«Խազեր» մրցանակաբաշխության շուրջ «խազոցի» է սկսվել

Շոու բիզնես

Հայկական շոուբիզնեսը հերթական անգամ ապացուցում է, որ ոչ թե առողջ մրցակցության, այլ մանր ինտրիգների ու թայֆայականության հարթակ է, ինչը գնալով ավելի ու ավելի է հեռվանում մշակույթից:

Երկրորդ տարին անընդմեջ անցկացվելիք «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը դեռ չի հասցրել մեկնարկել, բայց արդեն հասցրել է սկանդալի կենտրոնում հայտնվել։

Հիշեցնենք, որ առաջին մրցանակաբաշխությունը 2025 թվականին տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ համախմբելով տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստների։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կողմից եւ հաճախ արդեն հասցրել է ստանալ «Հայկական Գրեմմի» ոչ պաշտոնական անվանումը: Սակայն եթե աշխարհում նման մրցանակաբաշխություններն ընդունվում են որպես մասնագիտական գնահատական եւ մրցակցության խթան, ապա Հայաստանում դրանք հաճախ վերածվում են անձնական վիրավորանքների ու բոյկոտների պատմության։

Ինչից սկսվեց աղմուկը. «Խազեր»-ի կանոնակարգի համաձայն՝ արտիստները կարող են մրցանակաբաշխությանը մասնակցել երկու ճանապարհով․ կա՛մ ինքնուրույն հայտ ներկայացնելով,  կա՛մ երկրպագուների քվեարկության արդյունքում հայտնվելով «լոնգլիստում»։ Եթե որեւէ արտիստ հավաքում է ավելի քան 100 երկրպագուի ձայն, նա ավտոմատ կերպով հայտնվում է մասնակցության ցուցակում։ Դրանից հետո արդեն ակադեմիայի խորհրդի անդամները ձեւավորում են «շորթլիստը», որից հետո՝ որոշում վերջնական հաղթողներին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՍՏՂԱՅԻՆԸ ՏԱՐԱԾ ՉԱՍՏՂԵՐԻ ՊԱԿԱՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ

Սակայն հենց այստեղ էլ սկսվեց «խազոցին»։ Մի շարք երգիչներ սոցիալական ցանցերում հայտարարեցին, թե իրենց անունները հայտնվել են տարբեր անվանակարգերում՝ առանց իրենց իմացության եւ առանց հայտ ներկայացնելու։ Ոմանք նույնիսկ հրապարակավ հրաժարվեցին մասնակցությունից։ Այդ թվում՝ երգչուհի Իվետա Մուկուչյանը, Brunette-ը: Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հայտարարել է, որ դուրս է գալիս երաժշտական ակադեմիայի կազմից՝ մրցանակաբաշխության շուրջ ստեղծված իրավիճակից հետո։ Սոցիալական ցանցերում մրցանակաբաշխությանը քննադատել կամ բոյկոտին աջակցել են նաեւ՝ երգիչ Արամեն եւ այլք:

Առաջին հայացքից թվում է՝ հարցը սկզբունքային է։ Բայց իրականում ամբողջ պատմությունը ավելի շատ հիշեցնում է հայկական շոուբիզնեսին բնորոշ հին սինդրոմը՝ «չեն կանչում՝ նեղանում են, կանչում են՝ վիրավորվում»։

Արտիստները հաճախ սիրում են խոսել իրենց երկրպագուների մասին, սակայն նույն երկրպագուների ձայներով առաջադրվելը, պարզվում է՝ միշտ չէ, որ հաճելի է։ Եթե մարդիկ իրենց քվեներով որեւէ արտիստի առաջադրում են մրցանակաբաշխության, ապա դա, առնվազն, վկայում է տվյալ արտիստի պահանջվածության մասին։ Բայց որոշ հայ աստղերի համար նույնիսկ այդ փաստը չի դառնում մասնակցելու շարժառիթ։ Թերեւս պատճառը պարզ է՝ մրցակցությունը միշտ էլ ռիսկ է։ Իսկ եթե հանկարծ չհաղթես, արդեն դժվար կլինի պահպանել «անվիճելի աստղի» կերպարը։ Իսկ Հայաստանում աստղայինը տարած չաստղերի պակաս երբեք չի եղել:

