ԹՐԻՓՓ-ն իսկզբանե բլեֆ էր. Վազգեն Պետրոսյան
Տեսանյութեր«Հայաստանի ժողովրդային շարժում» հայրենասիական հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր բաց քննարկում՝ «Իրան-ԱՄՆ հակամարտությունը եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները» թեմայով, որի շրջանակում զեկույցներով հանդես եկան ինչպես հայաստանյան, այնպես էլ իրանցի փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Անդրադառնալով քննարկված թեմային՝ «Իրավունք»-ը զրուցել է «Հայաստանի ժողովրդային շարժում» ՀԿ համակարգող, թուրքագետ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։ Մասնավորապես՝ հետաքրքրվելով Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված հրթիռների մասին հաղորդումներին, որոնց մի մասը, ըստ թուրքական պաշտոնական տվյալների, խոցվել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Միեւնույն ժամանակ, Իրանը պաշտոնապես հերքում է նման հարվածների իրագործումը՝ դրանք որակելով հնարավոր սադրանք։ Տարածաշրջանում լարվածությունն աճել է նաեւ Նախիջեւանի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպերից հետո, ինչի ֆոնին տարբեր դերակատարների արձագանքները հակասական են։
«ԹՈՒՐՔԻԱ-ԻՍՐԱՅԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՍՐՈՒՄ ՉԿԱ»
— Հաշվի առնելով վերոնշյալ հակասական տեղեկությունները՝ ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի ներկայիս վարքագիծը․ արդյո՞ք Անկարան կարող է ռազմական կամ այլ գործողությունների դիմել Իրանի դեմ՝ հատկապես Նախիջեւանի շուրջ զարգացումների, ինչպես նաեւ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների սրման պայմաններում:
— Նախ եւ առաջ գանք այն հանգամանքից, որ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների խորքային սրում չկա։ Առերեւույթ ցույց են տալիս այդ սրումը, մինչդեռ ապագա համաշխարհային համակարգում Միացյալ Նահանգների երկու հիմնասյուները տարածաշրջանում լինելու են Իսրայելն ու Թուրքիան։ Այդ իսկ պատճառով այդ երկու պետությունները չեն կարող իրար հետ ունենալ ռազմավարական հակասություններ։ Նրանք ունեն ընդհանուր շահեր եւ ընդհանուր գործողություն՝ ընդհանուր ծրագրի ներքո։
Դժբախտաբար, մեր որոշ քաղաքական մեկնաբաններ եւ ռազմական փորձագետներ փորձում են տուրք տալ նմանատիպ նարատիվներին, թե Թուրքիա-Իսրայել հակասություններ կան, բայց իրականում դրանք չկան։ Այդ նարատիվի հիմնական նպատակն այն է, որ ապագա համաշխարհային համակարգում Թուրքիային տրամադրվի տեղ եւ դեր՝ իսլամական աշխարհն առաջնորդելու համար։
Գալով արձակված երեք հրթիռներին, որոնք Իրանի կողմից ուղղված էին դեպի ՆԱՏՕ-ի երկու ռազմաբազաները, որոնք գտնվում են Թուրքիայում, ասեմ, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ եթե եւս մեկ անգամ Իրանը հրթիռային հարձակում իրականացնի թուրքական տարածքի վրա, Թուրքիան փոխելու է իր դիրքորոշումն Իրանի նկատմամբ եւ այդ կերպ է մոտենալու։
Դրանից մոտ մեկ ժամ հետո արդեն Իրանը արձակեց հրթիռ՝ ցույց տալով, որ իրեն չի հետաքրքրում Թուրքիայի ռազմաքաղաքական մոտեցումները եւ արտահայտած մտքերը, քանի որ Իրանը հստակ ունի իր ծրագիրը, իր շահերը եւ, բացի այդ, ունի հստակ ռազմավարություն այս պատերազմի մեջ։
