«Запах улиц еревана, После дождя, Я иду на сердце рана»
ՆերքաղաքականՁյունը հալվեց ու տակից դուրս եկան..., չէ, սխալ չհասկանաք, տակից դուրս եկան մեծ փոսեր, որոնք այդպես էլ չեն փակվում: Այս ամիսների ընթացքում, ականատես եղանք զավեշտ հիշեցնող տեսարանների, երբ քաղաքացիները հող էին լցնում փոսերի մեջ, իբր ժամանակավոր լուծումներ տալու համար: Զավեշտ, երբ երկու օր քաղաքապետարանը որոշում է փոսալցմամբ զբաղվել ու դրանով իր միսիան համարում ավարտված:
Զավեշտ, երբ ամեն տարի քաղաքացուց ահռելի գումարներ են վերցնում մեքենաների գույքահարկի եւ բնապահպանման քողի տակ, սակայն ոչինչ չի արվում սպասարկման որակը բարելավվելու առումով: Զավեշտ է, որ այդ փոսերի պատճառով առաջանում են անանցանելի խցանումներ, երթեւեկության կանոնների խիստ խախտումներ, վթարներ եւ այլն: Խորը փոսեր նկատելի են մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում։ Իսկ ի՞նչ է անում դրա համար քաղաքապետարանը՝ ոչ մի բան: Ավինյան Տիգրանը փոխարեն լուծի գերծանրացած խնդիրը, քաղաքապետարանում անհասկանալի ցուցահանդեսներ է կազմակերպում, կանանց տոնի առթիվ միջոցառումներ անում եւ այդ ամենը ներկայացնում իբրեւ մեծ գործ:
Այս ամենը խոսում է միայն ու միայն քաղաքապետարանում փող լվանալու, կոռուպցիայի զարգացման մասին: Հակառակ դեպքում, խնդիրը լուծված կլիներ եւ վերահսկողություն կսահմանվեր տենդեր շահած անձանց նկատմամբ: Վերջին հաշվով, դեռեւս չկա մի անձ, մի կազմակերպություն՝ սկսած տենդերներից վերջացրած վերահսկողներով, որ պատասխանատվության ենթարկված կլինի քաղաքում տիրող խայտառակ իրավիճակի համար: Հարց է ծագում՝ իրավապահիներին բնավ չի հուզում իրենց մեքենաների, քաղաքացիների անվտանգության եւ ի վերջո իրենց հարկերի շնորհիվ չկատարվածը:
Մաղթում ենք Ավինյանին եւ քաղաքապետարանում նստած ու իրենց ավագանի համարող մեծամասնությանը, որ գիշերով երթեւեկեն Երեւանի փողոցներով, որտեղ մեծ փոսերը բացարձակ չեն երեւում, ու երգեն.
«Запах улиц еревана, После дождя, Я иду на сердце рана» ...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

