Առաջիկա համագումարում ամեն բան պարզ կլինի. Նարե Արամյան
ՆերքաղաքականԵրեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ դեռ դեկտեմբերին հայտարարեց «Նոր ուժ» կուսակցությամբ 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին, այլեւս ունի իր նախընտրական ցուցակի առաջին 30 անունները: Թե ովքեր են ցուցակում ներկայացված եւ ինչ ծրագրով է Մարությանը մասնակցելու ընտրություններին, «Իրավունք»-ը պարզեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ զրույցում:
— Տիկին Արամյան, ինչպես գիտենք, Դուք հանդիսանում եք Հայկ Մարությանի թիմակիցը եւ հետեւապես կցանկանայինք ճշտել՝ «Նոր ուժ» կուսակցության նախընտրական ցուցակում Դուք կա՞ք:
— Ենթադրում եմ, որ կլինեմ, ուղղակի, այդ ամենը պարզ կլինի առաջիկա համագումարում, որը կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում: Բնականաբար, ընտրություններին մասնկացելու հայտարարությունից հետո՝ թեման պետք է շարունակվեր, եւ հաջորդ քայլը պետք է լիներ ցուցակների կազմման հարցը:
— Ինպե՞ս եք գնահատում Հայկ Մարությանի շանսերը, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ հիմնական պայքարը մղվում է ընդամենը մի քանի ուժերի միջեւ:
— Ես չեմ գնահատում ինչ-որ մեկի հնարավորություններն ու առաջիկա կարողությունները՝ Ազգային ժողովում հայտվելու հարցում: Ես գնահատում եմ մարդկանց կարողություններն՝ ըստ պայքարի, ունակության պատրաստակամության եւ անհրաժեշտության: Իսկ պայքարել պետք է միշտ, հատկապես երբ դու գտնվում ես հասարակական, քաղաքական դաշտում:
— Իսկ նախընտրական դաշինք կամ հետընտրական կոալիցիայի տարբերակ «Նոր ուժ»-ը քննարկե՞լ է:
— Ընդհանրապես մենք այդպիսի խնդիրներ, բնականաբար, դիտարկում ենք, ինչպես դա անում են բոլորը: Այդ հարցը քննարկվելու է առաջկա համագումարում: Ոչինչ բացառել չեմ կարող:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