— Հետեւապես, պարոն Պետրոսյան, արդյո՞ք Թուրքիան կմտնի այս պատերազմի մեջ։
— Մի քիչ դժվար է ասել՝ այո, բայց, այնուամենայնիվ, չպետք է բացառել, քանի որ քաղաքականությունը բացառություններ չի սիրում։ Պարզապես այստեղ ուժերի եւ ռազմավարական խորության խնդիրն է․արդյոք ունի՞ Թուրքիան նման ռազմավարական խորություն եւ ռեսուրս՝ պատերազմելու Իրանի հետ, թե՞ ոչ։
Անշուշտ, Միացյալ Նահանգները փորձում է ներկա դրությամբ համախմբել տարբեր ընդդիմադիր ռազմականացված խմբավորումներ՝ ինչպես քրդական, այնպես էլ որոշ թուրքական, որոշ արաբական եւ բելուջական խմբավորումներ, եւ դրանց ակտիվացմամբ Իրանում առաջացնել ներքին ռազմական խժդժություն, որի հիման վրա կարողանա իշխանափոխություն իրականացնել։ Բայց քանի դեռ ժողովուրդը գտնվում է հրապարակում եւ պաշտպանում է իշխանություններին, այդ քայլը, կարծում եմ, բավականին բարդ է։ Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները, երբ Իրանում տեղի են ունենում ցույցեր, զուգահեռ ռմբակոծություններով փորձում է վախ ներշնչել ժողովրդի մեջ, որպեսզի մարդիկ փողոցներից վերադառնան տուն, իսկ իրենք կարողանան իրականացնել իրենց երկրորդ ծրագիրը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում երկու ԱԹՍ-ի հարձակմանը Նախիջեւանի վրա եւ հետո Ադրբեջանի հոխորտանքներին, դա ուղղակի ցուցադրություն էր, եւ կապ չունի, թե ով է դա իրականացրել՝ Ադրբեջանը, թե Իրանից գործող քրդական խմբավորումները կամ հենց Իրանը։ Արդյունքը նույնն էր։ Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքը խոցելի պետություն է եւ ցանկություն չունի միջամտել որեւէ ցամաքային պատերազմի։ Այդ իսկ պատճառով դրանից հետո նա ուղարկեց հումանիտար օգնություն եւ հայտարարեց ամբողջ աշխարհին, որ պատրաստ չէ մտնել ցամաքային պատերազմի մեջ, բայց իր վեց ռազմաբազաները, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում եւ տրամադրված են Իսրայելին ու Միացյալ Նահանգներին, պատրաստ են ծառայել նրանց գործողություններին։
— Չնայած դրան՝ նրանք ամեն անգամ շեշտում են, որ իրենց տարածքը պլացդարմ չեն թույլ տա դառնա՝ իրանական պատերազմի համար…
— Գիտեք, քաղաքականության մեջ սովորաբար մի բան ասում են, մեկ այլ բան անում, երրորդ բան ստանում եւ խոսում են չորրորդի մասին, որպեսզի երբեք չիմանան, թե իրականում ինչ են ցանկացել։
«ԱՄՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ»
— Իսկ Իրանում տեղի ունեցողի ֆոնին՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում ԹՐԻՓՓ-ին՝ «Թրամփի ուղուն»։
— Նախ եւ առաջ ԹՐԻՓՓ-ն ի սկզբանե բլեֆ էր։ Այն չէր կարող իրականություն դառնալ, եւ դա քաղաքական բլեֆ էր Միացյալ Նահանգների կողմից, որպեսզի հետագայում Հարավային Կովկասը դարձնի առեւտրի առարկա Ռուսաստանի հետ։
