Իմպիչմենտն ընտրությունների հետ կապ չունի. Էդգար Ղազարյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ, որն իմպիչմենտով Փաշինյանին օր առաջ հեռացնելու ջահակիրներից էր, սակայն հայտարարել է, որ միանում է գործարար Սամվել Կարապետյանի նախընտրական թիմին:
— Ինչպես արդեն հայտարարել եք, Դուք միացել եք Սամվել Կարապետյանի նախընտրական թիմին: Ինչո՞ւ հանգեցիք նման որոշման:
— Քանի որ 2020 թվականից ես Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի առաջնագծում եմ եղել եւ հնարավոր աջակցություն ցուցաբերել եմ այդ իշխանության դեմ պայքարի բոլոր նախաձեռնություններին, այս պահին ես տեսնում եմ ռեալ հնարավորություն հաջողության հասնելու համար «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի նախաձեռնության մեջ:
— Հանրային հեռուստատեսության հարցազրույցավար Պետրոս Ղազարյանը գրառում է կատարել եւ անդրադարձել Ձեր որոշմանը, թե՝ «Մնում է մի բան պարզել՝ Կարապետյանենք միանում են Էդգարի իմպիչմենտին եւ հայտարարում են, որ ընտրություններով բան փոխել չի լինի, եւ ճիշտը իմպիչմենտն է, թե՞ Էդգարն ընդունում է ,որ իմպիչմենտը ախմախ գաղափար է եւ գնում է հերթական ընտրությունների»: Ի՞նչ կասեք այս մասին:
— Պետրոս Ղազարյանը փորձում է իմ կյանքում գտնել մի իրադարձություն, որը կարող է պատճառ հանդիսանալ, որ «Ղազարյան VS Ղազայան» նախագիծն ընդհատվի: Այդ իր բազմաթիվ տառասխալներով գրված գրառմանը ես հումորով եմ արձագանքել, քանի որ մեր նախաձեռնությունը շարունակվելու է: Նա այդ իմաստով հանգիստ չի ունենալու: Նա հերթական անգամ այդ գրառման մեջ ցույց է տվել իր գիտելիքների ցածր եւ առհասարակ քաղաքական պատկերացումների մակարդակը:
Ինչ վերաբերում է իմպիչմենտին, դա Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը չէ: Դա Սահմանադրությամբ ամրագրված ինստիտուտ է, որի կապակցությամբ նախաձեռնություն են ցուցաբերել Ազգային ժողովի պատգամավորները: Ընդ որում՝ երկու առանձին նախաձեռնություն: Ես հույս ունեմ, որ պատգամավորները մինչեւ հունիսի 7-ը հաջողություն կունենան Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում: Հակառակ դեպքում՝ Սամվել Կարապետյանը դա կանի հունիսի 7-ին:
— Այնուհանդերձ, Դուք իմպիչմենտի գաղափարն առաջ տանելուն ու նրա իրականացմանն այլեւս ունենալո՞ւ եք մասնակցություն:
— Ես կարծում եմ, որ այդ գործընթացը պետք է շարունակել, դրան մեծ թափ հաղորդել, դրա հնարավորությունները հիմա շատ ավելի մեծ են: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում 69 պատգամավորից 29-ն արդեն գիտեն, որ իրենք հաջորդ ԱԺ-ի գումարմանը չեն լինելու: Մեզ պետք էր ՔՊ-ից ընդամենը 20 պատգամավորի ձայն, որպեսզի միանան այդ նախաձեռնությանը, եւ այն հաջողություն ունենա: Կարծում եմ՝ հիմա լավագույն շրջանն է այդ ուղղությամբ հնարավոր ջանքեր գործադրելու, աշխատելու համար: Սակայն դա կարող են անել միայն Ազգային ժողովի պատգամավորները՝ այդ նախաձեռնության իրական հեղինակներն ու համահեղինակները: Մեծ հույս ունեմ, որ իրենք կշարունակեն իրենց ջանքերը եւ կհասնեն հաջողության: Դա ընտրությունների հետ կապ չունի: Ես դրան կարող եմ մասնակցել այնքանով, ինչքանով նրանք՝ պատգամավորները, իմ` որպես քաղաքացու, կարիքը կունենան մասնակցության մեջ ներգավելու առումով: Սիրով կմասնակցեմ: Կրկնում եմ՝ դա ընտրությունների հետ ոչ մի կապ չունեցող գործընթաց է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