ՈՐՆ Է ՈՐՈՇ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՑԱՅՏՆՈՏԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Այս իրավիճակում, անկեղծ ասած, դժվար է հասկանալ՝ կազմակերպիչներն ինչ պետք է անեն։ Եթե չառաջադրեն արտիստներին՝ կասեն, թե անտեսվել են։ Եթե առաջադրեն՝ կհայտարարվի բոյկոտ։ Ավելին, որոշ գրառումների տոնն այնքան նման է իրար, որ նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ դրանք գրվել են նույն ձեռքով։ Կուլիսներում արդեն շրջանառվում է տեսակետ, թե այս ամենը կարող է լինել նաեւ մեդիա կամ ներոլորտային ազդեցությունների արդյունք։ Չի բացառվում նաեւ, որ որոշ շրջանակների համար պարզապես շահավետ չէ նման անկախ մրցանակաբաշխության կայացումը։ Չէ որ մի շարք երգիչ-երգչուհիներ ապրում են իշխանության քարոզչամեքենա դարձած Հանրային հեռուստատեսության իրականությունում եւ այն, ինչ դրանից դուրս է, իրենք մեխանիկորեն դեմ են դուրս գալիս: Բայց որ ասես՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին ի՞նչ կասես, էլ իրենք ո՛չ աստղ են, ո՛չ դեմք, ո՛չ էլ հանրությանն ասելիք ունեն: Ավելին՝ պարզվում է՝ որ նրանք ոչ միայն չեն զբաղվում քաղաքականությամբ, այլ նաեւ հոգեւորի հետ կապ չունեն, հիմա էլ արդեն՝ մշակույթի…

Ի դեպ, թեմային արձագանքել է նաեւ պրոդյուսեր եւ քաղաքական գործիչ Ռուբեն Մխիթարյանը։ Նա բավական կոշտ ձեւակերպմամբ գրել է, որ այն ժամանակները, երբ մի քանի մարդ կարող էին որոշել, թե ով է ոլորտի լավագույնը, արդեն անցել են։ Ըստ նրա՝ այսօր որոշողը հանդիսատեսն է՝ իր դիտումով, իր քվեով եւ ամենակարեւորը՝ համերգի գնած տոմսով։ Իսկ այն արտիստները, որոնք առաջ են գնում միայն «թայֆայական» աջակցությամբ, վաղ թե ուշ բախվում են իրականության հետ։

Ինչպես նշում է Մխիթարյանը, «Խազեր»-ի անվանումը վերցված է հայ միջնադարյան նոտագրական համակարգից՝ խազերից, որոնք հայկական երաժշտական մշակույթի կարեւոր խորհրդանիշներից են։ Սակայն մրցանակաբաշխության շուրջ ստեղծված իրավիճակը կարծես ավելի շատ բացահայտում է ոչ թե մշակութային արժեքները, այլ հայկական շոուբիզնեսի հոգեբանական առանձնահատկությունները։

Եվ այս պատմությունից հետո մնում է մեկ հարց. եթե մրցանակաբաշխությունը չի կազմակերպվում իշխանությունների կողմից եւ չունի «պաշտոնական» հովանավորություն, արդյոք հենց դա չէ որոշ արտիստների առանց ադեկվատ պատճառաբանության ցայտնոտի իրական պատճառը։ Մի բան ակնհայտ է․ «Խազեր»-ը դեռ չի սկսվել, բայց արդեն դարձել է հայկական շոուբիզնեսի ամենաբարձր նոտայով հնչող սկանդալներից մեկը։ Իսկ թե մրցանակաբաշխության բուն օրը որքան «խազ» կավելանա այս պատմությանը, պարզ կլինի արդեն շուտով։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում