«ՄԻՆՉ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՆ ՀԱՂԹԵԼԸ, ՀԱՂԹԵԼ ԷԻ ՆԱԵՎ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԼԵՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍպորտՄարտի 9-15-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում կայացել է Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Մեր ըմբիշները նվաճել են 4 մեդալ 1 ոսկե, 3 բրոնզե։ Երկրորդ տարին անընդմեջ չեմպիոնի կոչմանն է արժանացել Լևիկ Միքայելյանը։Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Արման Հարությունյանը 57 կգ, Դավիթ Մարգարյանը 70 կգ և Խաչատուր Խաչատրյանը 125 կգ։
Iravunk. com -ի մարզական լրագրողը բացառիկ զրույց է ունեցել ոսկե մեդալակիր, Մ23 տարեկանների Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն, Արտաշատի «Ռազմիկ Գոլեցյանի» անվան մարզադպրոցի սան, ծնունդով Վեդիից ԼԵՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Լևիկ, երկրորդ տարին անընդմեջ եզրափակչում ադրբեջանցի մրցակցին հաղթելու և Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։ Ինչպիսի զգացողություններ առաջացան այդ պահին։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 61 կգ քաշային կարգում։ Մեկնարկային գոտեմարտում 4։1 հաշվով հաղթեցի Մոլդովայի ներկայացուցչին, ապա 1։1 հաշվով պարտության մատնեցի բուլղարացի ըմբիշին։ Կիսաեզրափակչում 10։3 հաշվով հաղթեցի թուրք մրցակցիս, եզրափակչում էլ 2։1 հաշվով ադրբեջանցի մրցակցիս Ջեյհուն Ալլահվերդիևին, որին անցած տարի ևս հաղթել էի։ Ամենաբարդ գոտեմարտը եզրափակչում էր, լարվածությունը շատ էր, որովհետև երկրորդ տարին անընդմեջ նույն ադրբեջանցի մրցակցի հետ էի հանդիպել։ Բայց կարևորը կարողացա ճիշտ մարտավարության շնորհիվ հասնել ամենաբարձր կետին։ Հաղթանակից հետո շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան ինձ մոտ, քանի որ մինչ ադրբեջանցուն հաղթելը, հաղթել էի նաև թուրք մրցակցիս։ Ինձ համար շատ մեծ պատիվ էր հաղթել նրանց ու ծածանել մեր եռագույն դրոշը, հիմնը հնչեցնել։
- Ինչ տվեց քեզ այս հաղթանակը։
- Ավելի մեծ վստահություն, որպեսզի Աշխարհի առաջնությանը ևս կարողանամ հաջող հանդես գալ։
- Ում ես նվիրում հաղթանակդ։
- Իմ հայ ազգին, Հայոց բանակում ծառայող բոլոր զինվորներին, մաղթելով անփորձանք ծառայություն։
- Շնորհակալություն, Լևիկ, բացառիկ զրույցի համար։ Քեզ մաղթում ենք նորանոր հաղթանակներ հետագա մրցաշարերի ժամանակ։
- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

