եկեղեցի» եւ այլն, որոնցից մեն մեկի համար Նիկոլը կարող է մի երկու–երեք ժամվա «հոսանքազրկումով պատժել»:
Առավել եւս, որ, ինչպես մարզային աղբյուրներն են հուշում, առաջիկա ընտրությունների հետ կապված մտավախություններ Փաշինյանը, կարծես թե, իրոք ունի: Օրինակ` Սյունիքի վերջին այցի ժամանակ, ճիշտ է, Առուշ Առուշանյանը կաշվից դուրս եկավ նրան ընդունելու ժամանակ, սակայն «չար լեզուները» հուշում են, որ դա բան չի փոխում. հանրությունը, մեղմ ասած, այս այցերի ժամանակ պասիվ է: Վարչական ռեսուրսներով մի քանի մարդ են հավաքում, հետները նկարվում, եւ խոսակցություններն այլ ուղղություն տեղափոխելու համար Նիկոլն ու Ալենը ստիպված են տեսախցիկների առաջ ինչ-որ բան ծամելով հետ վերադառնալ:
Այսքանից զատ էլ, ինչպես մեր միանգամայն վստահելի աղբյուրներն են պատմում, Փաշինյանի մոտ մռայլ տրամադրությունները սրում են նաեւ Իրանից եկող լուրերը: Սկզբնական սպասելիքները, որոնք ձեւավորվել էին դրսերից եկած հավաստիացումների վրա, փաստացի չեն արդարանում: Այսինքն, որ ամերիկացիները շատ արագ ծնկի կբերեն Իրանին, ինչը միանգամից գլխիվայր կշրջի ամեն բան` բացելով «Թրամփի ուղու» եւ նման բաների ճանապարհը: Իսկ այդ կետից մինչեւ ռուսական բազան հանելն ընդամենը կես քայլ էր: Բայց չէ, արագ հաղթանակ չեղավ, ու հիմա թե ինչ է սպասվում, մնում է լիովին մշուշոտ: Եվ այս ֆոնին, երբ Լեւոնը, որի ասածներին, ի դեպ, Փաշինյանը շարունակում է մեծ նշանակություն տալ, խոսում է, ըստ էության, Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան գծի մասին, ապա նաեւ Ազգային Եկեղեցու եւ նման բաները, դա, ըստ աղբյուրի, իրոք Փաշինյանի վրա միանգամայն նյարդային ազդեցություն է թողել:
ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԽԱՂԻ ՄԵՋ Է
Ահա այս իրավիճակում էլ նախընտրական խաղի մեջ մտավ նաեւ Երկրորդ նախագահը: Նախ, սրանով տրվեց ինտրիգի պատասխանը, թե ով է ղեկավարելու «Հայաստան» դաշինքը: Ընդ որում, ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի «առաջին տեղով» գնալը ՀՅԴ-ի հիմնական պահանջն էր, եւ եթե ցուցակը ղեկավարեր Լեւոն Քոչարյանը, դաշինք` որպես այդպիսին, չէր լինի:
Թեեւ մյուս կողմից էլ, այլ ինտրիգների պակաս` կապված «Հայաստան» դաշինքի հետ, չկան: Ու հիմնականում հիմնված այն համոզմունքի հետ, որ նախորդ ընտրությունների հաջողությունն այս անգամ կրկնել չի լինի: Այս պահին էլ կան խոցելի կետեր, սկսած դաշինքի նախընտրական կարգախոսից` «Միասին մենք կարող ենք»: Ի՞նչ միասինի մասին է խոսքը, ընդդիմությա՞ն: Այն դեպքում, երբ ինչպես այս, այնպես էլ` նախորդ ընտրություններում Քոչարյանն առաջիններից մեկն էր, որ հայտարարեց առանձին ընտրությունների գնալու մասին` դրանով փլուզելով հանրային մեծ պահանջ ունեցող «միասնական ընդիմության» գաղափարը: Հաջորդը, դաշինքը փորձելու է հիմնական քարոզարշավը կառուցել «քոչարյանական ժամանակների ձեռքբերումների» գաղափարի վրա: «Թեկնածուներից ոչ մեկը պետական կառավարման, անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսագիտության եւ բիզնեսի ոլորտներում այնքան փորձ չունի, որքան ես»,– հայտարարեց Քոչարյանը: «տարեկան 45 հազար աշխատատեղ», «բարձր կենսամակարդակ» եւ այդպես շարունակ: Միայն թե սա այն է, ինչ առաջարկում են մյուս բոլորը` նույնիսկ ավելի ճոխ թվերով: Մինչդեռ այն իրավիճակը, որի շուրջ հանրային համախմբումը նախորդ ընտրություններին գեներացվեց Քոչարյանի շուրջ, ակնհայտորեն չկա: Այդ համախմբումը կգեներացվի Սամվել Կարապետյանի՞, մեկ այլ թեկնածուի՞ շուրջ, կտեսնենք: Բայց հաստատ` ոչ Քոչարյանի: Իսկ առանց դրա պետք է պայքարել ընդամենը անցողիկության շեմի համար, որը, ինչպես էն գլխից էր սպասվում, նեգատիվ գործընթացներ է սկսում եւ դեռ կխորացնի թիմի ներսում` ովքեր են ներկա կազմից դուրս մնալու խորհրդարանից թեմայի շուրջ:
Հաշվի առնելով նաեւ, որ եթե հիմա անգամ Տեր-Պետրոսյանն է խոսում Ռուսաստան–Վրաստան–Իրան ուղղությամբ «պատմական բարեկամությունից»` դրանից բխող ակնարկով հանդերձ, ապա Քոչարյանի մոտ դեռ միայն վերջերս «Թրամփի ուղուն» Հայաստանի համար շահավետ տեսք տալու գաղափարն էր գերիշխում: Իսկ «Թրամփի ուղի» ասվածը, ինչ սոուսով էլ, որ հրամցվի, մեկ է, անընդունելի է մնում ինչպես Իրանի, այնպես էլ` Ռուսաստանի համար:
Ու սա այն դեպքում, երբ, ակնհայտորեն հայաստանյան ընտրությունների հետագա ընթացքը շատ բանով կախված է մնում Իրանում ընթացող պատերազմից, այն է` աշխարհաքաղաքական գործընթացներից: Ընդ որում, ինչպես հուշում է ժամանակակից փորձը, «երկու աթոռի վրա խաղալու» տարբերակի դեպքում, սովորաբար, հարված է գալիս միանգամից երկու կողմից:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