Նոր համաշխարհային համակարգում շատ կարեւոր են ուժերի դասավորվածությունները, ուժերի բալանսները: Եվ այդ ուժերը գիտեն, թե ինչ է նշանակում մեկը մյուսի տարածք մտնելը։ Ռուսաստանն ու Չինաստանը տարիներ շարունակ, օգտվելով Միացյալ Նահանգների թուլությունից եւ անուշադրությունից, ներթափանցել էին Կենտրոնական եւ Հարավային Ամերիկա, իսկ Միացյալ Նահանգներն ուժի կիրառմամբ ձերբակալեց Մադուրոյին եւ այժմ փորձում է այդ տարածաշրջանից դուրս մղել ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Չինաստանին։
Այն, ինչ մենք տեսնում ենք համաշխարհային համակարգի առերեւույթ պատկերում եւ էկրաններին, զգալիորեն տարբերվում է այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում խորքում։ Սովորաբար խոշոր պետությունները միմյանց հետ հարաբերություններ ունեն, քանի որ դրանց սառեցումը կամ խզումը կարող է բերել համաշխարհային պատերազմի։ Իսկ քանի որ այդպիսի պատերազմի առաջին տուժողները հենց իրենք են լինելու, նրանք մշտապես պահպանում են երկխոսությունը։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ուժերի վերջնական դասավորվածությունից հետո, ինչպես նաեւ Իրան-ԱՄՆ հնարավոր պատերազմի ավարտից կախված, կա՛մ Միացյալ Նահանգները միանգամից դուրս կգա տարածաշրջանից, եւ ԹՐԻՓՓ-ի հարցը կփակվի, կա՛մ դա տեղի կունենա որոշ ժամանակ անց։
Այսօր Միացյալ Նահանգների համար ամենակարեւոր հարցն այն է, որ կարողանա ունենալ հնազանդ պետություն Իրանում, որպեսզի այդ պետությունը նավթ եւ այլ էներգակիրներ չմատակարարի Չինաստանին եւ Չինաստանը՝ որպես ապագա մրցակից, չկարողանա դիմակայել ամերիկյան ճնշումներին։
— Այդպիսի հայտարարություններ էլ էին հնչում, որ սա ոչ թե Միացյալ Նահանգների, Իրանի եւ Իսրայելի պատերազմ է, այլ անուղղակի պատերազմ՝ Չինաստանի դեմ։
— Միանշանակ այդպես է։ Մենք տեսնում ենք, որ Չինաստանը փաստացի մասնակցում է պատերազմին՝ տեղեկատվական դաշտում։ Նրանք շուրջօրյա ռեժիմով հրապարակում են այն վայրերը, որտեղ կուտակված են Միացյալ Նահանգների զինուժերը, ինչպես նաեւ այն կետերը, որոնք ռմբակոծում է Իրանը՝ տրամադրելով արբանյակային ճշգրիտ տվյալներ բաց աղբյուրներով։ Այդ տեղեկատվությունը թույլ է տալիս Իրանի կողմին ճշգրտել հարվածների թիրախները։
— Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, եթե դիտարկենք նման սցենար, որ որոշի պատասխանել իրանական ԱԹՍ-ներին, արդյո՞ք դաշինքից աջակցություն կստանա։
— Միանշանակ կստանա։ Այսօր ՆԱՏՕ-ի համար շատ կարեւոր է իր տեղը ապագա համաշխարհային համակարգում։ Եվրոպական միությունը ներկայումս շարժվում է դեպի թուլացում՝ տնտեսական խոր ճգնաժամի եւ ռազմական սպառվածության պատճառով։ Այն իր ռեսուրսների մեծ մասը ծախսել է Ուկրաինայում Ռուսաստանի դեմ, եւ այժմ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ավելացնել այդ աջակցությունը, քանի որ կենտրոնանում է նոր համաշխարհային համակարգի ձեւավորման վրա եւ իր ռեսուրսները փորձում է խնայել Չինաստանի հետ հնարավոր բախման համար։ Այդ բախումը կարող է տեղի ունենալ թե՛ Թայվանում, թե՛ այլ տարածաշրջանում, սակայն այն, ըստ ամենայնի, անխուսափելի է։ Հավանական է, որ այն կարող է տեղի ունենալ մոտ ապագայում՝ 2027–2028 թվականներին, քանի որ Չինաստանը շատ արագ է զարգանում եւ տեխնոլոգիական առումով մեծ առաջընթաց է գրանցում, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

